Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ

Մարտ 23,2010 00:00

\"\"ՀՀ դատախազությունը եվրոպական կոմիտեին ուղղված պատասխանում պնդել էր, թե 2008-ի մարտին ձերբակալվածների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու «փաստերը չեն հաստատվել»:

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2010 թ. մարտի 19-ին հրապարակեց 2008թ. մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը՝ ՀՀ կառավարության պատասխանի հետ միասին: Արդեն հրապարակվել է, թե CPT-ն հանձնարարականներ է մշակել, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունն իրականացվի արդյունավետ հետաքննության չափանիշների համապատասխան, եւ որ այդ հետաքննության արդյունքներն օգտագործվեն որպես ուղենիշներ՝ ոստիկանական ապագա գործողությունների իրականացման համար։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը 2008-ի հուլիսի 22-ին ուղարկելով այս զեկույցը՝ կից նամակում այս եվրոպական կոմիտեի նախագահ Մաուրո Պալման խնդրել էր Հայաստանի իշխանությանը ներկայացնել իրենց առաջարկների «կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»:
Մի քանի օրինակ մեջբերենք, թե կառավարությունը, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունն ինչպես են արձագանքել այս զեկույցում արված դիտարկումներին:
CPT-ն ցանկացել է տեղեկատվություն ստանալ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ձերբակալված անձանց՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքների թվի, «դրանց արդյունքում հարուցված կարգապահական տույժերի եւ/կամ սկսված քրեական վարույթների քանակի ու կիրառված ցանկացած պատժամիջոցների մասին»: Ոստիկանությունը պատասխանել է. «Հետընտրական իրադարձությունների հետ կապված ձերբակալված անձանցից, նրանց պաշտպաններից եւ/կամ օրինական ներկայացուցիչներից 2008 թվականի 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում ոչ մի դիմում չի ստացվել՝ կապված ոստիկանների կողմից ձերբակալվածներին խոշտանգելու, ծեծի ենթարկելու կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու հետ»:
CPT-ի պատվիրակությունը 2008-ի մարտի 15-17-ը Հայաստան կատարած այցելության ընթացքում տեղեկացել է, որ մարտի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաեւ հասարակության ներկայացուցիչներից կազմված մոնիտորինգային խմբի անդամներն այցելել են այն ոստիկանական բաժիններ ու քրեակատարողական հիմնարկներ, որտեղ պահվում են հետընտրական իրադարձությունների հետ կապված ազատազրկված անձինք, եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին «սկզբում չի թույլատրվել զրուցել այն անձանց հետ, ովքեր ենթարկվել են արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակումների»: Կառավարության պատասխանում այս կապակցությամբ փոխհակասող պնդումներ կան: Ոստիկանության կողմից նշված է. «Մարտի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների՝ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով ոստիկանության բաժիններ կատարած այցերը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ոստիկանությունում չեն ստացվել»: Իսկ դատախազությունն իր կողմից նշել է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից թույլ չի տրվել կալանավորված անձանց հետ տեսակցություն ունենալ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին ու մոնիտորինգային խմբի անդամներին, քանի որ քրեական գործի վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ որոշմամբ արգելված է եղել տեսակցությունների տրամադրումը, ու նրանք նախաքննական մարմնից նախապես չեն ստացել տեսակցելու համաձայնություն»:
Զեկույցում նշված է, թե խախտվել է օրենքի այն դրույթը, ըստ որի՝ կասկածյալը ոստիկանության կողմից կարող է կալանքի տակ պահվել առավելագույնը 72 ժամ. «Պատվիրակության կողմից հարցված անձանցից մի քանիսը նշել են, որ նրանք մինչեւ 6 օր անցկացրել են ոստիկանական տարբեր հաստատություններում՝ մինչեւ դատարան ներկայանալը»: Նշված է անգամ, թե նման հայտարարությունները որոշ դեպքերում նույնիսկ հաստատվել են այցելած հաստատություններում պատվիրակության ուշադրությանը ներկայացված փաստաթղթերով: Այսուհանդերձ՝ ՀՀ կառավարության պատասխանում նշված է, թե «օրենսդրությամբ սահմանված ձերբակալման ժամկետները չեն խախտվել»:
2008 թվականի մարտի 1-ին ձերբակալվածները, որոնց նկատմամբ ձերբակալության եւ ոստիկանությունում հարցաքննության ընթացքում բռնություն է կիրառվել՝ ստուգվել են CPT պատվիրակության կազմում աշխատող բժշկի կողմից: Եվ զեկույցում նման մի քանի նկարագրություններ կան. «Անձը ցույց տվեց հարվածից առաջացած գլխի այտուցները երկու տեղերում, գլխի ձախ մասում դեպի մազերը տանող հատվածում, ձախ ոտքի միջնամասում» եւ այլն: Նշված է, որ իրենց այցելած քրեակատարողական հիմնարկներում ներկայացված բժշկական փաստաթղթերը նույնպես ներառում են տարբեր վնասվածքների նկարագրություններ: Եվ CPT-ն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ խստորեն պատժել մեղավորներին: Սակայն կառավարությունը՝ ի դեմս դատախազության, մասնավորապես պատասխանել է. «Քննությամբ պարզվել է, որ կալանավորված անձինք արձանագրված վնասվածքներն ստացել են զանգվածային անկարգություններին մասնակցելու հետեւանքով եւ ընթացքում: Նախաքննության ընթացքում քննությանը խորթ, արժանապատվությունը նվաստացնող մեթոդներ չեն կիրառվել»: Նաեւ պնդում կա. «Բռնությունների եւ քննության ընթացքում կիրառված խորթ մեթոդների վերաբերյալ հայտարարությունները հիմնականում նպատակ են հետապնդում անձին կամ նրա մերձավորին զերծ պահել պատասխանատվությունից»:
Երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խոսելով այս փաստաթղթի մասին՝ ասում էր, թե շատ կարեւոր է, որ նման զեկույցները հրապարակվեն, «որովհետեւ ե՛ւ հասարակության, ե՛ւ իշխանության համար դա լուրջ զսպաշապիկ է: Այսինքն՝ պետք է մշակվեն գործողությունների քայլեր՝ անհապաղ դրանից հետո, որպեսզի դա վերացվի»: Հարցին՝ համամի՞տ է արդյոք կոմիտեի հնչեցրած մտահոգություններին, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ես ոչ միայն համամիտ եմ, ես համարում եմ, որ, հավանաբար, մենք ստիպված ենք լինելու օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել դրան, որպեսզի դա լինի նաեւ օրենսդրական պահանջ»: Եվ մասնավորապես՝ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների համաչափության մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ասել է. «Հարցադրումները, որոնք ներկայացնում են Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի փորձագետները, ինքնին կարեւոր են, եւ մեկ անգամ եւս կառավարությունը դրան պետք է անպայման անդրադարձ կատարի»:
Եթե անդրադարձ կատարելու են նույն մարմինները, որոնք կազմել էին կառավարության պատասխանը, միայն անուղղելի լավատեսները կարող են հույս ունենալ, թե այս «զսպաշապիկն» իրոք ազդեցություն կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել