Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ

Մարտ 23,2010 00:00

\"\"Գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը

– ՀՀԿ-ական նախարար Ներսես Երիցյանի հայտարարությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին զայրույթ է առաջացրել ոչ միայն պատգամավորների, այլեւ գործարարների եւ շարքային քաղաքացիների մոտ, քանի որ նրանք իրենց ամենօրյա կյանքում անմիջականորեն են զգում, որ ճգնաժամը չի հաղթահարվել:
– Ես մեր եւ ձեր նախարարների բաժանումը չեմ ընդունում: Ինձ համար կա կոալիցիոն կառավարություն, որտեղ երեք կուսակցությունների ներկայացուցիչները միահամուռ փորձում են լուծել ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրները: Ինչ վերաբերում է ճգնաժամին՝ այո, իհարկե, ճգնաժամի հաղթահարումը բառով եւ հայտարարությամբ չի, ճգնաժամի հաղթահարումը նախ եւ առաջ տնտեսական հստակ ցուցիչներով է, եւ երկրորդը՝ դա պիտի զգա համայն մարդկությունը, դա պիտի զգան ՀՀ քաղաքացիները եւ պիտի զգան իրենց կյանքի բարելավմամբ, իրենց կենսամակարդակի բարձրացմամբ: Այնպես որ, հայտարարություններով որեւէ բան որեւէ մեկին համոզել հնարավոր չէ: Բայց՝ հաղթահարե՞լ ենք արդյոք մենք ճգնաժամը, դա մոտեցումների խնդիր է: Ըստ իս, նախ մենք պիտի կարողանանք պատասխանել մի հարցի՝ դադարե՞լ է արդյոք տնտեսական անկումը, որովհետեւ մենք գործ ունենք մի բացառիկ ճգնաժամի հետ, որը համակողմանի է, համաշխարհային է, հսկայական տարածքներ գրավեց: Այսինքն՝ այս ճգնաժամը բազմաֆունկցիոնալ է: Նաեւ՝ այսպիսի ճգնաժամ աշխարհը չի հիշում, երբ մեկ տարի շարունակ ամբողջ համաշխարհային տնտեսությունը լինի անընդհատ անկման վիճակում: Այս իրավիճակում շատ կարեւոր է, որ մենք հասկանանք մի բան՝ դադարե՞լ է արդյոք անկումը:
– Այս հարցում որքանո՞վ են խորքային ԲՀԿ-ՀՀԿ հակասությունները:
– Չէի ուզենա, որ Հանրապետական եւ «Բարգավաճ» կուսակցությունների միջեւ լինեին խորքային հակասություններ: Եվ չեմ էլ կարծում, որ սա այդ պահն է: Բայց ես կարծում եմ, որ տնտեսական զարգացումների իմաստով մենք այսօր շատ լուրջ անելիքներ ունենք, եւ ես այդ մասին բազմիցս ասել եմ: Այն հակաճգնաժամային ծրագրերում, որոնք մեր կառավարության կողմից մշակվեցին եւ իրականացվեցին, շատ կարեւոր է օպերատիվությունը, կարեւոր են ճիշտ լուծումները: Վարկային ռեսուրսներ ներգրավելով հանդերձ՝ շատ կարեւոր է, որ ե՛ւ ֆինանսական ծրագրերի մեջ, ե՛ւ ֆինանսական գործիքների եւ գործողությունների մեջ մենք ունենանք գործարարին աջակցող ծրագրեր: Որովհետեւ, այո, այսօր գործարարների մի ստվար զանգված դժգոհում է ոչ միայն վարկային ռեսուրսների անմատչելիությունից, բոլորը հասկանում են, որ փողը թանկ է, այլեւ կարգավորող մեխանիզմների գործողության մեջ բազմաթիվ խրթին խնդիրներ կան, որոնք ավելորդ դժվարություն են, ավելորդ սահմանափակում են եւ կաշկանդում են գործարարին: Եվ եթե փորձում ես հասկանալ, որ աշխարհում պրոբլեմներ կան, եւ այդ պատճառով ենք մենք այս վիճակում, ապա ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ, թե մեր կառավարության այս կամ այն լիազոր մարմնի այս կամ այն որոշումից ինչու պիտի լրացուցիչ դժվարություններ ծագեն:
– Պատրաստվում է օրենքի նախագիծ, որը կհստակեցնի դաշտը, եւ գործարարությամբ զբաղվող գործիչները այլեւս հնարավորություն չեն ունենա շրջանցել օրենքը եւ հայտնվել խորհրդարանում: Գաղտնիք չէ, որ այսօր մեր խորհրդարանի կեսից ավելին հենց այդպիսի մարդիկ են: Դուք այս մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ միանգամից չեն ծնվում, օդից չեն հայտնվում քաղաքական բեմահարթակում: Սա գործընթաց է, եւ բոլոր երկրներում էլ այս գործընթացը տարիներ է տեւում: Իհարկե, Սահմանադրության պահանջը հստակ է, ես կարծում եմ, ուզենք թե չուզենք, ժամանակի մեջ պետք է գանք այդ պահանջը կատարելուն: Ինչ մեխանիզմով եւ ինչ ժամկետում՝ սա խնդիր է, որը մենք պետք է կարողանանք լուծել: Գործարարները իրենք էլ պիտի հասկանան, որ շատ ժամանակ են կորցնում, որ իրենց ուղղակի աշխատանքը՝ գործարարությունը, պահանջում է եւ պրոֆեսիոնալիզմ, եւ համապատասխան ժամանակ: Օրենքները եւս զարգանում են, դառնում են պաշտպանող, եւ կարիք չի լինում «կռիշայի» կամ մեկ այլ բանի: Սա էլ է գործընթաց, եւ սա էլ միանգամից չի լինում: Ասել, որ գործարարների փորձը, գիտելիքները, վերաբերմունքը բոլորովին անհրաժեշտ չեն այսօր խորհրդարանում, ճիշտ չի լինի: Շատ հարցերի քննարկումների ժամանակ կարեւոր եւ կամ կոնկրետ ոլորտների վերաբերյալ գործարարները բավական մասնագիտական մոտեցում են ցուցաբերում: Բայց գործարարները նաեւ աստիճանաբար հասկանում են, որ իրենց պետք է ոչ թե իրենց ուղղակի մասնակցությունը խորհրդարանի դահլիճում, այլ իրենց պրոֆեսիոնալ ներկայացուցիչները, որոնք իրենց աջակցությամբ կհասնեն խորհրդարան եւ կիրականացնեն խնդիրները ոչ թե կոնկրետ անձի համար, այլ ողջ տնտեսության զարգացման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել