Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ

Մարտ 24,2010 00:00

«Հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին ոչ մի խոսք չկա: Այնտեղ խոսք է գնում միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մասին, որն էլ բաղկացած է լինելու յոթ ենթահանձնաժողովներից»,- panorama. am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, նշեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցի ընթացքում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, դրանց կարգավորմանն ուղղված արձանագրությունների ու Հայոց ցեղասպանության մասին՝ ասել էր. «Այդ համաձայնագրերից մեկը նախատեսում է ստեղծել պատմական հանձնաժողով, որը կզբաղվի անցյալին վերաբերող բոլոր հարցերով: Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, եթե երկու պետություն, երկու ազգ կենտրոնանում են այս ամենի վրա: Ես բազմիցս ասել եմ, որ մենք չենք կարող փոխել մեզ բաժին հասած անցյալը, մենք կարող ենք միայն հասնել ավելի լավ ապագայի»: «Հայկական կողմը երբեք չի քննարկի Հայոց ցեղասպանության եղելության փաստը: Մենք ընդամենը կարող ենք քննարկել ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրները, խոսքը սրա մասին է: Պետք է ուղղակի շատ հստակ խոսել»,- ուղղելով տիկին Քլինթոնին` հավելեց Շարմազանովը:

Նույն հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նկատել էր, թե հիշյալ հանձնաժողովը ստեղծման փուլում է: Ըստ հայ խորհրդարանականի, հանձնաժողովը չի կարող ստեղծվել այս փուլում, քանի որ ըստ ընթացակարգի, այն կարող է գործել միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից ու դրանց՝ ուժի մեջ մտնելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել