«Մեր գնահատմամբ՝ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է՝ չնայած նրան, որ նաեւ մեր կողմից առաջադրվել էին հակաճգնաժամային քայլեր, լուծումներ, եւ կառավարությունը դրանք ընդունեց։ Այդուհանդերձ, այդ ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլեր մենք չտեսանք»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անդրադառնալով այն փաստին, որ լրանում է կոալիցիոն հուշագրի ստորագրման 2 տարին՝ ասաց. «Այդ հուշագրի մեջ ամրագրված էին 22 առաջնահերթություններ, եւ, մեր գնահատմամբ, կառավարությունն այսօր չի առաջնորդվում այդ 22 առաջնահերթություններով ամրագրված, առնվազն, սոցիալ-տնտեսական ուղենիշներով: Մեր գնահատականն այն է, որ կառավարությունն էապես շեղվել է այդ առաջնահերթություններից: Տարօրինակն այն է, որ այսօր կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը հրապարակավ չեն հրաժարվել այդ առաջնահերթություններից եւ միեւնույն ժամանակ՝ չեն էլ փորձել հաշվետվություն ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ է կատարվել եւ ինչ չի կատարվել»: Ըստ նրա՝ Հայաստանն այսօր «կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առաջ: Եվ դրա գլխավոր ախտանիշն այն է, որ հիմնախնդիրները աճում են անհամեմատ ավելի արագ, քան լուծվում են՝ հանգեցնելով չլուծված խնդիրների անընդհատ կուտակման»: «Առավոտի» հարցին՝ ՀՅԴ-ն բավարարվելո՞ւ է միայն այս գնահատականներով, թե՞ հնարավոր է, որ պահանջի կառավարության հրաժարականը, անվստահություն հայտնելու փորձ անի՝ պրն Ռուստամյանը պատասխանեց. «Միայն գնահատականներով չենք սահմանափակվելու: Մենք հայտարարել էինք, որ ստեղծել ենք առանձին աշխատանքային խումբ՝ գազի գների, ընդհանրապես՝ թանկացումների եւ դրա սոցիալական հետեւանքների հետ կապված: Խումբն արդեն իր աշխատանքներն ամփոփել է»: Դրա հիման վրա կառավարությանը կներկայացվի հարցապնդում, որի վերաբերյալ քննարկումը մտադիր են անցկացնել առանձին նիստով: Սակայն անվստահություն չեն հայտնի. «Այդպիսի որոշում դեռ Դաշնակցությունը չունի: Մենք կնախապատրաստենք մեր բոլոր այդ քայլերը եւ հիմնավորումներն ունենալուց հետո՝ համապատասխան քայլերի կդիմենք»: