Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ «ԲԱՐՁՈՒՆՔԻ» ՎՐԱ

Մարտ 23,2010 00:00

Նիրհող պատերազմում այդ ծախսը երբեք ավելորդ չէ

Պարենային անվտանգության խնդիրը վերջերս լուրջ քննարկումների առարկա է դարձել պետական իշխանության տարբեր մակարդակներում: Տնտեսագիտության թեկնածու Աշոտ Զալինյանի հետ մեր զրույցն այդ հարցի շուրջ է:
– Պարենային անվտանգությունը որքանո՞վ է ազգային անվտանգության ռազմավարության մաս կազմում:
– Ցանկացած պետության կյանքում յուրաքանչյուր մոտեցում իր հիմքում կրում է ազգային անվտանգության հայտանիշ: Այնպես, ինչպես ցանկացած երեւույթ կամ չմտածված գործընթաց կարող է վտանգ ներկայացնել ընտանիքի քայքայման համար. ի՞նչ տարբերություն «քո ընտանիքի» եւ «քո պետության» միջեւ: Պարենային անվտանգության հարցը, իհարկե, ազգային անվտանգության հայեցակարգում տեղ ունի: Ժամանակակից պետությունների համար այն ունի բազմաթիվ բաղադրիչներ, որոնք պակաս կարեւոր չեն, քան ռազմական անվտանգությունը: Պարենով ապահովվածությունը անկյունաքարային նշանակություն ունի, ուստի նրա կարեւորությունը դժվար է գերագնահատել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է մի երկրի, ինչպիսին Հայաստանն է: Մեր երկու սահմանները փակ են: Հարեւան Վրաստանն ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի՝ մեր ռազմավարական գործընկերոջ հետ, եւ սահմանն ամեն պահի կարող է փակվել, իսկ կյանքը ցույց տվեց, որ միայն 2008թ.-ի վրաց-օսական 5-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն առնվազն $700 միլիոնի վնաս կրեց: Պրոբլեմային է նաեւ մեր հարավային հարեւանը, քանի որ գերտերությունները պատրաստվում են խստացնել նրա նկատմամբ պատժամիջոցները, իսկ մեր բեռնափոխադրումների զգալի մասը կատարում ենք հենց Իրանի միջոցով: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի հետ ունենք ընդամենը զինադադարի, այլ ոչ հաշտության պայմանագիր, ուստի այդ պարագայում պարենային անվտանգության խնդիրը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն: Այնպես որ, հարցը ոչ միայն ժամանակին է բարձրացվել պետական իշխանության կողմից, այլ կասեի՝ նաեւ ուշացած, քանի որ այս հարցը պետք է մշտապես լինի «բարձունքի» վրա:
– ԽՍՀՄ տարիներին կար «պետական ռեզերվ» հասկացությունը՝ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի պաշար էր կուտակվում: Այսօր այս խնդիրը, ասես, դուրս է մնացել իշխանությունների տեսադաշտից՝ կարծես թե որոշվել է, որ Հայաստանում պետռեզերվ ունենալու անհրաժեշտություն այլեւս չկա: Չե՞ք գտնում, որ ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում դա տարօրինակ է:
– Գաղտնիք չէ, որ կենսական նշանակություն ունեցող ապրանքների մի զգալի հատված ներկրում ենք: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ այս հարցում մի քիչ ուշացել ենք, թեեւ վերջերս հարցն Ազգային ժողովում էլ քննարկվեց: Շատ դեպքերում թվում է, թե պետական ռեզերվն «անտեղի» ծախս է, որը պետությունը պետք է անի: Իհարկե, որոշակի ծախսի կատարումն անհրաժեշտություն է, բայց ռեզերվը թարմացնելու ժամանակ որոշ ապրանքներ սեզոնային տատանումներ են ունենում, եւ ճիշտ ժամանակին կողմնորոշվելով ու պահեստավորված ապրանքները բարձր պահանջարկի պահին վաճառելով եւ ամենաէժան պահին գնելով, կարելի է ծախսերի մեծ մասը ծածկել, դրանք հասցնելով նվազագույնի: Նիրհող պատերազմի պարագայում այս ծախսը երբեք չի կարող ավելորդ լինել: ՀՀ առողջապահության նախարարությունը էներգետիկ նվազագույն օրաբաժինը սահմանել է 2412 կկալ չափով: Ըստ էության, դա պարենային նվազագույն զամբյուղն է, եւ մենք պարտավոր ենք դա ապահովել ցանկացած գնով եւ պայմաններում՝ բնակչության թվաքանակը հաշվի առնելով ու սահմանելով անհրաժեշտ օրերի նվազագույն չափը, որից ցածր ապահովվածությունն այլեւս վտանգավոր կդիտարկվի:
– Ինքնաբավության մակարդակը մեր երկրում բավարա՞ր է, եւ, ըստ Ձեզ, տնտեսության 100% սեփականաշնորհումը ճի՞շտ էր տվյալ պարագայում:
– Հայաստանում շատ քիչ ապրանքներ կան, որոնց մասով ինքնաբավությունը հասնում է 100%-ի: Տավարի մսի ինքնաբավության մակարդակը կազմում է 80%, կաթինը՝ 95%, ոչխարի մսինը՝ գրեթե 100%, թռչնի մսինը՝ 24%: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել հացահատիկի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ այն հասցնելով 75%-ի, կամ դրա փոխարեն լուծել պետության կողմից անհրաժեշտ խմբաքանակի կուտակման հարցը: 2003-07թթ. ինքնաբավության միջին մակարդակը կազմել է 39%, եւ տարեկան արտադրվել է ընդամենը 225 հազար տոննա հացահատիկ: Հացահատիկը, մեր բնակլիմայական առանձնահատկությունները նկատի առնելով, այնքան էլ եկամտաբեր մշակաբույս չէ: Ուստի լուրջ չէ ակնկալել, որ գյուղացին պետք է սեփական եկամուտներից հրաժարվելու գնով քաղաքացիական գիտակցություն հանդես բերի ու երկիրն ապահովի հացահատիկի պարտադիր նվազագույն քանակով: Այս հարցում պետական մոտեցում է անհրաժեշտ: Ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը, ապա, երբ այս գործընթացը սկսվեց մեր երկրում, ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեցինք, եւ ամբողջ համակարգը սեփականաշնորհվեց: Մինչդեռ նույնիսկ ազատական գաղափարախոսության ջատագով պետություններում պետական վերահսկողության տակ բավական քանակությամբ կենսական նշանակության օբյեկտներ եւ ոլորտներ կան: Դա պատճառաբանվեց նրանով, որ պետությունը վատ ձեռներեց է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը ոչ թե բիզնեսի, այլ ազգային անվտանգության մասին է: Իհարկե, կային լուրջ հիմնավորումներ սեփականաշնորհումն այդպես իրականացնելու համար, եւ, բնականաբար, որպես նոր իրավիճակ, միաժամանակ կարող էին լինել նաեւ սխալներ: Եթե պետությունը կենսական նշանակության որոշ ապրանքների պաշար կուտակեր, շուկայում տատանումների դեպքում վարչական լծակներով գների արհեստական բարձրացում թույլ չտալու փոխարեն՝ կարող էր այդ ապրանքները շուկա նետել եւ այդկերպ ճնշել շուկայի մյուս խաղացողներին, այսինքն՝ պետությունը «կարգավորող պետության» դերը տաներ: Այսօր նման ժամանակակից մոտեցումներ արդեն դրսեւորվում են պետության կողմից, ինչը շատ ուրախալի է: Այսօրվա օլիգարխիկ տնտեսությունը ստիպում է հասկանալ, որ նույնիսկ մասնավորի բերած ապրանքն է պլանավորվում պետության կողմից, սակայն դրանով պարենային ապահովվածության խնդիրը որոշ դեպքերում թողնվել է ներկրողների քմահաճույքին: Եթե որեւէ օլիգարխի խելքին փչի ու նա որոշի այս կամ այն ապրանքն այլեւս չներկրել, ապա մինչեւ պետությունը մատակարար որոնի, հանդես գա որպես գնորդ, գտնի ամենառացիոնալ բեռնափոխադրման ուղիները, որքա՜ն ժամանակ կանցնի եւ ով գիտե, ինչ հետեւանքներ կարող են առաջ գալ: Պետության համար սխալ է կենսական անհրաժեշտության ապրանքների գծով լինել ընդամենը դիտորդ: Երբ բանկային համակարգը, լողացող փոխարժեքի դեպքում շուկայում անհարկի տատանումները զսպելու համար դրամական ինտերվենցիա է անում, որքան էլ դա քննադատության է ենթարկվում, այնուամենայնիվ, բերվում է բացատրություն, որ շեշտակի տատանումները կարող են խուճապային տրամադրություններ առաջացնել տնտեսությունում եւ հասարակության շրջանում, դրանով իսկ հիմնավորում են պետական միջամտությունը, ինչը եւ, իմ կարծիքով, արդարացված է: Երբ գազի անհրաժեշտ քանակ է պահեստավորվում, դրա նպատակահարմարությունը կարծես թե ոչ մեկիս կողմից կասկածի տակ չի դրվում: Ուստի նման մոտեցումն առավելեւս պետք է խրախուսվի կենսական նշանակության ապրանքների անհրաժեշտ խմբաքանակի ապահովման դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել