Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդաբերության նպաստի անվան տակ

Մարտ 24,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ, դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը, նրա ընկերը՝ նույն հարկային տեսչությունում հաշվառված «Համլետ Նարինե» ՍՊ ընկերության տնօրեն Մ. Բադալյանը, եւ Հ. Արիստակեսյանի ծանոթ Ս. Մկրտչյանը (հղի) նախնական համաձայնությամբ, պետական բյուջեից խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս՝ 2008թ. մայիսի 1-ին վերոնշյալ ՍՊԸ-ում ձեւականորեն ձեւակերպել են որպես փոխտնօրեն: 2008թ. հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին Նաիրիի տարածքային հարկային տեսչություն են ներկայացրել հաշվետվություններ, որտեղ փաստացի նրան չվճարված միջին ամսական աշխատավարձի՝ 297 122 դրամի վերաբերյալ ներառել են կեղծ տվյալներ եւ այդկերպ հափշտակել խոշոր չափերի հասնող 1 368 300 դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ:

Հ. Արիստակեսյանը թաքցրել է «Համլետ Նարինե» ՍՊ ընկերության կողմից տարածքային հարկային տեսչություն ներկայացված կեղծ տվյալները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու: 2010 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից արդեն իսկ հարուցվել է 3 քրեական գործ՝ նշված մեխանիզմով պետությունից առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքերի առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել