Այս մասին կարծիքները տարաբնույթ են
«Աղջիկ ջան, ամոթ է, ավելի լավ է այդ թեմաներից դուք էլ, մենք էլ՝ հեռու մնանք»,- այսպիսի պատասխան էի ստանում, երբ փորձում էի ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում հարցման միջոցով պարզել, թե ի՞նչ գիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Դա թերեւս բնական է՝ հաշվի առնելով այս սերնդի արժեքային համակարգը, ստացած կրթությունը եւ այլն: Սակայն 21-րդ դարում, երբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից աշխարհում հազարավոր մարդիկ են մահանում, իսկ ՀՀ-ում 1988-ից մինչեւ 2009-ի դեկտեմբերի 1-ը պաշտոնապես գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 808 դեպք՝ 200-ը մահացու ելքով, հասկանալի է դառնում, որ խնդիր ունենք նաեւ հասարակության գիտակցության եւ կրթության բարձրացման առումով: Կենսաբանության ուսուցչուհի Մարիետա Հովհաննիսյանը, որը չցանկացավ հրապարակել իր դպրոցի անունը, «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ. «Իհարկե, այժմ բավականին առաջ ենք գնացել, սակայն երբեմն ստիպված եմ բարձր դասարանցիների շրջանում հպանցիկ անցնել առարկայի «մարդ» բաժինը, որ ավելորդ ռեպլիկներ ու ծիծաղ չառաջացնի»:
Այդ դեպքում պատանին ինչպե՞ս ստանա նման թեմաներին վերաբերող հարցերի պատասխանները: Այս խնդիրը լուծելու համար 2001-ից հ/կ-ներից մեկը, ԿԳՆ-ի երաշխավորությամբ, Հայաստանի 400 դպրոցներում իրականացնում է առողջ ապրելակերպին միտված «հավասարը հավասարին» մեթոդով վարժանքներ: «Առավոտի» զրույցը տարբեր դպրոցների մի քանի աշակերտների հետ՝ ցույց տվեց, որ «բաց» թեմաների մասին ճիշտ գիտելիքներ ստանալը, ընդհակառակը, օգնելու է իրենց ավանդական եւ ամուր հիմքերի վրա ընտանիք ստեղծել, այլ ոչ թե նշանակում է հեռանալ ավանդական արժեքներից: Օրինակ` թիվ 69 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արաքսյան նշեց. «Այս թեմաները օտար անձի հետ ավելի ազատ ենք քննարկում, քան մեր ծնողների: Ուստի դպրոցում դրանց մասին խոսելն ավելի նպատակահարմար է: Մեզ այդ ինֆորմացիան անհրաժեշտ է, քանի որ, օրինակ, ես մինչեւ այժմ կարծում էի, որ պահպանակը միայն երեխա չունենալու համար է, այնինչ, այն պաշտպանում է մի շարք հիվանդություններից»: 10-րդ դասարանցի Իրինան էլ ասաց. «Ճիշտ է, որ «բաց» թեմաների մասին ինֆորմացիա ենք ստանում մասնագետից եւ փոխանցում մեր հասակակիցներին: Սակայն, իմ կարծիքով` նման թեմաներով դասընթացներ անհրաժեշտ է անցկացնել միայն 6-7-րդ դասարանից բարձր աշակերտների համար, քանի որ հնարավոր է փոքրերը ճիշտ չընկալեն»: Թիվ 74 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկն էլ պատմում է. «Երբ եղբայրս իմացավ, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացների եմ հաճախում, մի քիչ ջղայնացավ, իսկ տատիկս ու պապիկս սկզբում դեմ էին: Հետո, երբ պատմեցի իմ իմացածը, նրանք ուրախացան, որ այդքան բան գիտեմ: Հասկանում եմ, որ ինչքան շատ բան իմանամ ՁԻԱՀ-ի մասին, այդքան կարող եմ պաշտպանվել այդ հիվանդությունից եւ օգնել շրջապատին»: Թիվ 18 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Տիգրանն էլ ասաց. «Արդեն հասկանում եմ, որ պետք է հեռու մնալ պատահական սեռական հարաբերություններից, թմրանյութերից: Իհարկե, սկզբում, երբ մեր ընկերուհիների ներկայությամբ էինք նման թեմաների մասին զրուցում, որոշ բարդույթներ կային, բայց այժմ դրանք վերացել են»: Լեւոնն էլ արդեն սկսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իր գիտելիքները փոխանցել քեռիներին. «Նույնիսկ նրանցից մեկը չգիտեր, որ «սպիդին» հայերեն ՁԻԱՀ են ասում: Սկզբում, երբ այս հիվանդության մասին էի խոսում, լուրջ չէին վերաբերվում, բայց երբ տեսան, թե որքան գիտելիք եմ ստացել դպրոցում, սկսեցին հետաքրքրվել, որ իրենց էլ տեղեկություններ տամ»:
Թիվ 69 դպրոցի փոխտնօրեն Կարինե Սամվելյանը եւս կողմ է, որ հենց դպրոցում աշակերտները ստանան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկություններ: «Առավոտի» հետ զրույցում նա նկատեց. «Տնօրինությունը խորհրդակցեց ուսուցիչների, ծնողների հետ եւ եկանք այն եզրահանգման, որ դա անհրաժեշտ է: Այժմ երեխաները օգտվում են տեղեկատվական միջոցներից՝ հեռուստացույց, համացանց, տարբեր որակի եւ բովանդակության տեսաֆիլմեր, եւ նրանց ապատեղեկատվություն ստանալու գործընթացն անկառավարելի է. տեսնում են մարդկային օրգանիզմը, ծննդաբերության ողջ գործընթացը, ուստի նրանց հետ ավելի «բաց» պետք է խոսել՝ չշրջանցելով հարցերը: Միեւնույն է, դրանց պատասխանները ինչ-որ տեղից իմանալու են, ուստի ավելի լավ է՝ մենք կառավարենք ինֆորմացիայի հոսքը, մանավանդ առողջ ապրելակերպի սկզբունքների վերաբերյալ գիտելիքների ապահովումը նախատեսված է նաեւ ՀՀ կրթության մասին օրենքով»:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանի կարծիքով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների տրամադրումը դպրոցում անհրաժեշտ է, ուղղակի պետք է տրվի անձի դաստիարակության համատեքստում եւ հաշվի առնվի՝ ինչ մեթոդով է դա արվում: