Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի «Մերանը»

Մարտ 20,2010 00:00

Անցած տարվա հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշեց Քաշաթաղի շրջանային թերթ հրատարակելու նպատակով հիմնել «Մերան» ընկերությունը: Դեկտեմբերին լույս տեսավ «Մերանի» առաջին համարը:

«Մերանը» լույս է տեսնում ամիսը երկու անգամ, 500 օրինակ տպաքանակով: Ըստ «Մերան» ընկերության խորհրդի նախագահ Խաչիկ Բաղդասարյանի, Քաշաթաղը պետք է ունենար շրջանային թերթ,  ինչպես ունեն Ղարաբաղի այլ շրջանները: Բայց թերթը տարածվում է ոչ միայն Քաշաթաղում, այլ նաեւ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ու Հայաստանում:
Այսօր տպագրվող թերթերի առատության մեջ Խաչիկ Բաղդասարյանը «Մերանը» ավելորդ չի համարում: Նախ՝ որովհետեւ ոչ բոլոր թերթերն են հասնում Ղարաբաղ ու Քաշաթաղ եւ թերթ բաժանորդագրված են հիմնականում պետական կառույցները: Եվ հետո՝ «Մեր տարածքի՝ Քաշաթաղի բնակավայրերը իրարից հեռու են եւ կտրտված, տեղեկատվական կապ չկա: «Մերանը» լրացուցիչ օղակ է, որով ժողովուրդը կտեղեկացվի: Մենք անդրադառնում ենք Ղարաբաղի քաղաքական, տնտեսական նորություններին, մարդկանց կյանքին ու անցուդարձին»:
Քաշաթաղում առանձնապես շատ չեն նաեւ հեռարձակվող հեռուստաընկերությունները՝ «մեկ ղարաբաղյան եւ երկու հայաստանյան ալիք ենք նայում, ձորերի գյուղերում ընդհանրապես որեւէ ալիք չեն նայում: Իսկ «Մերանը» տարածվելու է բոլոր գյուղերում, անդրադառնալու է նաեւ օրենսդրական փոփոխություններին, որոնք առնչվում են մարդկանց սոցիալական խնդիրներին, մշակույթին: Օրինակ, ինչո՞ւ գյուղացին թերթից չիմանա, թե որերորդ երեխայի համար որքան գումար է ստանալու, ինչո՞ւ նման տեղեկություն ստանալու համար 50-60 կմ կտրի ու հասնի շրջկենտրոն՝ Բերձոր»:
«Քաշաթաղի շրջանը, այսպես ասած, «սփյուռք» ունի՝ Քաշաթաղից Հայաստան տեղափոխվածներ կան: «Մերանը» վաճառվելու է Երեւանի թերթի կրպակներում ու նախկին քաշաթաղցիները կարող են իրենց հին հարեւանների ու հարազատների մասին տեղեկություններ իմանալ «Մերանի» միջոցով: Կարծում եմ, դա նրանց կհետաքրքրի»,- ամփոփեց Խաչիկ Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել