Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ՎԱՎԵՐԱՑՆԻ

Մարտ 24,2010 00:00

\"\"Համոզված է նաեւ թուրք քաղաքական գործիչը

Վերջին 24 ամիսներին Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական արտախորհրդարանական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը արդեն հինգերորդ անգամ Հայաստանում է: Այս վիճակագրությունը երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ինքը՝ Թոքերը, շեշտելու համար, թե ինքը որքան է ցանկանում իր ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Թուրք գործչի խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ նա Հայաստան է գալիս հատկապես այն ժամանակ, երբ այդ հարաբերությունների կարգավորման համար դժվարին փուլ է լինում, եւ իր այցը Երեւան նա անհրաժեշտ է համարում մեր երկրից երկկողմ հարաբերություններին ուղղված որոշակի դրական լիցքեր Թուրքիա տանելու համար: Թերեւս այս վերջին այցն էլ հենց այդպիսի նպատակ է հետապնդում՝ նկատի ունենալով վերջին շրջանում Թուրքիայից եւ Հայաստանից հնչող փոխադարձ մեղադրանքներն ու մասնավորապես նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից արվող, մեղմ ասած, տարակուսանք առաջացնող հայտարարությունները: Դրանցից վերջինը, հիշեցնենք, վերաբերում էր Թուրքիայում ապրող հայաստանցի միգրանտներին երկրից վտարելու մասին «հաթաթային»: Ջեմ Թոքերը երեկ հայտարարեց, թե Թուրքիայում ինչպես շատերը, ինքն էլ է դատապարտում Էրդողանի հայտարարությունը: Ավելին, նա դա ռասիզմի դրսեւորում համարեց. «Թուրքական մամուլում ես որեւէ հոդված չեմ կարդացել, որտեղ այդ հայտարարությունը քննադատության ենթարկված չլիներ: Նույնիսկ կառավարամոտ ԶԼՄ-ներն են քննադատել Էրդողանին այդ հայտարարության համար: Եթե կառավարությունը նույնիսկ որոշեր նման քաղաքականություն իրականացնել՝ թուրք ժողովուրդը, հասարակությունն ինքը դրան խստորեն կընդդիմանար»:

Համարելով, որ կողք կողքի ապրող թուրք եւ հայ ժողովուրդները արժանի չեն այն վիճակին, որն այսօր առկա է երկու երկրների հարաբերություններում, որը չի բխում ո՛չ հայ եւ ո՛չ էլ թուրք ժողովուրդների շահերից, թուրք կուսակցապետը նկատեց, թե դրա պատճառը երկու ժողովուրդների միջեւ առկա փոխադարձ անվստահությունն ու այն կարծրատիպերն են, որոնք ձեւավորվել են տարիների ընթացքում: Թոքերն իր անձնական օրինակը բերելով՝ շեշտեց, թե հայերի մասին հիշատակումներ ինքն ու իր սերնդակիցները մանկուց ի վեր լսել են միայն ASALA-ի գործունեության եւ աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում, եւ հավելեց, թե հենց այդ պատճառով է, որ ինքը կարեւորում է երկու ժողովուրդների միջեւ միմյանց մասին ստեղծված կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտությունը: Նրա ասելով, հայերի նկատմամբ թուրքական հասարակության տրամադրությունները շատ դեպքերում կանխորոշում է նաեւ ադրբեջանական լոբբիի գործունեությունը Թուրքիայում, որը չափազանց հզոր է: Նա այդ համատեքստում անգամ զուգահեռներ անցկացրեց Թուրքիայում ադրբեջանական եւ, օրինակ՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի միջեւ: Ու քանի որ թուրք գործչի ասելով, Թուրքիայում տեղի են ունենում համեմատաբար ազատ ընտրություններ, ու քաղաքական գործիչներն էլ կախված են իրենց ընտրողներից, հետեւաբար՝ ադրբեջանական գործոնը Թուրքիայում պակաս կարեւոր դեր չի խաղում, ինչպես հայկական գործոնը՝ ԱՄՆ-ում կամ այլուր:

Թոքերը դրանով փորձեց բացատրել այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան շաղկապում է ԼՂ հարցի հետ: Ավելի ուշ նաեւ կարծիք հայտնեց, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումը իրար կապելը նպատակահարմար չէ: Նրա դիտարկմամբ, ճիշտ կլիներ, եթե Թուրքիան կարգավորեր իր հարաբերությունները Հայաստանի հետ, որի դեպքում նա ավելի մեծ լծակներ կունենա Երեւանի եւ Բաքվի նկատմամբ՝ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, ապա Թոքերը դրանց ապագան «չթաղելով» հանդերձ՝ ասաց, թե Թուրքիան մոտ ապագայում հակված չէ եւ դրանք չի վավերացնի, որովհետեւ թուրքական իշխանությունները դրան խոչընդոտող երեք հանգամանք են տեսնում՝ ղարաբաղյան խնդիրը, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստերը: Թոքերի ասելով, այս վերջին հանգամանքի առկայությունը մեծապես դժվարացնում է հայ-թուրքական մերձեցման օգտին փաստարկներ բերելը: Ավելին, նրա համոզմամբ, Ցեղասպանության ճանաչումն այլ երկրների կողմից առաջին հերթին վնասում է ոչ թե թուրք, այլ հենց հայ ժողովրդին, որն ապրում է փակ սահմանների պայմաններում: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրք գործչի ասելով, փակ սահման ունենալը նրան այնքան էլ չի խանգարում, որովհետեւ այդ երկիրը հիմա այլեւս այնքան էլ մտահոգված չէ ԵՄ անդամ լինելու հարցով։ Եթե հավատանք Ջեմ Թոքերին, ապա թուրք հասարակության շրջանում ԵՄ-ի վարկանիշն անկում է ապրել՝ 80 տոկոսից հասնելով 30-ի: Նրա կարծիքով՝ առավել ճիշտ կլիներ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջազգային միջամտությանը դիմելու փոխարեն կողմերն իրենք սկսեին մերձեցման գործընթացը, կոտրեին կարծրատիպերը, սկսեին զրուցել միմյանց հետ ու հասկանալ իրար: Դրանից հետո մերձեցման գործընթացը, Թոքերի համոզմամբ, հեշտ կընթանար: Հենց այդ պատճառով նա սխալ է համարում նաեւ գերտերությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արհեստականորեն արագացնելու փորձերը, որոնք կարող են առանց փոխադարձ վստահության անհրաժեշտ պայմանների առկայության անպտուղ լինել եւ նույնիսկ սրել իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել