Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես գնահատել Սերժ Սարգսյանի կոչը Ադրբեջանին

Մարտ 23,2010 00:00

\"\"«Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահը կոչ է արել Ադրբեջանին ստորագրել ուժի չկիրառման համաձայնագիր:

«Օգտվելով առիթից՝ ես հեռուստաեթերից կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք ստորագրենք ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Այն մարդկանց թույլ կտա համոզվել, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Դրանից հետո կարելի է աշխատել մանրամասների վրա:
Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բազմիցս դրա մասին հայտարարել ենք, իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք: Երբ մենք եւ Ադրբեջանը հայտարարություն ենք անում ինքնորոշման մասին, Ադրբեջանը Հայաստանի, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի ընդունում, չէ՞: Ընդունում է հակամարտության հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստը: Թող բացատրեն՝ ինչպե՞ս են դա հասկանում»,- «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ հանրապետականների, ՀՀ նախագահի այս հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ «հայկական կողմը միանշանակորեն հանդես է գալիս կառուցողական դիրքերից, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու եւ ամրապնդելու առումով նրա երկրորդ կարեւորագույն նախաձեռնությունն է»: Այս կարծիքը երեկ հնչեցրել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Կոալիցիայի անդամ ուժերի ներկայացուցիչները եւս վստահ են, որ եթե Ադրբեջանն ընդառաջ գնա ՀՀ նախագահի կոչին եւ ապացուցի իր հավատարմությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին, ապա այս ամենը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում շատ կարեւոր կլինի:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ առաջարկը վատը չէ, բայց տարածության եւ ժամանակի մեջ համարժեք չէ. «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն արձագանքելու է այդ առաջարկին, որովհետեւ Բաքվի սպասելիքները ավելի մեծ են, եւ Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն սպասում են առնվազն շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որն էլ իր մեջ կներառի նաեւ ուժի չկիրառման դրույթը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Բաքվի սպասելիքներն ավելի մեծ են, քան է Սերժ Սարգսյանի առաջարկը: Մեծ հաշվով Սերժ Սարգսյանի առաջարկը ընդունելի կլիներ, եթե բանակցային կողմերի սպասելիքները համարժեք լինեին, կամ միջազգային կազմակերպությունները անընդհատ չխոսեին մոտալուտ կարգավորման մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել