Պարզաբանում է տնօրենը
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եկող տարի 80-ամյակն է նշելու: Այն լուրջ դերակատարություն ունի Լոռու մարզի մշակութային կյանքում: Թատրոնի եւ նրա ղեկավարության մասին հանրապետական մամուլում տեղ գտած քննադատությամբ լեցուն հրապարակումները մեզ տարան թատրոն՝ լսելու նաեւ թատրոնի ղեկավարության տեսակետը բարձրացված խնդիրների շուրջ:
Մեզ հետ զրույցը թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը սկսեց ասեկոսեների տեղիք տված հաստիքացուցակի փոփոխությունից. «Թատրոնի բնականոն գործունեությունը չխաթարելու, բեմադրությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտություն առաջացավ խմբի ղեկավարի հաստիքը փոխարինել գեղարվեստական ղեկավարի օգնականի հաստիքով»: Նա հավելեց, որ խմբի ղեկավարը չուներ մասնագիտական կրթություն եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի խնդրանքով նոր պաշտոնում նշանակվեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Նունե Խեչումյանը: «Այսօր շատ թատրոններ (հատկապես՝ մարզային) տառապում են գեղարվեստական ղեկավար չունենալու պատճառով,- համոզված է տնօրենը,- իսկ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, որին անհրաժեշտ էր մասնագիտական կրթություն ունեցող օգնական»:
Թատրոնից բողոքողներն այնքան շատ են, որ տնօրենը արդեն շրջանների է բաժանում բողոքի ալիքները: Վերջին շրջանի բողոքներից նա հիշատակեց թատրոնի երկրորդ կարգի դերասան, այս տարեվերջին 40-ը բոլորող Արմեն Ներսիսյանի եւ նրա մի քանի կողմնակիցների բողոքները: Նախ ասաց, որ Ա. Ներսիսյանի առջեւ թատրոնի դռները բացել է Վ. Շահվերդյանը, որի ուսանողն է եղել նա: «Ի դեպ՝ Ա. Ներսիսյանը թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղն ավարտել է ընդամենը 2008 թ.-ին, այս ընթացքում երբեք աչքի չի ընկել իր կերտած կերպարների հաջողությամբ, մինչդեռ քաղաքի չորս մշակութային օջախներից (Կամերային երգչախումբ, Ս. Աստվածածին եկեղեցու երգչախումբ, «Հորովել» ազգագրական երգի համույթ եւ Պետական դրամատիկական թատրոն) շարունակում է գումար ստանալ: Ինչի համար՝ չգիտեմ: Հուսանք՝ 40-ից հետո մի բան կստացվի»,- հեգնում է տնօրենը: Ըստ նրա՝ Ա. Ներսիսյանի հետ կոնֆլիկտն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս հրաժարվել է Վ. Շահվերդյանի բեմադրության մեջ իրեն վստահված դերից՝ պատճառաբանելով վատառողջ լինելը, սակայն այդպես էլ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել:
Դառնալով Հ. Չախմախչյանին, նշենք, որ նա ավարտել է Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտը, եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մասսայական միջոցառումների հանրահռչակ ռեժիսոր Թումանովի ուսանողը: 2007-ին, հաղթելով ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած Վանաձորի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում եւ 9 մլն դրամ պարտքով ընդունելով թատրոնը, նա մեկ տարում կարողացավ մարել այդ պարտքը, կարգի բերել, իր ասելով, «շատ թույլ խաղացանկը, պայմաններ ստեղծել լավագույն բեմադրությունների համար», ձեռք բերել նոփ-նոր բեմական հագուստ: Թատրոնը մասնակցել է մի շարք հանրապետական փառատոների, ընդունել հյուրախաղեր՝ նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասանախմբին, ունեցել 14 պրեմիերա: Անցյալ տարի թատրոնում բեմադրվել է 103 ներկայացում՝ նախատեսված 100-ի փոխարեն, այդ թվում՝ չորս պրեմիերա: «Ֆինանսական վիճակը աստիճանաբար շտկվեց, այժմ պիեսների հեղինակները, դերասանները նաեւ հոնորարներ են ստանում»,- ուրախությամբ ասում է տնօրենը:
Թատրոնը պետք է 2009-ի նոյեմբերին բեմադրեր Շեքսպիրի «Լիր արքան», որի բեմադրության ուշացումը դարձյալ խոսակցությունների ու հրապարակումների առիթ դարձավ: Տնօրենին խնդրեցինք պարզաբանել նաեւ սա: «2009 թ. նոյեմբերի 15-ին նախատեսված պրեմիերան չկայացավ, քանի որ նախարարությունը բեմադրության համար նախատեսված 4 մլն դրամը տրամադրեց երկու փուլով: Բեմադրությունը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 25-ը, որին էլ խանգարեցին բեմադրիչ Վահե Շահվերդյանի առողջական խնդիրները»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ նոր դիմումով մշակույթի նախարարից խնդրել է ժամանակ տրամադրել մինչեւ այս տարվա մայիսի 5-ը, երբ կվերադառնա առողջական վիճակի պատճառով ԱՄՆ-ում գտնվող Վ. Շահվերդյանը: Հ. Չախմախչյանը նաեւ կտրականապես հերքեց, թե Վ. Շահվերդյանը յուրացրել է բեմադրության համար նախատեսված գումարը՝ մեզ ցույց տալով այն դեկորացիաները, որոնք իրենք ձեռք են բերել հատուկ «Լիր արքայի» բեմադրության համար: Նա չժխտեց, որ որոշ ատրիբուտներ ձեռք են բերել արտերկրից՝ կտրականապես հերքելով դրա՝ բիզնես նպատակով արված լինելը, ինչպես փորձ է արվում ներկայացնել: