Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐԵՆԴ՝ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՄԱՐ

Մարտ 20,2010 00:00

Հայաստանի դիզայներների միության նախաձեռնությամբ եւ կառավարության համաձայնությամբ, առաջիկայում նախատեսվում է դիզայնի պետական կենտրոն ստեղծել: «Առավոտի» հետ զրույցում երեկ դիզայներների միության նախագահ Մարտին Կակոսյանը հավատացրեց, որ այն իր բնույթով եւ գործունեությամբ առանձնահատուկ է լինելու. «Յուրաքանչյուր նախագիծ կյանքի կոչելուց առաջ պետք է դիզայներական հայեցակարգ մշակվի, օրինակ՝ այսօր բազմաթիվ օբյեկտներ, որոնք մենք տեսնում ենք, միայն պատվիրատուի ճաշակով են արված եւ դիզայներական բազմաթիվ խախտումներով, մինչդեռ դիզայներական մոտեցումները հիմնավորված են գիտական մտածելակերպի եւ միջազգային փորձի հաշվառմամբ: Մեր նպատակն է համակարգել ոլորտը, նաեւ ազդեցություն ունենալ քաղաքի կանաչ գոտիների ձեւավորման հարցում»: Պարոն Կակոսյանի խոսքերով, նախատեսվող կենտրոնը կապահովի նաեւ հայկական արտադրանքի մրցունակությունը. «Բոլոր այն արտադրողներն եւ արտահանողները, ովքեր ցանկանում են մրցունակ լինել, մենք կառաջարկենք անհրաժեշտ նկատառումներն ու նպատակակետերը, որոնք իրենց օրինակ կծառայեն՝ աշխատանքները կոորդինացնելու հարցում: Նախատեսում ենք հայկական դիզայնի բրենդ ստեղծել՝ հայկական մտածելակերպի, ճաշակի մարմնացումը, որը, իմ կարծիքով, զգալի ու ուրույն տեղ կունենա միջազգային շուկայում»: Իսկ արտերկրում պահանջարկի խնդիրներ դիզայները չի տեսնում, նրա համոզմամբ, պարզապես անհրաժեշտ է ուսումնասիրել սպառման շուկան: Դիզայների խոսքով, ճգնաժամային պայմաններում ոլորտը զարգացնելու համար, իհարկե, կան որոշակի խնդիրներ, բայց. «Ճգնաժամից դուրս գալու ճանապարհներից մեկը հենց դիզայնի կիրառումն է՝ կենցաղային ապրանքներից մինչեւ ռազմական արդյունաբերություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել