Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու գնալը հստակեցվում է

Մարտ 23,2010 00:00

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողով: Ժողովում ամփոփվել են մարտի 16-18-ը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները: Գերագույն հոգեւոր խորհրդում գնահատանքով է ընդունվել այցի կազմակերպիչ հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքների մասին զեկույցը:
Նորին սրբությունը տեղեկացրել է նաեւ, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի եւ Կիրիլ Ա պատրիարքի անունից փոխանցվել է հրավեր՝ մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ եւ բալթյան երկրների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին: Այս առնչությամբ, ըստ «Նոյյան տապանի», վեհափառ հայրապետը հայտնել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթաժողովին Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:
Ժողովականներին տեղեկացվել է նաեւ, որ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգեւոր սպասավոր տ. Հակոբ աբեղա Ապրեսյանը՝ կանոնազանց ընթացքի համար: Այսուհետեւ նա կարգվում է աշխարհականների դասում՝ կոչվելով ավազանի անունով՝ Միրզա Ապրեսյան:
Օրակարգում քննության նյութ է դարձել նաեւ թեմական, ներեկեղեցական վարչակառուցվածքային վերափոխումներ իրականացնելու ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել