Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ԴԻԱԳՆՈՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մարտ 24,2010 00:00

\"\"Մեղավորը բուժկենտրոնի տնօրինությո՞ւնն է, թե՝ աշխատակիցները

Մի քանի օր է՝ Գյումրիի դիագնոստիկ կենտրոնում լարված իրավիճակ է. վիճաբանող կողմերը գրեթե ամեն օր «հյուր» են Գյումրիի 3 հեռուստաալիքներին: Բանն այն է, որ ուրբաթ օրը 4 բժիշկի, 3 բուժքրոջ եւ գրանցման բաժնից 1 հոգու ծանուցման թերթիկներ են հաձնվել առ այն, որ ապրիլի 1-ին լրանում է նրանց աշխատանքային պայմանագրի ժամկետը: Սա, նշյալ անձանց կարծիքով, ակնարկ է հիմնարկի նորանշանակ տնօրեն Վազգեն Մահտեսյանի կողմից, որ իրենցից ազատվելու է: Բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անժելա Գրիշիկյանի համոզմամբ, ծանուցումներ են տրվել՝ ելնելով անձնական «անտիսիմպատիայից»: Մեզ հետ զրույցում բժշկուհի Գրիշիկյանն ասաց. «Ես արդեն 11 տարի աշխատում եմ այս հիմնարկում, մենք ունեցել ենք 2 տնօրեն, բոլորի հետ միշտ նորմալ հարաբերություններ են եղել: 3 օր առաջ գալիս ենք աշխատանքի, ծանուցում են տալիս, թե ապրիլի 1-ից տնօրենը մեզ հետ պայմանագիր չի կնքում, ժողով չի հայտարարում, ոչինչ անձամբ չի ասում, տալիս է կադրերի բաժնի տեսուչին՝ Կարինե Թամիրյանին, որն էլ հայտարարում է, թե հետ նայեք, տեսեք ինչ ճանապարհով եք անցել, ինչո՞ւ դուք տնօրեն Մահտեսյանին չեք պաշտպանել: Եթե պատճառաբանում են, թե մեր կաբինետը աշխատում է վնասով, եկեք ստուգենք բոլոր կաբինետները, կա կաբինետ, որի բժիշկը աշխատում է 2 տեղ, այստեղ ներկայանում է 1 ժամ, գալիս է իր ընդմիջման ժամին: Կա կոլեգա, որն աշխատում է 3 տեղ, էստեղ ներկայանում է միայն 1 ժամ, էդ ինչպե՞ս եղավ, որ նրանք օգուտով աշխատեցին, մեր կաբինետը՝ վնասով»:

Տիկին Գրիշիկյանին նաեւ անհայտ է մնացել այն, թե ճգնաժամի պայմաններում ինչպե՞ս կարելի է «մեռած հոգիներ» պահել, օրինակ, 2 պահակ՝ Ստեփանյան Աշոտին եւ Վարդանյան Գեւորգին, որոնց երեսն իրենք չեն տեսել: «Ինձ նախկին տնօրենն ասել է, որ էս հիմնարկում պահակը 100 000 դրամ աշխատավարձ է ստանում, բայց նույն պահակը ըստ երեւույթին ստանում է նաեւ ուրիշի աշխատավարձը, պահակն էլ մեր գլխավոր հաշվապահի ամուսինն է: Բայց չի կարելի՞ «մեռած հոգիներ» պահելու փոխարեն, 100 000 դրամը 3 բուժքույրերի միջեւ բաշխել ու նրանց չկրճատել: Մեր տնտեսավարն էլ՝ Սիմոնը, միաժամանակ աշխատում է եւ պահակ, եւ սպորտդպրոցում մարզիչ: Այսինքն՝ նրանց կարելի՞ է: Ես հարցնում եմ՝ ինչո՞վ է վնասով աշխատում իմ կաբինետը, երբ անցած ամիս մուծել է մոտավորապես 360 000 դրամ: Եթե սա սեփական հիմնարկ է, դա չի նշանակում, թե էստեղ մինչեւ վերջ կարելի է ոտնահարել մարդու իրավունքերը»,- զայրացել էր բժշկուհին:

Բողոքավորները դժգոհեցին նաեւ կենտրոնի հաշվապահ Գոհար Մխիթարյանից, որը, ըստ նրանց, դե ֆակտո տնօրենն է: Որպեսզի ավելի հասկանալի լինի վեճի թեման, տեղեկացնենք, որ «Դիագնոստիկա» բժշկական միավորում «Կումայրի» Բ/Կ մասնաճյուղը մասնավոր հիմունքներով ստեղծվել է Սարո Ծատուրյանի կողմից, որը առողջապահության նախկին նախարար Հայկ Նիկողոսյանի աներորդին է: Գյումրիի դիագնոստիկայի հաշվապահ Գոհար Մխիթարյանն էլ սեփականատիրոջ՝ Սարո Ծատուրյանի մորաքրոջ դուստրն է: Ըստ բողոքավորների, հաշվապահն ամեն վայրկյան կրկնում է. «Իմ ախպոր հիմնարկն է, ինչ կուզեմ՝ կանեմ»:

37 տարվա բուժքույր Զոյա Առաքելյանն էլ դժգոհեց, որ թեեւ ինքը այս հիմնարկում իր մասնաբաժինն ուներ, բայց իր բաժնետոմսերը ստիպողաբար ձեռքից վերցրել են, հիմա էլ իրեն գլխավոր հաշվապահի կազմակերպած ինտրիգների պատճառով դուրս են անում: «Առավոտը» պարզաբանումներ ստացավ «Դիագնոստիկայի» «Կումայրի» մասնաճյուղի 4 ամսվա տնօրեն Վ. Մահտեսյանից եւ գլխավոր հաշվապահ Գոհար Մխիթարյանից: Պարոն Մահտեսյանն ասաց. «Իրենք վաղուց գիտեին, որ այստեղ կրճատումներ են լինելու, նրանց այս մասին անձամբ սեփականատերն է զգուշացրել՝ ասելով՝ մտածեք ձեր մասին, հիմնարկին օգուտ չեք բերում, վնասով եք աշխատում: Ես եւս 3 մեծ ժողով եմ անցկացրել, նույնիսկ առանձին հանդիպումներ եմ ունեցել բուժքույրերի ու բժիշկների հետ, ու ասել եմ՝ լավ իմացեք, կրճատումներ են լինելու, իսկ դրա մեղքը ձեր վզին է: Ասեմ, որ 20 տարի այստեղ ոչ մի կրճատում չի եղել, բայց միշտ մյուս կաբինետները պահել ենք 2-3 կաբինետների հաշվին, այսինքն՝ աշխատող ու եկամուտ ապահովող եղել են միայն 2-3-ը՝ սոնոգրաֆիան, ռենտգենը, սրտաբանականը: Ես իրենց հետ որեւէ անձնական խնդիր չունեմ, եթե ունենայի՝ տնօրեն դառնալու առաջին պահից նրանց կհեռացնեի, ոչ թե 4 ամիս անց: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ գինեկոլոգիական կաբինետը 360 000 դրամ եկամուտ է տվել, դա իրականությանը չի համապատասխանում, խոսելով չէ, կան թվեր, փաստեր: Օրինակ, եթե վերցնենք 2009թ. ծախսերն ու եկամուտները, գինեկոլոգիական կաբինետի մուտքը եղել է 825 500 դրամ, ծախսերը՝ 1 111 402 դրամ, որից միայն աշխատավարձը` 1 061 702 դրամ»:

Գլխավոր հաշվապահն իր հասցեին հնչեցրած քննադատություններին պատասխանեց փաստաթղթերով: Նա ցույց տվեց պահակների աշխատավարձը. միջինը կազմում էր 50 000 դրամ, նաեւ ներկայացրեց թվեր գինեկոլոգիական բաժնի փետրվար ամսվա ծախսերից ու եկամուտներից. մուտքը կազմում էր 96000 դրամ, ծախսերը՝ 153 000 դրամ: Այսինքն՝ ըստ հաշվապահի ներկայացրածի, կաբինետն աշխատել է մոտ 57000 դրամ վնասով: Հաշվապահի ասելով՝ սեփականատերը ցանկացել է կրճատումներ անել դեռեւս նախորդ տնօրենի՝ Լյովա Հարությունյանի օրոք: Իսկ այժմ հարցը շատ խիստ է դրված, եթե հիմնարկը եկամուտ չապահովի, ապա սեփականատերը Գյումրիի մասնաճյուղը կփակի: Մենք Վ. Մահտեսյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն հեռացնում նաեւ եկամուտ չապահովող մյուս կադրերին՝ գաստրոէնդերոլոգին, մորֆոլոգին, նեյրոֆիզիոլոգին: Նա պատասխանեց, որ դիագնոստիկ կենտրոնը չի կարող գործել առանց այդ մասնագետների, մորֆոլոգիան, էնդոսկոպիան, նեյրոֆիզիոլոգիան դիագնոստիկ հետազոտության մեթոդներ են, թեկուզ այս կաբինետները վնասով աշխատեն, իրենք պարտավոր են դրանք պահել: Նշենք, որ կրճատման ենթակա աշխատակիցները պատրաստվում են իրենց իրավունքները բողոքարկել դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել