Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Մարտ 23,2010 00:00

Կամ «Ռիչարդ Երրորդն» ու «Հայկական համերգը…»

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը շարունակվում է: Վերջինիս շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց մի քանի ներկայացում, մենք կանդրադառնանք դրանցից երկուսին: Խոսքը դերասան, բեմադրիչ Արամ Հովհաննիսյանի՝ ըստ Շեքսպիրի բեմադրած «Ռիչարդ Երրորդ» եւ ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի «Հայկական համերգը կամ թուրքական ասացվածքը» մոնոներկայացումների մասին է: Վերջինս ստեղծվել է ֆրանսահայ կոմպոզիտոր Ժիրայր Թորիկյանի պիեսի հիման վրա, հենց նա էլ ներկայացման միակ դերակատարն է:
Առաջին մոնոներկայացման «մեղավոր» Արամ Հովհաննիսյանը տաղանդավոր դերասան է, սակայն նրան հանրաճանաչություն են բերել հեռուստասերիալները: Հաճելի էր, որ «Ռիչարդ Երրորդում» սերիալական նրա հերոսներին չտեսանք, ինչը բնորոշ է նրա սերիալային մյուս գործընկերների խաղին: Արամի մոնոներկայացումն իսկապես հետաքրքիր լուծումներ ուներ եւ արված էր ճաշակով: Բայց մի բան խանգարել էր նրան՝ աստղային հիվանդությունը. մոնոներկայացումից մեծամտություն էր «ծորում», եւ հետո այն մի տեսակ ոտքի վրա արված բեմադրության տպավորություն էր թողնում, որտեղ հիմնական «խաղադրույքը» արված էր շնորհքի եւ ոչ թե աշխատասիրության վրա: Այդքանից հետո զարմանալի չէր, որ մոնոներկայացման ժամանակ մի քանի տեխնիկական խնդիրներ ծագեցին, ու չնայած իր հասցեին հնչած «բրավոներին», Արամը չէր կարող չխոստովանել՝ պատճառն այն է, որ ինքը փորձ չի արել: Բայց մի՞թե դա հանդիսատեսի խնդիրն է: Նույնկերպ Արամ Հովհաննիսյանը հաստատ չէր վարվի «դրսի» հանդիսատեսի հետ. օրինակ՝ Լիտվայի թատերական փառատոնից նա անցյալ տարի իր «Համլետի» համար «Գրան պրի» է ստացել: Թերություններով բեմադրության համար լիտվացիները, բնականաբար, բարձրագույն մրցանակ չէին տա:
Դառնալով «Հայկական համերգին», նշենք, որ հեղինակները պիեսի հիմքում դրել են թուրքական հետեւյալ ասացվածքը. «Երբեք հային թույլ մի տուր սկսել, բառերը միշտ ձախողում են նրան»: Պիեսը հայազգի կոմպոզիտորի մասին է, որը առաջիկա համերգին պետք է ներկայացնի Հոմերոսի «Ոդիսականից» ներշնչված իր նոր ստեղծագործությունը: «Անցյալի հետ խաղաղ ապրելու համար՝ պետք է ծիծաղես նրա վրա» կարգախոսով՝ Թորիկյանը փորձել է պատասխանել իրեն հուզող հարցերին, օրինակ՝ ինչպե՞ս է անցյալի ողբերգությունը ազդում մեզ վրա, ի՞նչ կարծիքի ենք մոռանալու, ներելու եւ ուղղվելու մասին եւ այլն: Կարճ ասած, այս ներկայացումը հայ-թուրքական հաշտեցման հերթական կոչն էր:
Մոնոներկայացումը տրագիկոմիկ «ձեւաչափով» էր, կոմպոզիտոր դերասանն էլ վատ չէր խաղում, բայց ինձ ուրիշ բան էր հուզում՝ հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի թեման արդյո՞ք արժեր նման ձեւով մեկնաբանել: Օրեր առաջ Երեւանում կայացած ասուլիսում Սերժ Ավետիքյանը հայտնել էր, թե Սփյուռքում ներկայացումը մեծ ազդեցություն է թողել, բայց որ Թուրքիայում էլ նույն ձեւով կընկալվի, ինքը չէր հավատում:
Ասում է՝ ներկայացումը ցուցադրվել է Ստամբուլում եւ Դիարբեքիրում, 400 հոգի է ներկա եղել, 99%-ը՝ քրդեր, ոմանք էլ մոտեցել-խոստովանել են, թե իսլամացած հայեր են:
Ավետիքյանը հայտարարում է, թե ներկայացումը ուղղված է ոչ միայն հայերին, օրինակ, նրա խոսքով՝ ֆրանսիացիք այս գործին աբստրակտ ձեւով են մոտենում, որովհետեւ չգիտեն շատ բաներ մեր պատմությունից. «Երբ Ոդիսեւսի ճանապարհորդությունը եւ մեր պատմությունը զուգահեռ դրվում են, հեշտ է ըմբռնել, թե ի՛նչ է կատարվել մարդկային ճակատագրի, մեր անցյալի հետ: Պերսոնաժի մեջ կա այնքան խենթություն, որ նա սկսում է քարտեզի վրա բացատրել, թե ի՛նչ էր Հայաստանը եւ ինչ է դարձել»: Ավետիքյանի եւ Թորիկյանի համոզմամբ, իրենք փորձել են օտար հանդիսատեսին ասել, որ ամեն ազգ ունի իր ոդիսականն ու պաթոլոգիան: Ի տարբերություն սփյուռքահայ համայնքների եւ Թուրքիայի, Երեւանում ներկայացումն անցավ գրեթե դատարկ դահլիճում. հավանաբար մարդիկ ծանոթ լինելով Սերժ Ավետիքյանի գեղագիտությանը, ուղղակի չէին եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել