Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժշկի սխալը կապացուցե՞ն

Մարտ 23,2010 00:00

Բժշկական սխալների մասին հայտնեք իրավաբաններին, ոչ թե ձեր հարեւանին

Մեր երկրում բժշկական սխալները գրեթե (եթե ոչ՝ ամբողջովին) անապացուցելի են: Սակայն նման սխալների բացահայտումն ու ապացուցումն իր վրա է վերցրել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, ընդ որում՝ դա անում է անվճար: Չնայած դրան՝ գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ իրենք բողոքներ առայժմ չեն ունենում եւ փորձում են ինքնուրույն հայթայթել նման դեպքերը՝ որպես հիմք վերցնելով ԶԼՄ-ներում տպագրված այդպիսի հրապարակումները: «Առավոտը» փորձեց պարոն Սիրունյանից պարզել, թե ի՞նչ երաշխիքներ ունեն, որ, ասենք, դատաբժշկական եզրակացությունները, որոնք հենց բժշկի սխալները կոծկելու լավագույն մեթոդն են, իրենց գրասենյակը կարող է սխալ համարել: Մեզ հետ զրույցում գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ բժշկական վատ ծառայությունների համար միակ բողոքը եղել է անցած տարվա ամռանը. «Մեզ էր դիմել Երեւանի բնակիչ, որը գնացել է լաբորատորիա եւ ցանկացել է հեպատիտ C-ի անալիզներ հանձնել, ասել են, որ դա արժե 160 հազար դրամ, նա էլ հետաքրքրվել է, թե ինչու է այդքան թանկ: Նրան պատասխանել են, որ 20 հազար դրամով հետազոտում են՝ ունի՞ այդ վարակը, թե՝ ոչ, եթե ունի, ապա 45 հազար դրամով պարզում են դրա որակը, իսկ 95 հազար դրամով՝ դրա տարածվածության քանակն օրգանիզմում: Քաղաքացին, երբ գնում է հետազոտության պատասխանները ստանալու, նրան ասում են, որ նման վարակ չունի: Նա էլ պահանջում է 140 հազար դրամն իրեն վերադարձնել, քանի որ մնացած անալիզները չեն արվել, բայց լաբորատորիայի աշխատակիցներն արդարացել են, որ իրենց համակարգիչն ամեն ինչը միասին է անում: Ու մինչեւ հիմա այդ գործով դատվում ենք: Ընդ որում, առաջին ատյանի դատարանը մեր հայցը մերժել էր, այն հիմքով, որ հայցվորը չի ապացուցել, որ նրան այդ ծառայությունը չի մատուցվել: Այս դեպքում օրենքն ասում է, որ պետք է հակառակ կողմն ապացուցի, որ այդ ծառայությունը մատուցել է, ոչ թե մենք»: Պարոն Սիրունյանը նաեւ ասաց, որ նա իր ծանոթներին էլ է հորդորում օգտվել իրենց ծառայություններից. «Իմ ծանոթներից մեկին Նորքի սրտաբանական հիվանդանոցում պետք է պետպատվերով սիրտը վիրահատեին, սակայն գումար են վերցրել՝ մոտ 7 հազար դոլար: Նրա վիրահատությունը պետպատվերով պետք է լիներ, քանի որ 2 որդիները ծառայում են բանակում, իսկ մեր օրենսդրությամբ զինծառայողների ընտանիքի անդամներին պետք է բուժհաստատություններում սպասարկեն պետպատվերի շրջանակներում: Ես իմ ծանոթին ասում էի, որ մենք կարող ենք այդ գործով զբաղվել եւ նրա վճարած գումարը վերադարձնել, սակայն նա, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պատասխան ինձ տվեց՝ կրթված ու հարգարժան այդ մարդն ինձ ասաց, որ հետո, եթե հանկարծ կրկին այդ նույն բժիշկների ձեռքն ընկնի, իրենից «մուռ» կհանեն»:
Մեր այն դիտարկմանը, որ ամեն դեպքում բժիշկներից ոչ մեկը մյուսի դեմ ոչինչ չի ասի ու ցուցմունք չի տա, գրասենյակի ղեկավարն ասաց, որ մինչեւ 1996 թվականը օրենք չենք ունեցել, ուստի անհրաժեշտ է եղել այլ բժիշկների կարծիքը, իսկ հիմա այդ ոլորտը օրենքով է կարգավորվում. «Մեր օրենսդրությունում բժշկական առումով բաց տեղեր չկան: Քրեական օրենսգրքով բավականին լավ շարադրված են այդ ոլորտը կարգավորող հոդվածները: Շատ կարեւոր հոդված է նաեւ այն, որ բժշկական միջամտության համար անձի համաձայնությունը գրավոր ձեւով պարտադիր է, հրաժարվելը՝ նույնպես: Սա շատ ժամանակ աչքաթող են անում, սակայն դա բժշկին էլ է ապահովագրում»: Մեր դիտարկմանն էլ, թե մահացած հիվանդի հերձումից հետո պաթոլոգ անատոմներն էլ բժշկական սխալի մասին չեն հիշատակում համապատասխան փաստաթղթում, նա պատասխանեց. «Նա կարող է դիմացը կանգնած բժշկի համար օգտակար եզրահանգման գալ, սակայն միայն դա պետք չէ կարդալ, պետք է փաստաթուղթն ամբողջությամբ նայել: Մի անգամ դեպք էինք ուսումնասիրում, երբ պաթանատոմը գրել էր, որ տվյալ հիվանդը մահացել է սրտի կանգից, բոլորն էլ, ի վերջո, մահանում են սրտի կանգից: Դրա համար նայել ենք ամբողջ հիվանդության պատմությունը եւ պարզել, որ հիվանդը ճնշման պրոբլեմ է ունեցել, ջերմություն, 15 օր լուծ է եղել, ուստի օրգանիզմը ջրազրկվել ու աղաքամվել է: Եղել է նաեւ, որ հոգեբուժարանում ընդունվել է հիվանդը 90 կգ քաշով, սակայն մի քանի ամիս անց մահանալով՝ ունեցել է 40 կգ քաշ: Պարզ չէ՞, որ նա սովից է մահացել: Չնայած պաթանատոմը կրկին գրել էր, որ սրտի կանգից է մահացել»:
Մեր զրույցի վերջում պարոն Սիրունյանը բժշկական սխալներից տուժած քաղաքացիներին հորդորում է՝ բողոքները հայտնել ոչ թե հարեւաններին, այլ իրենց. «Մենք երաշխավորում ենք որակյալ պաշտպանություն, եւ դրա համար գումար չենք ուզում: Մարդու իրավունքն ենք ուզում պաշտպանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել