«Եթե մեկ տնտեսվարող սուբյեկտի ոտնահարված իրավունքը վերականգնվում է, ապա մնացած գործարարներն էլ պետք է փորձեն պաշտպանել իրենց իրավունքները: Հաջողված դատական գործերը հրապարակային ներկայացնելը մարդկանց գիտակցության վրա որոշակի ազդեցություն է թողնում»,- նման կարծիք հայտնեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Երեկ ամփոփվեցին «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի արդյունքները, որին մասնակցում էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ծրագրի շրջանակներում լուսաբանվել են այնպիսի դատական գործեր, որոնց արդյունքում վերականգնվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ պետական մարմինների կողմից ոտնահարված իրավունքները: Ծրագրի ընթացքում կոռուպցիայի դեմ առավել ակտիվ պայքարած 4 լրատվամիջոցի՝ «Ա1+» էլեկտրոնային թերթ, «Արմենպրես» լրատվական գործակալություն, հ2 հեռուստաընկերություն եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողները ստացան մրցանակներ: Նշենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացվում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ: