Մեր օրերում ոչ միայն ամոթ է սեփական դոմեյնի փոստային ծառայություն չունենալը, այլեւ՝ վտանգավոր
«Աշխարհում ընդունված է, որ յուրաքանչյուր կազմակերպության աշխատակից ունենա իր կազմակերպության անունով էլեկտրոնային փոստ: Սակայն Հայաստանում, նաեւ մեդիայի բնագավառում, կան շատերը, որոնք չունեն եւ օգտվում են տարատեսակ այլ փոստերից: Անվտանգությունից ելնելով՝ ճիշտ է, երբ e-mail-ը կազմակերպության հոսթինգի, սերվերի վրա է, հակառակ դեպքում, օգտվելով տարատեսակ փոստերից, չի բացառվում, որ ինֆորմացիա փոխանակելիս, օրինակ՝ լրատվական կայքը, որը գաղտնի եւ լուրջ տեղեկատվություն է պարունակում, անվտանգ չլինի»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց X-tech ընկերության տնօրեն Արման Աթոյանը: Նա անհասկանալի է համարում, որ հայկական բազմաթիվ կազմակերպություններ դեռեւս օգտվում են այլ ընկերությունների էլեկտրոնային փոստերից, քանի որ, ըստ նրա, սեփական դոմեյն ունենալը Հայաստանում թանկ հաճույք չէ, ընկերությունը դոմեյնի համար տարեկան վճարում է 13200 դրամ: Իսկ թե որքանո՞վ են անվտանգ եւ վստահելի ընկերությունների փոստերը, փորձեցինք իմանալ նաեւ ոլորտի այլ մասնագետների կարծիքը:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը այս մասին նշեց. «Այստեղ կա ե՛ւ մարկետինգային, ե՛ւ անվտանգության կոմպոնենտ, նաեւ ներքին բիզնես մենեջմենթի կանոններ: Եթե նայենք մարկետինգի տեսակետից, օրինակ՝ որեւէ բանկից գալիս է գումարային հաշվետվություն gmail-ի կամ mail.ru-ի հասցեով, բնականաբար չես վստահի այդ ընկերությանը»: Մեր զրուցակիցը գտնում է, որ այլ փոստերից օգտվելիս նաեւ ռիսկեր կան, որովհետեւ փոխանցվող տեղեկատվությունը հասանելի է դառնում նաեւ այլոց. «Հեղինակավոր ընկերությունների փոստերում գրանցվելիս կնքվում է պայմանագիր, որտեղ բոլոր պայմաններն ու ռիսկերը նկարագրվում են, ցավոք՝ մեզանում ոչ ոք ուշադիր չի հետեւում դրանց, այլ, առանց կարդալու, next-երով առաջ է գնում: Բազմաթիվ են դեպքերը, երբ mail-երը հակերների թիրախ են դառնում»: Գ. Բարսեղյանը գտնում է, որ ավելի լավ է ունենալ սեփականը՝ գրագետ արված: Հետաքրքրվեցինք՝ հայկական կայքերն ու էլեկտրոնային փոստարկղերը որքանո՞վ են անվտանգ: «Մայքրոսոֆտի» տնօրենը պատասխանեց. «Այնքանով են անվտանգ, ինչքանով գրագետ են արվում: ԱՄՆ-ում կամ արեւմտյան երկրներում դրանք ավելի բարձր մակարդակով են պաշտպանված, որովհետեւ ավելի լուրջ ուշադրություն է դարձվում ցանկացած բիզնեսի՝ տուրիստական, լրատվական կամ բանկային տեղեկույթին, որովհետեւ դա ինֆորմացիա է, որը չպետք է դուրս գա ընկերության շրջանակից: Ցավոք, մեր երկրում գրագետ արված չէ, ոլորտին համապատասխան ուշադրություն չի դարձվում, կան այնպիսիք, որոնք պաշտպանված չեն, գաղտնաբառերը պարզ են եւ այլն»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այլ էլեկտրոնային փոստերից օգտվելու դեպքում անվտանգության առումով կասկածներ չունի, սակայն կարծում է, որ սեփական դոմեյն անուն ունենալը նախեւառաջ կորպորատիվ մշակույթի խնդիր է. «Կարեւոր չէ՝ մամուլ է, թե այլ ընկերություն, սեփական էլեկտրոնային փոստը հանդիսանում է առաջխաղացման կարեւոր գործիք: Երբեմն լուրջ հիմնարկից ստանում ես փոստ՝ օրինակ՝ [email protected] կամ [email protected], որն անընդունելի է, չէ՞ որ կազմակերպության նկատմամբ վերաբերմունք է ձեւավորում: Կորպորատիվ փոստն իր տեղն ունի, անձնականը՝ իր»: