Դոնիցետիի գլուխգործոցում այս անգամ փայլեց Գոհար Գասպարյանի սան Արծվիկ Դեմուրչյանը
Հայաստանում Իտալիայի դեսպանատունը տարիներ շարունակ իրականացնում է մշակութային նախագծեր, մասնավորապես՝ հովանավորում է իտալացի կոմպոզիտորների օպերաների բեմադրությունները մեր երկրում:
Հերթական միջոցառումը Ազգային օպերային թատրոնում մարտի 21-ին մեկնարկած իտալական օպերային արվեստի փառատոնն էր, որը, ինչպես հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, կշարունակվի մեկ տարի: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ներկայացրեց Դոնիցետիի գլուխգործոցը՝ «Լուչիա դե Լամերմուրը»՝ ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Միրզոյանի բեմադրությամբ: Հիշյալ օպերան Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել է 1964թ. եւ տեղ գտել խաղացանկում մինչեւ 1970-ականների կեսերը (բեմադրիչ դիրիժոր՝ Սուրեն Չարեքյան, ռեժիսոր Մասսինի): Գլխավոր՝ Լուչիայի դերերգով փայլել է Գոհար Գասպարյանը: Բեմադրության մանրամասն վերլուծությունն ու գնահատականը թողնենք մասնագետներին, սակայն պրոֆեսիոնալ լինել հարկավոր չէ՝ փաստելու համար, որ շուրջ 45 տարի անց նույն դերերգով այս անգամ էլ փայլեց մեծանուն երգչուհու սանը՝ Արծվիկ Դեմուրչյանը: Տպավորիչ էին ներկայացմանն ընդգրկված մյուս մեներգիչները եւս՝ թե վոկալի եւ թե դերասանական խաղի առումով (Սարգիս Աղամալյան, Արամ Օհանյան, Արմեն Մաթոսյան, Արշակ Կուզիկյան, Աննա Այվազյան, Արմեն Զաքյան): Չենք կարող չնշել երգչախմբի եւ նվագախմբի կատարումը, ինչպես նաեւ նկարիչ Զոհրաբ Միրզոյանի եւ հագուստի ձեւավորող Ելենա Միրզոյանի աշխատանքը: Օպերայի ավարտին դահլիճում երկար ժամանակ հիացական բացականչություններ էին, Իտալիայի դեսպանն էլ (նկարում) շտապեց երգչուհի Արծվիկ Դեմուրչյանի դիմահարդարման սենյակ՝ առաջինը շնորհավորելու նրան: Ի դեպ, ավելի վաղ դեսպանը հայտարարեց, որ ներկայացումը նվիրվում է կոնսերվատորիայի 85 եւ օպերային ստուդիայի 30-ամյակին:
Դիտարկմանը՝ կարծես արդեն հնարավոր չէ պատկերացնել մշակութային այս օջախի գործունեությունն առանց ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան աջակցության, ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհ. Հովհաննիսյանը հայտնեց. «Մեր համագործակցությունը սկսվել է 2002թ., որի արդյունքում բեմադրել ենք Պուչինիի «Եռապատումը», «Ծիծեռնակը» եւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը»: Նշեմ, որ մեր հնարավորություններով էլ իրականացրել ենք իտալական չորս օպերաների պրեմիերաներ՝ Դոնիցետիի «Զանգակ», Ռոսինիի «Ամուսնական մուրհակ», Չիմառոզայի «Դիրիժորը» եւ Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»: Ավելացնեմ, որ ունենք նաեւ հայաստանցի հովանավորներ»: Ինչ վերաբերում է մեկ տարի տեւող իտալական օպերային արվեստի փառատոնին, մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջիկայում կներկայանան խաղացանկում եղած օպերաներով. «Փառատոնը կեզրափակվի համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցով, ինչն այս պահին չեմ հայտնի»: