Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՐԿԵԼ ԳՈՇԱՎԱՆՔԸ

Մարտ 23,2010 00:00

Սողանքներից բացի, արգելոց-թանգարանին վնասում է նաեւ ուշադրության պակասը

\"\" \"\"

2009 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Վտանգի առաջին գծում», իսկ նոյեմբերի 6-ին՝ «Մոռանա՞լ Գոշին եւ «Դատաստանագիրքը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ սողանքները սպառնում են ոչ միայն Տավուշի մարզի Գոշ գյուղին, այլ նաեւ  Մխիթար Գոշի դամբարանին եւ Գոշավանք համալիրին: Նաեւ հավելել ենք, որ, ցավոք, սողանքը այս շքեղ համալիրին սպառնացող միակ վտանգը չէ: Համալիրի հարեւանությամբ հսկա փոս է փորված եւ շինարարություն է նախատեսվում:
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի մուտքի մոտ երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տեղեկատվական ցուցատախտակներ կան տեղադրված: Այնտեղ նշված է, որ վանքը կառուցվել է 1188 թվականին, երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտ՝ նշանավոր Մխիթար վարդապետի կողմից: Այն կոչվել է Նոր Գետիկ, իսկ Մխիթար Գոշի մահից հետո  վերանվանվել է Գոշավանք: Արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի հետ շրջում ենք վանական համալիրի տարածքում: Մուտքի մոտ առաջին դարի հեթանոսական կառույց է՝ կիկլոպյան պատ: «Սա կառուցել են կրով, ձվի սպիտակուցով, կաթով: Կառույցը հետագայում օգտագործել են  որպես սեղանատուն»,- ասում է արգելոց-թանգարանի տնօրենը: Կառույցը ծածկ է ունեցել, ինչպես թոնրատուն, ու այն նախնական տեսքի բերելու համար հարկ է կառուցել  փայտաշեն, սյուների վրա հենվող ծածկ:  Սեղանատան պատերից քարերը թափվում են: 1985 թվականին այստեղ նորոգման աշխատանքներ են սկսվել, սակայն՝ կիսատ մնացել: Տեղումների ջրերը ներս են թափանցում, քայքայում եկեղեցու ծածկը, պատերը, խաթարում  ներկանյութով գրված վիմագիր արձանագրությունները, որոնք  շատ տեղերում արդեն կիսով չափ ջնջված են:
Մինչդեռ  համալիրի՝ 1191-1196 թվականներին կառուցված Աստվածածին եկեղեցու վիմագիր արձանագրությունները պատմական մեծ արժեք ունեն: Սուրբ Աստվածածին եկեղեցու ծածկասալերը քայքայված են, գմբեթին թփեր ու խոտեր են աճել:  Կես դար առաջ՝ 1961 թվականին ծածկը նորոգվել է, սակայն սխալներով՝ աշխատանքների ընթացքում չեն օգտվել կառույցի հիմնական քարատեսակից (որի հանքը ոչ հեռու՝ 2 կմ հեռավորությամբ է գտնվում), այլ տեսակի քար են օգտագործել, որը չի դիմացել խոնավությանը, քայքայվել է: Արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի վկայությամբ՝ անցյալ դարի 80-ական թվականների  վերջին ջրերի ներթափանցումը եկեղեցի ավելացել է, որից եկեղեցու կամարների եւ կառույցի ծանրությունը կրող քարերի մեջ մեծ ճեղքեր են առաջացել: Աջ կողմում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որի հետեւի անկյունը կառույցից արդեն անջատվում-պոկվում է: «Եկեղեցու գլխից քարեր են թափվում, ամեն առավոտ մեր աշխատողները մի երկու «նասիլկա» քար են հեռացնում: Աշխարհի տարբեր կողմերից տարեկան 100 հազար զբոսաշրջիկ է այստեղ գալիս: Մեր աշխատողներին եկեղեցու կողքը, անկյուններում կանգնեցնում ենք, որ տուրիստներին շատ մոտ չթողնեն: 25 մետրից որ քարն ընկնի, ի՞նչ կանի»,- ասում է արգելոց-թանգարանի տնօրենը:
Սուրգ Գրիգոր եկեղեցու վիճակն էլ բարվոք չէ. ծածկասալերը քայքայվել են, որի հետեւանքով  տեղումների ջրերը քայքայում են հոգեւոր այս կառույցի հիմքերը: Երկհարկանի  գրադարան-զանգակատան ամրագոտի կազմող քարերն էլ ընկել են, թուլացել է երկրորդ հարկի ամրությունը, եւ  այն «նստում է»: Միով  բանիվ՝ 9 կառույցից բաղկացած «Գոշավանք» համալիրի վիճակը վատթար է: Կիսավեր վիճակում է  Գոշավանքից ոչ հեռու գտնվող 12-րդ դարի  առակագիր եւ օրենսգետ, մեծ ուսուցիչ  Մխիթար  Գոշի դամբարանը:
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը   գտնվում է մշակույթի նախարարության իրավասության ներքո: Խոսակցություններ կան, որ այն կարող են փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն: Թանգարան-արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը  դրան կտրականապես դեմ է: «Տարեկան 7 միլիոն դրամի մոմ են ծախում այստեղ, նաեւ՝ տարբեր  պարագաներ, սակայն մի ավել չեն առնում եկեղեցու համար»,- ասում է նա:
Իսկ ինչ մնում է համալիրի հարեւանությամբ սկսված շինարարությանը, Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանից տեղեկացանք, որ կառավարությունը այս կապակցությամբ որոշում է նախապատրաստում, որով, հավանաբար, այդ փոսի տարածքը կճանաչվի պետական գերակա շահի գոտի եւ Մայիլյանն այդտեղ շինարարություն չի կատարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել