Դեմկուսը չի ցանկանում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ նախագահների վերադարձը
«Այս փուլում փորձել ցանկություն ունենալ արտահերթ ընտրությունների՝ Դաշնակցությունը կամ որեւէ այլ կուսակցություն պետք է շատ համոզված լինի, որ միայնակ կարող է հաղթահարել բոլոր խնդիրները»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում, ի հեճուկս ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի այն հայտարարության, որ միայն արտահերթ ընտրությունները կսրբագրեն իշխանությունների սխալները, ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ձախ դաշտի կոնսոլիդացիայի անհրաժեշտությանն էլ՝ Արամ Գասպարիչը հարգարժան մարքսիստին հիշեցնում է, որ դեռ երկու ամիս առաջ Դեմկուսը նման նախաձեռնություն է ցուցաբերել: Ավելին, այժմ արդեն այդ առիթով ձախ գաղափարախոսությամբ կուսակցությունների հետ կոնսուլտացիաներ են վարում. «Պատրաստ ենք նաեւ համագործակցել ՀՅԴ-ի հետ, որի հետ այս տարիների ընթացքում լավ հարաբերություններ ենք ունեցել, նոր ձեւավորվող հնչակյան կուսակցության հետ՝ խոսքն այն թեւի մասին է, որը Վահան Շիրխանյանն է ներկայացնում եւ այլն»: Դեմկուսը շատ է ցանկանում, որ ձախ գաղափարախոսությունն օր առաջ դառնա իշխանության գաղափարախոսություն, որպես ոչ խորհրդարանական կուսակցություն էլ շահագրգիռ է բոլոր հնարավորություններն օգտագործել եւ դառնալ պառլամենտական, սակայն այս պահին եւ տեսանելի ապագայում արտահերթ իրավիճակների նախադրյալներ Արամ Գասպարիչը չի տեսնում: Արտահերթ իրավիճակների նախադրյալներից մեկը՝ իշխանական թեւի ներսում սուր քաղաքական ճգնաժամ, ըստ մեր զրուցակցի, առկա չէ: Ինչպես նաեւ առկա չէ հասարակության այն աստիճանի ըմբոստություն, որը կհանգեցնի արտահերթ ընտրությունների՝ չնայած երկրում լուրջ լարվածություն եւ բողոքի ալիք, ըստ մեր զրուցակցի, կառաջանա գների թանկացման համատեքստում: «Այս պարագայում ես արդեն չեմ ուզում կանխագուշակել, որովհետեւ ինձ համար դեռ հասկանալի չէ, թե ժողովրդի արձագանքն ինչպիսին կլինի»,- ասում է Դեմկուսի նախագահը: Բացի այդ, ելնելով արտաքին քաղաքական իրավիճակներից՝ Դեմկուսի նախագահը գտնում է. «Արտահերթ ընտրությունների ժամանակը չի: Եվս մեկ տարի անհրաժեշտ է՝ իրավիճակը սրբագրելու համար: Ոչ համակարգն է փոխվել, ոչ էլ պայմանները. իմաստը ո՞րն է նոր ընտրությունների անցկացման: Այլեւս ձայները փողով չե՞ն գնվելու, ադմինիստրատիվ ռեսուրսը չի՞ օգտագործվելու: Անիմաստ գործողություն է՝ նորից ստեղծել մարտիմեկյան կամ ավելի վատ իրավիճակ: Նախեւառաջ պետք է մտածել այդ ամենը նվազագույնի հասցնելու մասին, որպեսզի կարողանանք համարել, որ ձեւավորվող իշխանությունը լեգիտիմ կլինի»:
Քաղաքական էլիտայում նկատելի եւ օր օրի խորացող հակասությունները, փոխադարձ մեղադրանքները, մեր զրուցակցի կարծիքով, այսպիսի ավարտ կունենան. «Կհասնեն մի եզրագծի, եւ երբ տեսնեն, որ արդեն շատ վտանգավոր է եւ կորցնելու են այն ամենը, ինչ որ ունեն՝ հետ կկանգնեն: Իշխանական բուրգում սկզբունքների ընդհարում ես չեմ տեսնում: Միմյանց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները զուտ մարտավարական բնույթի են, փորձում են մեկը մյուսի ամրությունն ու կարողությունները»: Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասով էլ ասում է. «Նա դեռ գնալիս էր հայտարարել, որ չի ցանկանում լինել ամենաերիտասարդ թոշակառուն: Սակայն նրա վերադարձով կվերադառնան մինչ օրս մեր կողմից բարձրաձայնված բոլոր թերությունները, որոնք կային իր իշխանության օրոք: Ինչքան էլ օբյեկտիվ լինենք եւ դրական բաներն էլ մատնանշենք, միեւնույն է՝ նրա իշխանության օրոք ձեւավորված օլիգարխիկ համակարգը բավարար է, որպեսզի մենք չուզենանք ոչ առաջին, ոչ էլ երկրորդ նախագահների վերադարձը»: