Ինչո՞ւ պետք չէ վերադառնալ դասական ուղղագրությանը
Ինչպես տեսնում եք, վերնագիրս փոխ եմ առել Նշան Որբերյանի հոդվածաշարից (կոչվում է՝ «Ինչո՞ւ պետք է վերադառնալ դասական ուղղագրությանը»), որը մի քանի ամիս շարունակ տպագրվում էր «Առավոտում»: Այդ հոդվածաշարում, ինչպես միշտ, նման նյութերում առատորեն գործածված են «խեղագրում», «այլանդակում» եւ այլ նման բառեր, ինչպես եւ այն, որ ուղղագրական բարեփոխումները իրականացվել են կոմունիստական իշխանության ժամանակ, իսկ կոմունիստները որեւէ լավ բան անել չեն կարող ու չեն արել: Ես ժամանակին շատ եմ բանավիճել նման փաստարկների լեզվով (եւ համոզվել եմ այդպիսի վեճերի լիակատար անօգտակարության մեջ, նույնն է, թե քրիստոնյան ու մահմեդականը վիճեն, թե ում կրոնն է լավը): Այս հոդվածի իմ փաստարկները ուրիշ ոլորտից են:
Հարգենք պետությունը
Պարոն Որբերյանը ապրում է ԱՄՆ-ում, ուրեմն իմ այս փաստարկը լավ կհասկանա: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում գործածվում է անգլերենի ուղղագրության մի առանձնահատուկ տարբերակ (american spelling), որը տարբերվում է դասական բրիտանական ուղղագրությունից (british spelling): Այնպես որ, եկեք պատկերացնենք մեկին, որ ԱՄՆ-ում հանդես կգա կոչով՝ եկեք վերադառնանք մեր դասական, բրիտանական, սրբազան, ոսկեղենիկ, չխեղագրված ու էլ ես չգիտեմ, թե ինչպիսի ուղղագրությանը: Դա ամենեւին դժվար չի լինի, american spelling-ի տարբերությունը british spelling-ից շատ ավելի քիչ է, քան հայերենի այսօրվա ուղղագրության տարբերությունը դասականից: Մի երկու պարզ կանոն է պետք փոխել ընդամենը: Ինչո՞ւ ոչ ոքի մտքով չի անցնում նման կոչ անել ամերիկացիներին, իսկ Հայաստանի բնակիչներին՝ ինչքան ուզես:
Նույնքան անօգուտ կլիներ հակառակ ուղղությամբ փորձը. եթե մեկը բրիտանացիներին կոչ աներ անցնել ԱՄՆ-ի ուղղագրությանը՝ american spelling-ին: Օրինակ, ասեր՝ ի՞նչ կարիք կա անգլերեն «գույն» բառը, որը կարդացվում է «քոլըր», գրել՝ colour, այսինքն, ավելորդ ու չհնչվող «u» տառով: Տեսեք, ԱՄՆ-ում գրում են color, ու շատ լավ է: Դարձյալ՝ ոչ մեկի մտքով չի անցնում:
Պատճառը, իմ համոզմամբ, մեկն է: ԱՄՆ-ի եւ Անգլիայի դեպքերում բոլորը գիտեն, որ այդ երկրներում ընդունված է այդ ուղղագրությունը, այդ spelling-ը: Պարզապես ՀԱՐԳՈՒՄ են այդ երկրները, գիտենալով, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր spelling-ը:
Իսկ Հայաստանի Հանրապետությանը չեն հարգում, պատրաստ են նրան բոլորը դասեր տալ: Թող ասածս սխալ չհասկացվի, թե նկատի ունեմ միայն սփյուռքահայերին, Հայաստանին դասեր տալու ցանկացողները շատ են թե՛ այս երկրում, թե՛ արտասահմանում:
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, եկեք հարգենք այս երկիրը: Այս երկրի spelling-ը սա է: Որքան էլ որ դուք այն համարեք «խեղված» եւ այլն, բարի եղեք հաշտվել դրա հետ: Իսկ այստեղ spelling-ի փոփոխության առաջարկություն արեք միայն այն դեպքում, երբ նման առաջարկությունը կանցնի ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում: Չէ՞ որ այնտեղ փոփոխություն անելն ավելի հեշտ կլինի: Մի երկու պարզ կանոններ կընդունեն ու վերջ:
Պառակտման կեղծ առասպելը
Դասական ուղղագրությանը վերադառնալու կողմնակիցների՝ իրենց կարծիքով անհաղթահարելի փաստարկներից մեկն էլ այն է, որ ուղղագրությունների տարբերությունը պառակտում է առաջացրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:
Գուցե եւ ինչ-որ ժամանակ սա ճիշտ է եղել, բայց այսօր…
Սկսեմ նրանից, որ ճիշտ չէ պնդել, թե ողջ Սփյուռքն օգտագործում է միայն դասական ուղղագրությունը: Կա նրա երկու պատկառելի մեծության հատված, որոնք սովոր են նոր ուղղագրությանը: Ես նկատի ունեմ նախ՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ապրող ոչ սակավաթիվ հայերին: Երկրորդ՝ այլ երկրներում նույնպես հիմա կան բազմաթիվ հայեր, որոնք ծնվել են Հայաստանում, ու սովոր են այստեղի ուղղագրությանը: Ասում են՝ Լոս Անջելեսում դրանք արդեն կազմում են տեղի հայության կեսը, այնտեղ, եթե չեմ սխալվում, արդեն նոր ուղղագրությամբ թերթեր էլ են հրատարակվում:
Հիմա՝ կարծեցյալ պառակտման մասին: «Պառակտում» բառը տեղին կլիներ, եթե, ասենք, 1990-ականների առաջին կեսում մենք ունենայինք գոնե մի դեպք, երբ սփյուռքահայն ասեր. «Ես կգնայի Ղարաբաղի համար կռվելու, բայց քանի որ այնտեղ հրաժարվել են դասական ուղղագրությունից…»: Ձեզ հայտնի՞ է գոնե մեկ նման դեպք: Ինձ էլ հայտնի չէ:
Կամ՝ ձեզ հայտնի՞ է գոնե մի դեպք, եթե սփյուռքահայ գործարարն ասի. «Հայաստանում շատ եմ ուզում ներդրումներ անել, բայց այնտեղ ուրիշ ուղղագրություն են կիրառում, այդ պատճառով չեմ կարող»: Կամ՝ սփյուռքահայը հրաժարվի գալ Հայաստանում բնակվելու, որովհետեւ այստեղի ուղղագրությունն իրեն խորթ է: Հայտնի՞ է որեւէ մեկին այսպիսի գեթ մեկ օրինակ: Ինձ հայտնի չէ:
Այնպես որ, ուղղագրության պատճառով պառակտման մասին պնդումը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Ընդհակառակը՝ իսկական պառակտումը սկսվում է ճիշտ այն պահից, երբ որեւէ մեկը հարց է բարձրացնում միասնական հայերեն ուղղագրության անցնելու, լինի դասականը, թե նորը: Այ այստեղ առաջանում է իսկական հայկական կռիվ-պառակտում: Դասականի ու նորի կողմնակիցները սկսում են իրենց բանավեճը, որը քիչ առաջ համեմատեցի քրիստոնյայի ու մահմեդականի բանավեճի հետ…: Բանավեճը հեշտությամբ անցնում է վեճի ու վիրավորանքների…:
Ի սեր Աստծո, պետք չէ: Եկեք գոնե այս գործում նոր պառակտում չսարքենք: Դրա համար պետք է, որ այլեւս երբեք չբարձրացվի միասնական ուղղագրության անցնելու խնդիրը: Այսօրվա վիճակն էլ վատ չէ, թող մնա, ինչպես կա: