Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտանիքի հենասյունը պետք է առողջ լինի

Մարտ 24,2010 00:00

Եթե ցանկանում եք երեխա ունենալ, մինչեւ հղիանալը հետազոտվեք մասնագետների մոտ

Հայ կանայք այնքան էլ ուշադիր չեն իրենց առողջության նկատմամբ, դա գուցե նրանից է, որ տարված են առօրյա հոգսերով, այնքան նվիրված են իրենց ընտանիքին, որ սեփական առողջությանը ժամանակ չեն կարողանում հատկացնել: Յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ ինքն է ընտանիքի հենասյունը, նաեւ իրենից են կախված մեր ազգի վերարտադրողականության ցուցանիշները: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Լեւոն Դալլաքյանը: Նա կոչ է անում հայ կանանց՝ կարեւորեն իրենց առողջությունը, քանի որ դա է իրենց ընտանիքի պահպանման գրավականը. «Դա կօգնի նրանց զերծ մնալ տհաճ անակնկալներից եւ բարդություններից: Նրանք նվազագույնը 6 ամիսը մեկ անգամ պետք է բուժզննում անցնեն: Ուշադիր լինեն իրենց անձնական հիգիենայի նկատմամբ: Հաճախակի լվացվեն, օճառների ոչ բոլոր տեսակներն օգտագործեն, քանի որ դրանցից շատերի բաղադրությունը նախատեսված չէ ինտիմ լվացումների համար եւ հնարավոր է միկրոֆլորան վնասեն»:

Մենք պարոն Դալլաքյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ավելացել կեսարյան հատումներով ծննդաբերությունները: «Շատացել է մեծահասակ առաջնածինների թիվը, դրանք 35 տարեկանից բարձր տարիք ունեցող ծննդկաններն են: Ավելացել են նախկինում կեսարյան հատումով ծննդաբերություն ունեցողների՝ 2-րդ անգամ ծննդաբերությունները: Ընդհանրապես, կեսարյան հատում անելու ցուցումներն են. պտղի մեծ լինելը՝ 4.5 կիլոգրամից ավելի, մանավանդ, եթե կինն ունի նեղ կոնք, արգանդի վրա սպիի, արգանդի պլաստիկ վիրահատությունների առկայությունը: Կա կանանց որոշակի խումբ, որոնք, վախ ունենալով ծննդաբերությունից, նախընտրում են կեսարյան հատումով երեխա ունենալ, իհարկե, մեր ծննդատանը խորհուրդ ենք տալիս նրանց ծննդաբերել բնական ճանապարհով: Ես միանշանակ գտնում եմ, որ եթե կինը չունի ցուցումներ, շատ ավելի ճիշտ եւ կարեւոր է, որ ծննդաբերի բնական ճանապարհով, քանի որ ավելի շուտ են վերականգնվում ծննդաբերությունից հետո: Լինում է նաեւ, որ կինը ցուցումներ ունենալով է ցանկանում բնական ճանապարհով ծննդաբերել, այդ ժամանակ էլ ենք մենք նրա հետ բացատրական աշխատանքներ տանում»,- ասաց բժիշկը:

Մեր այն հարցին էլ, թե ներկայիս ծննդաբերողների մոտ առաջացող բարդությունները հետեւանք են այն բանի, որ մութ ու ցուրտ տարիների՞ն են ապրել, նա պատասխանեց. «Շատ են այդ մասին խոսում, սակայն ես այնքան էլ դրան համաձայն չեմ: Այդ բարդությունները նախկինում էլ են եղել»: Ապագա ծնողներին էլ խորհուրդ տվեց՝ նախքան հղիանալը առաջին հերթին լինել պատասխանատու երեխայի եւ սեփական անձի նկատմամբ. «Բացի այդ, խորհրդակցել բժիշկ-գինեկոլոգի հետ: Եթե կան պրոբլեմներ, դրանք բուժեն, նոր միայն հղիանան, դրանով նրանք իրենց զերծ կպահեն հղիության ընթացքում սպառնացող վտանգներից: Պարտադիր է նաեւ ամուսնու հետազոտությունը համապատասխան մասնագետի մոտ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել