Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցավալի անճշտություններ

Մարտ 23,2010 00:00

Մեծ հետաքրքրությամբ կարդացի Ձեր օրաթերթի (16.03.10) «Ապակայունացման վտանգ չկա» վերտառությամբ հոդվածը: Գնահատելով իմ տված մամլո ասուլիսի հանգամանալից լուսաբանումը Ձեր օրաթերթում՝ ուզում եմ, այդուհանդերձ, Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված հոդվածը պարունակում էր մի շարք ցավալի անճշտություններ եւ որոշ նորություններ իմ մասին:
Ես չեմ ասել եւ չէի կարող ասել, որ ԺՀՄԻԳ-ի հետընտրական դատավարությունների մոնիտորինգի զեկույցը պատրաստ էր դեռեւս անցած տարվա հուլիսին, քանի որ ես շատ լավ գիտեմ, որ այն ավարտվել է միայն 2009թ. նոյեմբերին: Մարտի 15-ի մամլո ասուլիսի ժամանակ իմ ասածն իրականում առնչվում էր ԺՀՄԻԳ դիտորդների կողմից մոնիտորինգն ավարտելուն, որին հետեւել են դիտարկման գործընթացում հավաքագրված տվյալների մշակումն ու վերլուծությունը:
Բացի այդ, ես հստակ բացատրեցի, թե ինչու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժ. Սուարեշը տեղեկատվություն չտրամադրելու համար ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին «նկատողություն» (սա «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի կողմից օգտագործված բառն էր) չէր արել եւ չէր կարող անել, քանի որ Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ-ի առանձին անկախ մի մարմին է, եւ դաշտային գրասենյակների եւ այդ մարմնի միջեւ միմյանց զեկուցելու պարտավորություններ չկան:  Իմ հետեւյալ բառերը. «դա նկատողություն չէր, այլ փաստի նշում» (այսինքն՝ պրն Ժ. Սուարեշն ընդունել էր խնդրի մասին իր անտեղյակությունը), հանվել էին համատեքստից եւ ներկայացվել միանգամայն այլ իմաստային երանգավորումով:
Հոդվածը պարունակում է մի շարք մանր անճշտություններ, որոնց չէի ցանկանա անդրադառնալ, քանի որ դրանք թերեւս կարող են վերագրվել ռուսերենից հայերեն ոչ այնքան ճշգրիտ թարգմանությանը: Ես սա անշուշտ հաշվի կառնեմ եւ ապագայում լրատվամիջոցների հետ կհաղորդակցվեմ իմ թարգմանչի միջոցով:  Այդուհանդերձ, շատ ցավալի է, որ թերթը հարմար է համարել հոդվածում ընդգրկել իմ մասին զրպարտանքային բնույթի մի մեջբերում, որը հիշեցնում է սառը պատերազմի ժամանակաշրջանի ոճն ու բառապաշարը:  Կարծում եմ, որ Ձեր թերթը չպետք է խրախուսի նման դավադրական տեսություններին հարող ոճ: Կցանկանայի հուսալ, որ  ապագայում «Առավոտն» ավելի բծախնդիր կլինի տեղեկատվության աղբյուրների ընտրության հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել