Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԻՐ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ

Մարտ 23,2010 00:00

Չնայած միջազգային հանրության կողմից գործադրվող ուժեղ ճնշումներին՝ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Արեւելյան Երուսաղեմում հրեաների համար նոր բնակավայրերի շինարարության հարցում բացառել է որեւէ  զիջում: BBC-ի մատուցմամբ, այդ հարցում կասկածների տեղ չթողնելու համար Նեթանյահուն այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղած իր նամակում:
Այդպիսի հայտարարություն Իսրայելի վարչապետն արել է երեքշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Վաշինգտոն մեկնելու նախօրեին: Աղբյուրի փոխանցմամբ, Օբամայի հրավերը, ըստ էության, նշանակելու էր, որ ԱՄՆ-ն ուզում է Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենալ: Իսկ դրանք լարվել էին այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին նոր բնակավայրերի շինարարության իրենց ծրագրի մասին, ինչը փակուղի էր մտցրել մերձավորարեւելյան խաղաղ բանակցությունների հնարավորության հարցը:
Նույն օրը Նեթանյահուն հանդիպել է նաեւ երկօրյա այցով Մերձավոր Արեւելքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: «Մեր տեսանկյունից Երուսաղեմում շինարարությունը որեւէ բանով չի տարբերվում Թել-Ավիվում շինարարությունից»,- հայտարարել է Նեթանյահուն՝ միաժամանակ հավելելով, թե  Իսրայելը պատրաստ է ընդլայնել պաղեստինցիների հետ անուղղակի՝ ամերիկացի Միտչելլի միջնորդությամբ բանակցությունների ծրագիրը: Բանակցությունների դիվանագիտական միջոցառումների փաթեթը, որը պատրաստ է ներկայացնել Իսրայելի վարչապետը, չի հրապարակվում, բայց այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների ասելով, այն ներառում է նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Իսրայելի ապագան, Իսրայելի եւ պաղեստինյան պետության միջեւ սահմանների, հրեաների բնակավայրերի ու պաղեստինցի փախստականների ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել