Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանի հայորդիներ

Մարտ 23,2010 00:00

Կամ հայ լուսանկարիչները՝ Օսմանյան կայսրությունում

Լուսանկարչության գյուտից կարճ ժամանակ անց՝ հայերը յուրացրին արվեստ-արհեստի այս տեսակը: Հայկական լուսանկարչատները 19-րդ դարի կեսերից բազմացան Օսմանյան կայսրության քաղաքների մեծ մասում: Հայ լուսանկարիչները մենաշնորհային դիրք են ունեցել լուսանկարչության բնագավառում՝ կենցաղայինից մինչեւ պաշտոնական ծառայությունների մատուցմամբ: 19-րդ դարում Պոլիսի (Ստամբուլ) Բերա փողոցը դարձել էր լուսանկարիչների կենտրոն: Այս փողոցն առանձնանում էր արվեստի բոլոր ճյուղերն իր մեջ ներառելու կարողությամբ: 1857 թ. Բերա (Պոլիս Բեյօղլու) թաղամասում լուսանկարչական կենտրոն է բացում հայազգի Պասկալ Սեբահը: Սա թաղամասի երկրորդ լուսանկարչական կենտրոնն էր, եւ առաջինը՝ հայ լուսանկարչի կողմից բացված: Նա այն եզակի մարդկանցից մեկն էր, ով սուլթանի կողմից պարգեւատրվեց Մեջիդիյեյի երրորդ աստիճանի շքանշանով: Ցավոք, նրա լուսանկարները չհասան մինչեւ մեր օրեր, որովհետեւ 1881 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհի հետեւանքով լուսանկարչատան բոլոր աշխատանքներն այրվեցին:
Օսմանյան շրջանի ամենահայտնի լուսանկարիչները Սառռաֆ Միքայել Աբդուլլահյանի որդիներն են՝ Վիչեն, Գեւորգ, Հովսեփ Աբդուլլահ եղբայրները: Կայսրությունում լուսանկարների մեծացման մենաշնորհը պատկանել է նրանց: 1836թ. սկսած՝ լուսանկարչական արվեստը դառնում է եղբայրների մենաշնորհը: Նույն թվականին Աբդուլլահյանները դառնում են սուլթան Աբդուլազիզի հատուկ լուսանկարիչները: Երեք եղբայրներից Վիչենն անձնապես շատ մոտ էր Սադրազամ Ֆուադ փաշային: Վիչենն անձամբ էր նկարում Սադրազամին եւ Օսմանյան մեջլիսի բոլոր անդամներին: Աբդուլհամիդի կառավարության տարիներին եղբայրները եղել են պալատական նկարիչներ: Արված լուսանկարներից սուլթանն ընտրում էր առաջադեմ նկարները եւ դրանք ուղարկում եվրոպական երկրներ՝ ցույց տալու համար, թե իր կայսրությունում ինչքան լավ են ապրում մարդիկ:
Բերայի լուսանկարիչների ցուցակում հաջորդը Պողոս Թարքուլյանն է: Նա հատկապես հմտացել էր դիմանկարներ նկարելու եւ ձեռքով դրանք ներկելու արվեստի մեջ: Աբդուլհամիդ Երկրորդի պալատական նկարիչներից մեկն էր: Թարքուլյանը եւս սուլթանի կողմից պարգեւատրվել է Մեջիդիյեյի հինգերորդ կարգի շքանշանով: Այս լուսանկարչի արվեստանոցը պահպանվել է մինչեւ հանրապետության հռչակումը: Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Թարքուլյանը դառնում է Աթաթյուրքի լուսանկարիչը: Բացի Աթաթյուրքից նա լուսանկարում է նաեւ Շահ Մուզաֆֆերեդինին, Վիլհելմ Երկրորդին, Կառլ Առաջինին եւ ժամանակի հայտնի մի շարք պաշտոնյաների: Առաջին թողարկված 50, 100, 500, 1000 թղթադրամների վրա արտատպված Աթաթյուրքի դիմանկարի լուսանկարը կատարել է Պողոս Թարքուլյանը:
Երբ հայերը ստիպված թողնում էին իրենց տունն ու հողը եւ բնակություն հաստատում մի ուրիշ տեղ, լուսանկարչությունն էլ իրենց հետ էին տանում: Այդ իսկ պատճառով էլ այն տարածվեց միջինարեւելյան մի շարք երկրներում: Հայերն ամբողջ Մերձավոր Արեւելքում ու Կովկասում առաջին ներմուծողները եղան լուսանկարչական արհեստ-արվեստի: Պարբերական հալածանքների եւ կազմակերպված ջարդերի զոհ դարձած հայերի բնակության նոր վայրերում լուսանկարչությունը դարձել էր գոյատեւման միջոց: Հենց սա էր հիմնական պատճառը, որ հայերի շնորհիվ լուսանկարչական արվեստը ունեցավ զարգացման եւ տարածման նման շրջաններ: Հայերը միայն այս ասպարեզում չէ, որ ունեցան մենաշնորհային դիրքեր: Մեծ է նրանց վաստակը համարյա բոլոր բնագավառներում. երաժշտություն, սպորտ՝ թուրքահայերի անմիջական նախաձեռնությամբ 1911-1914թթ. տասնյակ հայկական սպորտային եւ մարմնամարզական ակումբների ու խմբակների մասնակցությամբ կազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր: Այս մարզիկներից շատերը, ցավոք, դարձան դարասկզբի մեծ ցեղասպանության զոհ: Մեծ է հայերի դերը նաեւ ճարտարապետության բնագավառում՝ ի դեմս Պալյանների ընտանիքի: Կայսրության մեջ գրագրությունն ու թերթը զարգացրեց Պողոս Արապեանը: 1816թ. Արապեանը, ում անվանում էին «հայազգի Գուտենբերգ», առանձին հրովարտակով նշանակվում է արքունի տպարանի տեսուչ: 1831 թ. նոյեմբերի 11-ից նա արքունի տպարանում սկսում է հրատարակել Օսմանյան կայսրությունում առաջին պաշտոնական թերթը՝ «Թաքվիմ-ի վեքային» եւ նրա հայերեն տարբերակը՝ «Յայտարար լրոյ Մեծի Տերութեանն Օսմանեան»՝ 500-ական օրինակով:
Եթե չլինեին հայերը եւ կայսրության մնացած զարգացած ժողովուրդները, Թուրքիան երբեք չէր կարողանա ձեռք բերել ներկայիս կարգավիճակը: Ցավոք, նա վարձահատույց չեղավ իր մշակույթը զարգացնող ոգուն: Գլխատելով առաջատար ուժը, Թուրքիան կորցրեց մի քանի դար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել