Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՏԻՆԸ ՄՏՆԻ՝ ՈՎ ՆՄԱՆ ԲԱՆ Է ԱՍԵԼ»

Մարտ 24,2010 00:00

Իրավապաշտպանների բուռն վիճաբանությունը հարթելու համար թերեւս կարիք լինի իրավապաշտպանների միջամտության

\"\"

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ իր անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի մարտի 19-ին հրապարակած 11 էջանոց հայտարարության որոշ դրույթներ տեղիք են տվել բուռն անհամաձայնության: «2008թ. մարտին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի չափազանց կիրառման հետեւանքով բախումներ տեղի ունեցան ոստիկանության եւ ընդդիմության միջեւ, որոնք հանգեցրին զանգվածային ձերբակալությունների եւ կալանավորումների։ 10 մարդ զոհվեցին եւ 200 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան բախումների արդյունքում»,- հայտարարության այս տողերը պատճառ դարձան, որ նախապես դրան միացած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարի, թե համաձայն չէ այդ ձեւակերպմանը եւ պնդում է. «Քաղաքացիները սպանվել են ռեժիմի կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում»: Նաեւ նշեց, թե ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի ստացել հայտարարության տեքստը մինչ հրապարակումը: Նրա հայտարարությանը հաղորդագրությամբ արձագանքեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը՝ պնդելով. «Արթուր Սաքունցը զանգահարեց ինձ՝ ներկայացնելով մի քանի առաջարկ եւ նշելով, որ իր կազմակերպությունը միանշանակ միանում է փաստաթղթին՝ անկախ նրանից, թե «իր առաջարկները կընդունվեն, թե ոչ»: Արթուր Սաքունցը սրան ի պատասխան՝ երեկ նոր հաղորդագրություն տարածեց. «Հազար ամոթ, գետինը մտնի՝ ով նման բան է ասել, ով ասել է՝ անկախ նրանից, թե «իր առաջարկները կընդունվեն, թե ոչ»: Նաեւ նշել էր. «Հաստատ իմացեք՝ ես անմեղսունակ պետք է լինեմ երբեւէ համաձայնելու համար, թե 10 քաղաքացիներ բախման հետեւանքով են սպանվել»:

Վեճի առնչությամբ երեկ հաղորդագրություն տարածեց նաեւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ մասնավորապես պնդելով. «Զոհերն ու վիրավորները եղել են ցուցարարների նկատմամբ գործադրված ուժի (տեղ-տեղ ասում են՝ անհամաչափ ուժի) արդյունքում, եւ այդ ուժը գործադրել են իշխանություններն իրենց ենթակա բյուջետային եւ «արտաբյուջետային» ուժերի ձեռամբ: Թե հակառակ կարծիք ունեցողներ կան, գրեք՝ զվարճանանք մի քիչ»: Նրա կարծիքով՝ «Հայտարարությունում առկա ձեւակերպմամբ՝ հեղինակները լիակատար հավասարության են հանգեցնում ցուցարարների եւ նրանց դեմ ելած ուժերի գործողությունները: Այդ դեպքում՝ ներողություն, իրավապաշտպանությունը ո՞րն է. երկու հավասար կողմեր տշել են իրար, ու մեռել է 10 հոգի, 200-ը վիրավորվել է, դո՞ւք ինչու եք խառնվում, պարոնայք, միշտ էլ կարող է այդպես տշեն իրար, մեռնեն, նստեն, վիրավորվեն»: Եվ հարց էր տվել. «Չի՞ եկել հեզաքնքուշ իրավապաշտպանությանը վերջ տալու ժամանակը: Դուք հո հոգեւորական չե՞ք, տղերք: Եթե հեզաքնքուշն էլ մեթոդ է (գուցե եւ ձեր գործում նման մեթոդ էլ կա), վստահաբար իմացեք՝ ո՛չ այստեղ, եւ ո՛չ հիմա: Դուք հո գիտեք, թե ինչ հորում ենք նստած, եւ ինչ են անում փոս փորողներն այդ հայտարարությունների թղթերով»:

Հայտարարությունը ստորագրածներից մեկը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այնուամենայնիվ պնդեց. «Ես այդ ձեւակերպմանը համաձայն եմ: Մենք էլ մեր զեկույցի մեջ նույն ձեւով ենք ներկայացրել, որ գիշերն ուժով ցրեցին խաղաղ ցուցարարների հավաքը, հետագայում ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, եւ տեղի ունեցավ բախում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Սա նորմալ ձեւակերպում է, եւ ես կարծում եմ, որ դա այդպես էլ եղել է»:

Սա այս հայտարարության միակ վիճահարույց ձեւակերպումը չէ: Նաեւ նշված է. «Այսօր բացակայում է հանրության վստահությունը քննություն իրականացնող մարմինների հանդեպ՝ քննության թափանցիկության եւ անկախության բացակայության պատճառով։ Դրա վառ ապացույցն է այն, որ 2008թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի կողմից նշանակված փաստահավաք խումբը լուծարվեց 2009թ. հունիսի 6-ին՝ առանց արժեքավոր ներդրում ունենալու իրականացված քննությանը»: Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն առարկեց այս «առանց արժեքավոր ներդրում ունենալու» արտահայտությանը. «Այդ տեսակետին ես բացարձակապե՛ս համաձայն չեմ: Նման տեսակետ կարող էին հնչեցնել այնպիսի կազմակերպություններ, որոնք անցած 2 տարվա ընթացքում տեղյակ չեն եղել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել, եւ մասնավորապես տեղյակ չեն, թե ինչպիսի գործունեություն է ծավալել փաստահավաք խումբը: Այս տողերը հուշում են, թե նրանք ընդհանրապես ծանոթ չեն մեր ոչ մի զեկույցի: Իսկ մեր խմբի անդամները 4 լրջագույն զեկույց են ներկայացրել հանրությանը եւ միջազգային կառույցներին: Եվ ափսոսում եմ, որ միջազգային իրավապաշտպան կառույցի անվան ներքո այդ զեկույցները չուսումնասիրած կազմակերպությունների կողմից նման տեսակետ է հնչեցվում, երբ այդ զեկույցները տվել են բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք առնչվում են 10 սպանությունների հանգամանքներին: Եվ դա էր պատճառը, որ իշխանություններին, ըստ էության, ոչինչ չէր մնում, քան տարբեր ճանապարհներով ամեն ինչ անել, որ փաստահավաք խումբը չշարունակի իր գործունեությունը եւ բացահայտումները չհասցնի վերջնական հանգրվանին»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այս կապակցությամբ էլ վերահաստատեց իրենց գնահատականը. «Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում փաստահավաք խմբի տարբեր անդամներին, բայց այդ խմբում 2 կողմերի ներկայացուցիչները ոչ թե իրականում փաստահավաքությամբ են զբաղված եղել, այլ իրենց քաղաքական դիրքորոշումներով, այսինքն՝ այն օբյեկտիվ մարմին չի եղել: Իմ կարծիքով, եթե այդ փաստահավաք խումբը նույնիսկ շարունակեր մնալ՝ նրա ներկայացրած փաստերը կոնսենսուսով չէին ընդունվի: Այն վերածվեց քաղաքական մարմնի, այսինքն՝ ոչ այնպիսի մի խմբի, որը նախատեսվում էր ստեղծել Թոմաս Համմարբերգի եւ Եվրոպայի խորհրդի հորդորով»:

Հավելենք, որ Հայաստանի արդարադատության համակարգի աշխատանքի վերաբերյալ մտահոգություններ արտացոլած այս հայտարարության հեղինակները նաեւ ներկայացրել են մի շարք առաջարկներ: Մասնավորապես՝ «Իրականացնել լիարժեք եւ անկախ քննություն 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով 10 մահվան դեպքերի վերաբերյալ», «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին», նախնական կալանքը կիրառել որպես բացառություն, «չօգտագործել դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների միջոցով ստացված ապացույցները քրեական գործերի շրջանակներում», երաշխավորել արդար դատաքննության իրավունքի իրականացումը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ ուղղությամբ, «լիարժեք եւ անկողմնակալ քննություն իրականացնել խոշտանգումների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բոլոր դեպքերի կապակցությամբ, մասնավորապես՝ Լեւոն Գուլյանի, Սաշա Դավթյանի եւ իր դուստրերի, ինչպես նաեւ՝ Արշալույս Հակոբյանի գործերով», վերանայել Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել