Երեկ մշակույթի նախարարությունում կայացավ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին հյուրընկալած մոնոփառատոների ներկայացուցիչների ասուլիսը: Մասնակցում էին Վրոցլավի փառատոնի նախագահ Վեցլավ Գերասը (Լեհաստան), «Տեսպիս» փառատոնի տնօրեն Հանս Րաշկեն (Գերմանիա) եւ մի շարք մոնոփառատոների տնօրեն եւ խորհրդատու Նինա Մազուրը: Վերջինս ազգությամբ ուկրաինուհի է, սակայն բնակվում է Գերմանիայում: Նա նաեւ դրամատուրգ է, որի գործերը, ինչպես բնօրինակով, այնպես էլ այլ լեզուներով բեմադրվել են տարբեր երկրներում: Երեւանում բեմադրվել է Մազուրի «Ջուլիետ» մոնոպիեսը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նախկին դերասանուհի Էվելինա Շամհալովայի մատուցմամբ եւ նույն թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանի ռեժիսուրայով:
«Արմմոնոյի» պատվավոր հյուրերը լրագրողների հետ հիմնականում պրոֆեսիոնալ զրույց ծավալեցին, մեկնաբանելով, թե ինչ է մոնոներկայացումը եւ ինչով է այն տարբերվում մենախոսությունից: Ն. Մազուրը նշեց, որ այսօր հրատապ ու պահանջված են մոնոներկայացումները, քանի որ, նրա համոզմամբ, մարդիկ ուզում են բեմում «տետատետ» տեսնել դեմք, ապրումներ, հոգեվիճակ: Նրա խոսքով, դերասանն էլ պետք է ունենա այնպիսի էներգետիկա, որ ունակ լինի դահլիճը 40-60 րոպե պահել:
Ի դեպ, էներգետիկայի մասին, Վեցլավ Գերասին չէր գոհացրել մարտի 18-ի վախթանգովյան թատրոնի մոնոներկայացումը: Դժգոհության պատճառն այն էր, որ թատրոնը փորձել էր նորություն մցնել՝ մոնոներկայացման մեջ մեկ դերասանից զատ գործողությանը «օժանդակող» մեկ ուրիշին էլ ներառել, ինչը, ըստ Գերասի, անընդունելի է: «Եթե մոնոներկայացում է, ապա ամեն ինչ պետք է լինի կամերային եւ պարտադիր մեկ դերասանի առկայությամբ, այլ տարբերակ ինձ համար չկա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է դերասանի խաղին, այն Գերասին գոհացրել էր:
Ասուլիսին ներկա էր նաեւ գերմանաբնակ ուկրաինացի բեմադրիչ, դերասան Անդրեյ Կրիտենկոն, ով ընդգծեց մոնոներկայացումների՝ աշխարհում պահանջվածությունը եւ հայաստանյան փառատոնի բարձր կազմակերպվածութունը: Կրիտենկոն դասավանդում է Գերմանիայի արվեստի եւ երաժշտության բարձրագույն երկու դպրոցներում, միաժամանակ համատեղում ռեժիսուրան: Կրիտենկոյին զայրացնում են այն ներկայացումները, որոնք կրում են կոմերցիոն բնույթ: Նրա փաստմամբ, դրանք, որպես կանոն, անորակ են լինում: