«Առավոտի» մարտի 20-ի համարում «Էկոլոգիական աղետի նախաշեմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատար խողովակը քայքայված է, դրանից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում, մթնոլորտ արտանետվող թունավոր օդը բացասական ազդեցություն է թողնում բնակչության ինքնազգացողության վրա:
Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ զանգում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանից եւ հավաստիացնում, որ ինչ-որ մարդիկ Կապանում կրպակներից հավաքել են բոլոր «Առավոտները»: Կապանցիներին ասացինք, որ նյութին կարող են ծանոթանալ «Առավոտի» կայքից՝ www.aravot.am:
Կարող ենք հավելել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը հանրապետական Մաքսիմ Հակոբյանն է: Իսկ ԱԺ շուրջ եւ ներսում վերջին զարգացումները վկայում են, որ հանրապետականները խնդրի մասին տեղեկությունների տարածումը կանխելը կամ բացառելը համարում են հարցի լավագույն լուծում: