Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Թեհրանից պահանջում է

Մարտ 23,2010 00:00

Եվրամիությունը Թեհրանից պահանջել է վերջ տալ արբանյակային հեռարձակումները խլացնելուն եւ համացանցի գրաքննությանը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, ասված է Միասնական Եվրոպայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ: Միջազգային երեք խոշոր հեռարձակողները՝ «Ամերիկայի ձայն», BBC եւ «Գերմանական ալիք», ավելի վաղ բողոքել էին, որ իրենց հաղորդումները, որոնք հեռարձակվում են ֆրանսիական հեռահաղորդակցական արբանյակների միջոցով, փետրվարի 12-ից ի վեր Իրանի իշխանությունների կողմից խլացվում են:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ միջոցներ կարող է կիրառել ԵՄ-ն, եթե Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեջադը չընդառաջի այդ կոչին, բայց, դիտորդների կարծիքով, ԵՄ-ն կարող է առեւտրային պատժամիջոցներ կիրառել, որոնք կստիպեն Nokia-Siemens-ին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունը: Առկա տեղեկությունների համաձայն, հենց այս ընկերությունն է Իրանի իշխանություններին վաճառել այն սարքավորումները, որոնք թույլ են տալիս վերահսկել բջջային հեռախոսների խոսակցություններն ու արգելափակել ինտերնետում գործող սոցիալական ցանցերը: Մյուս հնարավոր հակաքայլը ԵՄ կողմից համարվում է այն, որ կարող է արգելափակվել իրանական էլեկտրոնային ԶԼՄ-ների, մասնավորապես «Press TV» անգլալեզու հեռուստաալիքի  հեռարձակումը Եվրոպայի տարածքում:
Բոլոր դեպքերում, ԵՄ նախարարների հայտարարության մեջ ասված է, որ «ԵՄ-ն վճռական է տրամադրված այս հարցը լուծելու եւ առկա անընդունելի իրավիճակին վերջ դնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել