Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՄԵԶ ԿԵՐԱՆ»

Մարտ 23,2010 00:00

Շաբաթ-կիրակի Նուբարաշեն մի՛ գնացեք. տեղ չեք հասնի

\"\"

«Շաբաթ-կիրակի օրերին մեր փողոցում այնպիսի խցանումներ են լինում, որ անգամ շտապօգնության ծառայությունից են հրաժարվում գալ, օգնություն ցուցաբերել, պատճառաբանելով, թե մեքենան ժամերով կմնա խցանումների մեջ»,- դժգոհում է Նուբարաշենի խճուղու բնակիչ Մարատ Մանուկյանը: «Բա որ, Աստված չանի, հրդեհ կամ այլ արտակարգ իրավիճակ լինի՞,- լրացնում է հարեւանուհին՝ Ռոզան ու շարունակում,- հանգստյան օրերին ոնց որ բանտարկյալ լինենք, չենք կարողանում քաղաք իջնել, մեր երեխաներին մի տեղ տանել»:
Հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների թիվը օրեցօր ավելանում է, ինչին չխանգարեց նաեւ համաշխարհային ճգնաժամը (վիճակագրական տվյալներով՝ նախորդ տարի հանրապետություն է ներկրվել 17 600 մեքենա): Վաճառվող մեքենաները «Էրեբունի» թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի տարածքում չտեղավորվելով՝ վաճառատարածքը տարերայնորեն, աստիճանաբար ընդարձակել է իր սահմանները, ընդգրկելով հարակից փողոցները՝ շուկայի մուտքից դեպի թանգարան, դեպի Էրեբունի զանգվածի դիսպետչերական կետ եւ Նուբարաշենի խճուղի: Ուրբաթ օրվա երկրորդ կեսից արդեն վերոնշյալ փողոցները վերածվում են վաճառվող մեքենաների կայանատեղիի, մեղմ ասած, խանգարելով երթեւեկության բնականոն ռիթմը: Իսկ շաբաթ-կիրակի օրերին ավտոշուկայից դեպի թանգարան իջնող փողոցով առհասարակ դադարում է երթեւեկությունը, Նուբարաշենից իջնող թվով վեց հասարակական փոխադրամիջոցները երթեւեկում են Էրեբունի զանգվածով: Մեկ կանգառ տարածքը անցնելու համար պահանջվում է մոտ 2 ժամ: Այսպիսի պատկեր էր մեր կիրակնօրյա այցելության օրը: Երթուղային տաքսիների ուղեւորները սպասելուց հոգնել, իջել էին եւ ոտքով գնացել, նրանց օրինակին էր հետեւել թիվ 16 ավտոբուսի ուղեւորների մի մասը, մնացածները հոգնած ու ձանձրացած սպասում էին, խցանման մեջ շարված մեքենաների շարասյան վերջը չէր երեւում: Փողոցում հանգիստ ճեմում էին սուրճ, արեւածաղիկ, խմորեղեն վաճառողները, փողոցում թափթփված էին մեկանգամյա օգտագործման բաժակներ, պոլիէթիլենային տոպրակներ, աղբ: Գնորդ չլինելու պատճառով մեքենա վաճառողները ձանձրույթից արեւածաղիկ էին չրթում եւ թքում աջուձախ: Շարասյան մեջ մի քանի վարորդներ անհամբերությունից ձայնային ազդանշանը միացրած՝ ապարդյուն ջանքեր էին թափում վազանցում կատարելու համար եւ գլուխները մեքենայի պատուհանից հանած՝ գոռգոռում եւ հայհոյում էին՝ չգիտես ում եւ ինչի համար: Հավելենք, որ չկար ոչ երթեւեկությունը կանոնակարգող, ոչ էլ առհասարակ որեւէ իրավապահ կառույցի ներկայացուցիչ: Մեքենատերերի տեղեկացմամբ, առավոտյան մի քանի անչափահաս երեխաներ են գալիս, փողոցում կանգնեցրած յուրաքանչյուր մեքենայի համար գանձում 500 դրամ, ներկայացնելով, թե գումարը հանձնում են թաղապետարան: Շուկայի տարածքում ապրող բնակիչներն էլ իրենց հերթին են փող աշխատում՝ «սեփականաշնորհելով» իրենց տան դիմացի մայթերը: Մեքենա վաճառողների ներկայացմամբ, շուկայում հատուկենտ վերավաճառողներ կան, մնացածը իրենց մեքենաներն են վաճառում, որ «տոմս առնեն՝ էս երկրից փախչեն, քանի որ աշխատանք չկա, աշխատավարձը չնչին է, եւ օրեցօր ամեն ինչ թանկացնում են»:
«Բոլորն էլ պարտադրված են գնում, քուր ջան, օրվա հացի փնտրտուքով: Որ աշխատանք լինի, ոչ մեկն էլ իր տունը չի թողնի, անտեր-անտուն գնա օտարություն,- բողոքում է Մացոն ու շարունակում:- Հիվանդ թոշակառու ծնողներիս խնամող չկա, նրանց թոշակն իսկի կոմունալ ծախսերին չի հերիքում: Ստիպված մեքենաս վաճառում եմ, մի քիչ փող թողնեմ՝ իրենք յոլա գնան, ես էլ տոմս առնեմ՝ գնամ Ռուսաստան»:
Թեմայից շեղվելով՝ նշենք, որ անկախացման հետագա տարիներին բացվեցին տասնյակ ոսկու շուկաներ, քաղաքի հարյուրավոր  կրպակներին փոխարինելու եկան սուպերմարկետներն ու տոնավաճառները, սակայն ավտոշուկան թե քանակապես, թե ֆիզիկապես մնաց նույնը, եւ, կարծում ենք, այսօր հրամայական է դարձել մեկ ուրիշ ավտոշուկա ստեղծելը եւ որոշ մակնիշի ավտոմեքենաների վաճառքը նոր շուկայում իրականացնելը: Վատ չէր լինի նաեւ ուսումնասիրել արտասահմանյան երկրների փորձը եւ իրականացնել ավելի քաղաքակիրթ առեւտուր: Կարելի է գրանցել ավտոշուկա մտնող մեքենաների մակնիշը, պարամետրերը եւ մոտավոր արժեքը, գնորդը նախօրոք կծանոթանա ցանկին եւ միանգամից կմոտենա իրեն հետաքրքրող մեքենայի տիրոջ հետ սակարկելու, ոչ թե տարածքում կքայլի կիլոմետրերով՝ փնտրելով իրեն հարկավոր մեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել