Շաբաթ օրը մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը:
Մասնակից ութ ակումբներն արդեն պատրաստ են պայքարին: Իսկ այս օրերին թիմերի գլխավոր մարզիչներն ու ակումբների նախագահները կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն են տալիս լրատվամիջոցներին:
ԶԼՄ-ներին առաջինը հանդիպեցին Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը:
Վարդան Մինասյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ ծրագրված էր՝ կատարվել է, ուստի ինքը գոհ է նախապատրաստական շրջանից: Ավելի մանրամասն անդրադառնալով վերջին՝ իտալական հավաքին, «Փյունիկի» գլխավոր մարզիչն ասաց, որ խաղերի արդյունքներն իր համար էական չէին: «Իտալիայում մեր մրցակիցները 3-րդ լիգայի թիմեր էին, որոնց հետ հանդիպումներում լուրջ խնդիրների չենք բախվել: Կիպրոսյան հավաքի ընթացքում շատ ավելի ուժեղ մրցակիցներ ունեինք: Այստեղ մեզ համար կարեւոր էր նայել, թե նախապատրաստության ընթացքում մեզ ինչ է հաջողվել իրականացնել, ինչը՝ ոչ, եւ հղկել տակտիկական պատրաստվածությունը»,- ասաց Վարդան Մինասյանը: Ի դեպ, Իտալիայում Մինասյանը ներկա է գտնվել «Ռոմայի» մի քանի մարզումների, հանդիպել ու զրուցել թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի ու հռոմեական ակումբի ղեկավարության հետ: «Փյունիկն» ու «Ռոման» համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել: Ինչպես հայտնեց ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը, աչքի ընկնող հայ երեխաները հնարավորություն կունենան սովորել Ֆրանչեսկո Տոտտիի հիմնած ֆուտբոլային ակադեմիայում: Ըստ ամենայնի, «Ռոմա» կգործուղվի «Փյունիկի» դարպասապահների մարզիչը՝ հռոմեական ակումբում մարզումների կազմակերպմանը ծանոթանալու նպատակով: Բացի այդ, ծրագրվում է «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի մարզիչների գործուղումը Իտալիա ու Ֆրանսիա: Ընդ որում, ոչ թե մի քանի օրով, այլ՝ մի քանի շաբաթով, որպեսզի հարստացնեն գիտելիքները: «Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա թիմը, անկախ մրցաշարից ու կազմից, ինչպես միշտ, խաղալու է միայն հաղթանակի համար»,- ասաց Վարդան Մինասյանը:
Մարզիչը միեւնույն ժամանակ նշեց, որ իր գերխնդիրը ոչ թե չեմպիոնությունն է, այլ՝ ֆուտբոլիստ պատրաստելը: Նշենք, սակայն, որ մրցաշրջանում «Փյունիկը» մեկնարկում է պահեստայինների բավական կարճ նստարանով: «Թեպետ պլանավորել էինք մի քանի ֆուտբոլիստներով համալրել կազմը, հաջողվեց ձեռք բերել միայն մեկ դարպասապահ: Սա միակ խնդիրն է, որն այս պահին անհանգստացնում է մեզ»,- ասաց Վարդան Մինասյանը՝ ավելացնելով, որ հիմա թիմում ընդամենը 19 ֆուտբոլիստ է մարզվում, որից 3-ը դարպասապահ է: Ի դեպ, լրագրողներին ներկայացվեց թիմի միակ նորեկ՝ բելառուս դարպասապահ Արթուր Լեսկոն: Վերջինս 5 մրցաշրջան է անցկացրել Մինսկի «Դինամոյում», եւս 2,5 տարի՝ Ուկրաինայի «Կրիվբասում», որտեղ, իր իսկ խոսքերով, չի հաջողվել լիովին իրեն ցուցադրել: Լրագրողներին հայերեն «բարեւ ձեզով» ողջունելուց հետո, դարպասապահն անցավ ռուսերենին ու պատմեց իր ծրագրերի, հայկական ֆուտբոլի մասին պատկերացումների ու Երեւանի մասին: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Երեւանն ինձ դուր է եկել: Այն նման չէ եվրոպական քաղաքներին, իմ սիրելի Մինսկին: Այստեղ քաղաքի յուրաքանչյուր հատվածից հիասքանչ տեսարան է բացվում Արարատ լեռանը: Հայկական ֆուտբոլի մասին ոչինչ չգիտեի՝ մինչ այստեղ գալս: Երբ առաջարկ ստացա, փորփրեցի ինտերնետը ու հասկացա, որ, առաջին տեղից բացի, «Փյունիկի» համար ոչինչ գոյություն չունի: Երեւի թե հենց դա էլ օգնեց կողմնորոշվել: Հայ ֆուտբոլիստներից գիտեմ Ռոման Բերեզովսկուն, քանի որ դարպասապահները հիմնականում միմյանց են ճանաչում, ու Հենրիխ Մխիթարյանին, ով իր ուկրաինական թիմում իսկական առաջատար է»,- ասաց Լեսկոն:
«Միկան» ներկայացրեց նորեկներին
Երեւանի «Միկայի» համար մրցաշրջան 2010-ը պաշտոնապես կմեկնարկի վաղը՝ «Կիլիկիայի» հետ գավաթային հանդիպումով: Իսկ երեկ ակումբը լրագրողներին ներկայացրեց թիմի նորեկներին: Արմեն Ադամյանի թիմին միացել են 4 ֆուտբոլիստներ, որոնցից հայ մարզասերին ծանոթ է պաշտպան Հրայր Մկոյանը: Բացի Մկոյանից, Հայաստանի փոխչեմպիոնի մարզաշապիկը կկրեն լիտվացիներ՝ 26-ամյա դարպասապահ Սաուլիուս Կլեւինսկասը, հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը, որը 29 տարեկան է, ինչպես նաեւ բրազիլացի կիսապաշտպան՝ 23-ամյա Էդիլսոն Աբդալա Ժունիորը: Կլեւինսկասն ու Գրիգալեւիչյուսը Լիտվայի հավաքականի կազմում, համապատասխանաբար, մեկ եւ երկու հանդիպում են անցկացրել: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Հայաստանի առաջնությունում հանդես գալը կօգնի նրանց՝ կրկին ազգային հավաքական հրավեր ստանալու, Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը պատասխանեց. «Կարծում եմ, այնքան էլ կարեւոր չէ, թե որ առաջնությունում ես հանդես գալիս։ Կարեւոր է խաղալ ու լավ մարզավիճակում լինել: Իսկ «Միկայում» հայտնվեցի, քանի որ ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ ու այս ակումբը տալիս է այն ամենը, ինչ ինձ պետք է»:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Միկայից» հեռացել էին փորձառու հինգ ֆուտբոլիստներ՝ Արամ Ոսկանյանը, Արա Հակոբյանը, Մաքսիմ Մորոզովը, Նիկիտա Ֆուրսինն ու Իրակլի Ցանավան: Ասուլիսին ներկա «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ասաց, որ այդ ֆուտբոլիստներից բաժանվելու որոշումը իրենց դժվարությամբ է տրվել: «Դա շատ բարդ որոշում էր, բայց երբ տեսնում ես, որ մարզումների ընթացքում երիտասարդները բոլոր առումներով գերազանցում են նրանց, ապա ստիպված ես գնալ այդ քայլին»,- ասաց Ադամյանը: Ինչ վերաբերում է վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլուն, վերջինս, ըստ Ադամյանի, թիմի հայտացուցակում է, սակայն տրանսֆերի է հանվել: «Եթե լավ առաջարկ ստացվի, ապա նա կլքի ակումբը»,- նշեց մարզիչը:
Ադամյանը խոսեց նաեւ թիմի առջեւ դրված նպատակների մասին: «Ի՞նչ խնդիր կարող է դրվել մի թիմի առջեւ, որը նվաճել է գավաթն ու արժանացել արծաթե պարգեւների: Մենք հարցն այդպես չենք դնում. պետք է պատրաստվել յուրաքանչյուր խաղին եւ ձգտել հաղթանակ տանել»,- ասաց նա:
Խոսելով «Կիլիկիայի» հետ առաջիկա խաղի մասին՝ մարզիչը նշեց, որ գավաթային հանդիպումները միշտ անկանխատեսելի են լինում, առավել եւս, եթե խոսքը մրցաշրջանի առաջին խաղի մասին է: «Ես հնարավորությունները հավասար եմ գնահատում: Որ թիմն առաջինը թոթափի լարվածության բեռը, նա էլ հաջողության կհասնի»,- եզրափակեց Ադամյանը:
«Փյունիկում» մարզվում է 19 ֆուտբոլիստ