Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ՝ ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺ

Մարտ 23,2010 00:00

Գործատուները քիչ վարձատրելու համար նույնիսկ շինարարության մեջ են աշխատեցնում անչափահաս երեխաներին եւ դարձնում նրանց ողնաշարային սուր ցավերի տեր:

\"\"

13-ամյա Սաքոն աշխատում է բազալտի արտադրամասում. իր քաշից ծանր քարե սալիկները նա բեռնում է, մաքրում, սարքավորումներով փայլեցնում… մի խոսքով՝ անում նույն աշխատանքը, ինչ արտադրամասի մնացած մեծահասակ աշխատակիցները, եւ տարիքից ելնելով՝ ստանում ավելի քիչ աշխատավարձ, քան մյուսները: Նշենք, որ բազալտի արտադրամասում աշխատելը շատ ծանր է անգամ մեծահասակ, աշխատունակ տարիքի պինդ տղամարդկանց համար, եւ երեխան իրավունք չուներ մտնել այդ արտադրամաս, ուր մնաց թե աշխատեր՝ հատկապես որ՝ բազալտի փոշին խիստ վնասակար է շնչուղիների համար, այն անցնում է թոքերը եւ կրճատում կյանքի տեւողությունը: Մինչդեռ Սաքոն ստիպված է ամեն առավոտ գնալ այդ արտադրամաս՝ աշխատանքի: Ընդ որում, գործատուն, աշխատանքի ընդունելով անչափահաս երեխայի, նրան չի ապահովել աշխատելու համար նվազագույն պայմաններով՝ թողնելով բազալտի փոշուն ձեռք տալ առանց ձեռնոցների եւ չտալով նրան անգամ շնչուղիները պաշտպանող մի հասարակ դիմակ, որն առանձնապես արժեքավոր բան չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչեւ 14 տարեկան երեխաներին ընդհանրապես արգելվում է աշխատել: 14-16 տարեկան դեռահասների աշխատանքը, ծնողների համաձայնությամբ եւ օրենքով սահմանված դեպքերում՝ թույլատրվում է, այն էլ, եթե աշխատանքային ժամերը չեն գերազանցում շաբաթական 24 ժամը: Այսինքն՝ Սաքոյի աշխատանքը բոլոր առումներով պարզապես անթույլատրելի է եւ օրենքի կոպիտ խախտում:
Մեր հասարակությունում Սաքոն ոչ առաջին, ոչ էլ վերջին երեխան է, որը մանկությունը վայելելու, դպրոց գնալու, ուսում ստանալու փոխարեն ստիպված աշխատում է՝ ընտանիքը պահելու համար: Խնդիրն այն է, որ չնայած օրենքն արգելում է, բայց գործնականում կան դեպքեր, երբ դժվար է գործատուին ստիպել, որ անչափահաս երեխային աշխատանքի չընդունի: Շատ երեխաներ տան միակ կերակրողն են, եւ նրանց աշխատանքից ազատել՝ նշանակում է ընտանիքին զրկել հանապազօրյա հացից:
Շիրակի մարզում, որպես շինարար-բանվորներ, հիմնականում աշխատում են մարզի անչափահասները, քանի որ նրանց աշխատուժը էժան է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երեխաների մեծ մասը բողոքում է ողնաշարի սուր ցավերից, այսինքն՝ աշխատանքը էականորեն վնասել է նրանց առողջությունը: Շիրակի եւ այլ մարզերում աշխատող անչափահասների մասին այդպիսի ուսումնասիրություններ է կատարել «Երեխաների աջակցման կենտրոն» հիմնադրամը, որի նախագահ Միրա Անտոնյանի խոսքերով՝ հարցումները ցույց են տվել, որ գործատուները, օրենքի առաջ մաքուր դուրս գալու համար, երեխաներին աշխատանքի ընդունելով՝ նրանց հիմնականում չեն գրանցում. «Ստացվում է, որ երեխան, փոքրուց իրեն տանջելով՝ իր ապագայի համար ապահովում է լավագույն դեպքում կենսաթոշակային նպաստ, մինչդեռ, գրանցված լինելու դեպքում գոնե կարող էր նորմալ կենսաթոշակ ստանալ»: Մ. Անտոնյանը նշեց, որ մարզերում երեխաներին հաճախ նույնիսկ աշխատավարձ չեն տալիս, այլ վարձատրում են բնամթերքով. «Օրինակ, Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածություններում առավոտից ուշ երեկո արեւի տակ 1 օր աշխատելու համար երեխաներին վարձատրում են 1 դույլ կարտոֆիլով: Շատ երեխաներ կատարում են պատահական աշխատանք՝ ֆայլաբազարի տիպի, ուստի նրանց կատարած աշխատանքի համար ինչ էլ վարձատրեն՝ ստիպված համաձայնում են»:
Հարցումները ցույց են տվել, որ երեխաների «փող աշխատելու» հիմնական դրդապատճառն այն է, որ նրանք գոյատեւման այլ միջոց չունեն: Հողամասերում սեզոնային ծանր աշխատանք կատարող երեխաները՝ հարցին, թե ինչո՞ւ եք աշխատում, պատասխանել են. «որպեսզի սեպտեմբերի 1-ին նոր համազգեստ կարողանանք հագնել»: Միրա Անտոնյանի դիտարկմամբ՝ «Այն դեպքում, երբ չաշխատող երեխաների ճնշող մեծամասնությունը պլանավորում էր շարունակել ուսումը, լավ մասնագետ դառնալ, լավ աշխատանք ունենալ, աշխատող երեխաների հիմնական մասը ապագայի նկատմամբ որեւէ պլաններ չուներ: Սա նշանակում է, որ երեխան շատ լավ հասկանում է, որ այս կյանքում իր համար ամենաանցանկալի տեղն է նախատեսված, եւ ապագայում ինքը դառնալու է սեւագործ բանվոր, տոնավաճառներում բեռնակիր՝ ոչ ավելին»:
Անչափահաս տարիքի երեխաների աշխատանքի խնդիրներն ու պատմությունները բազմաթիվ են՝ մեկը մյուսից դաժան: Եվրոպական որոշ երկրներում երեխաների ցանկացած շահագործում արգելվում է, եւ որեւէ տարանջատում չի դրվում՝ երեխան մինչեւ 14 տարեկա՞ն է, 16-18, թե՞ ավելի բարձր: Մեր երկիրը, բնականաբար, այս ճանապարհով չի կարող գնալ՝ երկու պատճառով: Նախ, օրենքի այդ սահմանափակումից հետո գործատուները նախկինի պես կաշխատեցնեն երեխաներին, բայց նրանց ընդհանրապես չեն գրանցի: Արդյունքում՝ ստվերը կմեծանա: Բացի այդ, օրենքի նման փոփոխության համար պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ու պայմաններ ստեղծի, որպեսզի երեխաները ստիպված չգնան բազալտի արտադրամասերում աշխատելու, ինչը առաջիկա 15-20 տարիների ընթացքում դժվար է պատկերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել