ՀՀ իշխանությունների ու մասնավորապես նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի մասին ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:
Մարտ ամիսը Հայաստանի համար առանձնացավ ոչ միայն դրամի արժեզրկմամբ ու գնաճով, այլ նաեւ Հայաստանի վերաբերյալ խիստ քննադատություններ պարունակող երեք՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԱՄՆ պետդեպի եւ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից զեկույցների հրապարակմամբ, որոնք երեքն էլ առնչվում էին երկու տարի առաջ Երեւանում տեղի ունեցած մարտյան դեպքերին:
Հետաքրքիրն այն էր, որ այդ զեկույցների վերաբերյալ տրամագծորեն տարբեր գնահատականներ հնչեցրին ոչ միայն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները, ինչը, թերեւս, բնական էր, այլեւ հենց իշխանությունը ներկայացնող գործիչները: Եթե օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Սամվել Նիկոյանը այդ զեկույցներում եղած քննադատությունը քաղաքականացված եւ երբեմն անարդարացի համարեցին, ապա նույն կուսակցությունը ներկայացնող ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը դրանք շատ կարեւոր, ընդունելի ու «խորը ուսումնասիրության» արժանի որակեց եւ հայտարարեց, թե՝ ինքը հնչեցրած քննադատության հետ համամիտ է, նաեւ կարծում է, որ այդ զեկույցները ոչ միայն լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, այլեւ մասնավորապես նաեւ արդարադատության ոլորտում օրենսդրական, նոր փոփոխությունների անհրաժեշտություն են առաջացնում:
Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անդրադառնալով Դ. Հարությունյանի հայտարարություններին, որոնք վերջին օրերին նա անում է հրապարակված զեկույցների վերաբերյալ՝ մասնավորապես «Ազատություն» ռ/կ-ով, ասաց. «Տպավորություն ունեմ, թե նման հայտարարությունների հեղինակը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչ է:
Դ. Հարությունյանի պահվածքն ինձ ուղղակի զարմացրեց: Միգուցե, նա՝ լինելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը, շատ ավելի մոտիկից է տեղեկացված, թե ինչպիսի տեսակետներ կան ԵԽ-ում, ու հիմա փորձում է հաճոյանալ ԵԽ-ին, որպեսզի հերթական դավադրությունն իրականացնի մեր պետականության եւ հասարակության նկատմամբ»: Պ. Մակեյանի ասելով, ամեն անգամ, երբ ՀՀԿ-ական Դ. Հարությունյանը խոսում է ընդդիմության դիրքերից, հաջորդիվ պետք է սպասել, որ նա իր ղեկավարած պետաիրավական հանձնաժողովում հերթական անգամ օրենսդրական «բարեփոխումների» անվան տակ էլի մի հակաժողովրդավարական օրինագիծ է անցկացնելու:
Այդպես եղավ, ի դեպ, այն ժամանակ, երբ 2008թ. մարտիմեկյան դեպքերից անմիջապես հետո նրա հարազատ կուսակցությունն ու ղեկավարած հանձնաժողովը «բարեփոխեցին» «Ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մասին» օրենքը, հետո ԵԽԽՎ պահանջով, իբր, էլի «բարեփոխեցին»: «Այդ օրենքը, ի դեպ, իրենք «Մարտի 1»-ից հետո երկու անգամ փոխեցին, բայց միեւնույն է՝ օրենքը դրանից ավելի լավը չդարձավ, ու հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը պնդում է այդ օրենքը բերել գոնե այն տեսքին, որ կար մինչեւ 2008-ի մարտի 1-ը: Ընդհանրապես նման բոլոր կեղտոտ գործերը, այդ թվում՝ «Քրեադատավարական օրենսգրքի», «Քրեական օրենսգրքի» փոփոխությունները, որոնք պահի խնդիր էին լուծում եւ բացառապես վերաբերում էին «Մարտի 1»-ով մեղադրվող քաղբանտարկյալներին, արվել են հենց նրա ու նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Հիմա նրանք երկուսն էլ իրենց կեցվածքով փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու» դիրքերից հանդես գալ»,- փաստեց Պ. Մակեյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում առկա քննադատության մի կոնկրետ հատված վերաբերում էր հենց քրեադատավարական օրենսդրությանն ու մասնավորապես դատարանում պաշտպանական եւ մեղադրող կողմերի միջեւ ստեղծված անհավասար պայմաններին, դատարանի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի» համար պաշտպաններին եւ ամբաստանվողներին դատարանի դահլիճից հեռացնելու պատժամիջոցներին: Դրանք, ի դեպ, այն դրույթներն էին, որոնք քրեադատավարական օրենսդրության մեջ իբրեւ «բարեփոխումներ» կատարվել էին հենց Դ. Հարությունյանի գլխավորած պետաիրավական հանձնաժողովի կողմից 2009-ին՝ հատկապես մարտիմեկյան գործերով անցնող «Յոթի» դատավարության ժամանակ քաղբանտարկյալների դեմ որպես մահակ օգտագործելու նպատակով:
Պ. Մակեյանը նկատեց, որ հիմա այդ գործերի դատաքննությունն ավարտվել է, եւ Դ. Հարությունյանը կարող է «հանգիստ խղճով» օրենսդրությունն էլի «բարեփոխել»: Կուսակցության ղեկավարը, որն, ի դեպ, 1995-99թթ.-երին որպես ՀՀ ԱԺ պատգամավոր եղել է պետաիրավական հանձնաժողովի անդամ եւ Դ. Հարությունյանի հետ աշխատանքի փորձ ունի, երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե «նա այն ժամանակ էլ էր կամակատար, հիմա էլ է այդպիսին», եւ հիշեցրեց նրա կեցվածքը նաեւ «Ա1+»-ի հարցում: «Հիմա ինձ համար Դ. Հարությունյանի պահվածքը, մեղմ ասած, անհասկանալի է ու անազնիվ: Բոլոր դեպքերում նա վերջին 10 տարվա ընթացքում իր գործունեությամբ միշտ վնասել է մեր պետականությանը: Նրա այսօրվա պահվածքից ես լուրջ մտավախություն ունեմ՝ սպասում եմ հերթական դավադրության: Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները, որոնց դասական իմաստով իշխանություն չես համարի, որովհետեւ նրանք ավելի շատ բանդա են հիշեցնում, իրականության զգացողությունը կորցրել են: Դա է ապացուցում նրանց գործունեությունը ե՛ւ ԼՂ-ի, ե՛ւ հայ-թուրքական, ե՛ւ ներքին խնդիրների հարցում: Նրանք, կարծես, չեն տիրապետում իրավիճակին, եւ դժվար է կանխատեսել, թե նրանց հաջորդ քայլը որը կարող է լինել, բայց բոլոր դեպքերում, այն էլ խորհրդարանական ընտրություններից առաջ, նրանցից լավ բան սպասելն անիմաստ է»,- հայտարարեց Պ. Մակեյանը: