«Ղարաբաղյան խնդրում մենք չունենք լուրջ էսկալացիա: Այն պրոցեսները, որոնք այսօր գնում են ղարաբաղյան կարգավորման բնագավառում, նման են այն բոլոր իրավիճակներին, որոնք մեկ սրվում են, մեկ մեղմանում վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում: Ցանկացած պետության ցանկացած կառավարություն միշտ այդ հարցով զբաղվում է, եւ այսօր մեր պետության վարքագիծը դրանից մեծ տարբերություն չունի, ուղղակի, երբ տեղի ունեցավ վրաց-ռուսական կոնֆլիկտը, մեկ-երկու շաբաթվա ընթացքում մենք ավելի սուր զգացինք այդ կոմունիկացիաների պակասի հետ կապված խնդիրները: Այդ խնդիրներին նորովի նայվեց»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Անդրադառնալով հայ միգրանտների մասին Թուրքիայի վարչապետի աղմկահարույց հայտարարություններին՝ երեկ մամուլի ասուլիսում նա հայտարարել է. «Այնպիսի փորձառու քաղաքական գործիչ, ինչպիսին Էրդողանն է, կորցնում է իրեն եւ թույլ է տալիս չմտածված հայտարարություններ, ինչն էլ մեր արտաքին քաղաքական նպատակների մեջ է՝ կամ Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները, կամ պետք է ցույց տա իր իրական դեմքը»: