Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ» ԿՀԻՇՎԻ

Մարտ 20,2010 00:00

Մոսկվայի Եվգ. Վախթանգովի անվան թատրոնի մոնոներկայացումը հորանջելու առիթ չտվեց

\"\"

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հայաստանցի հանդիսատեսը մարտի 18-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում հնարավորություն ունեցավ վայելելու Մոսկվայի Եվգ. Վախթանգովի անվան թատրոնի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը՝ ըստ Գոգոլի, որ բեմադրել էր Ռիմաս Տումինասը: ՌԴ վաստակավոր արտիստ Յուրի Կրասկովը հրաշալի խաղաց տիտուլյար խորհրդական Պոպրիշչինի դերը: Անկեղծ ասած, մոնոներկայացումը «ծանր» ժանր է, նույնպիսի նյութ էլ Գոգոլն է: Բայց հանդիսատեսը ողջ ներկայացման ընթացքում շունչը պահած գամված էր աթոռներին: Պատճառը ոչ միայն դասականի լեզուն էր ու ցավի աստառով նրա հումորը, այլեւ Կրասկովի վարպետ խաղը: Արտիստը վերստին փաստեց, որ քանիհարյուր տարեկան էլ լինի Գոգոլը, չի հնանում, որովհետեւ կյանքը մեծ հաշվով չի փոխվում: Մարդիկ երազում են, տառապում, երբեմն անհույս սիրահարվում, ձախողվում ու անգամ խելագարվում:
Ռեժիսոր Տումինասը այս մոնոներկայացմամբ ուզում է ասել, որ «փոքր մարդու» թեման միշտ էլ արդիական է: Այս շեշտադրումն ուժեղացնելու համար նա հարստացրել է «Հիշատակարանը»՝ «Շինելից» եւ Գոգոլի անձնական գրառումներից վերցրած պատառիկներով: Ասում են՝ Բելինսկին «Խելագարի հիշատակարանը» ժամանակին անվանել է ծաղրանկար՝ պոեզիայի ու փիլիսոփայության փրփուրներով:
Ներկայացման մեջ հետաքրքիր մի էֆեկտ կար. Կրասկովը խաղում էր շղարշի հետեւում եւ նրա առաջ: Այն մեկ ցուցափեղկ էր, մեկ պատուհան ու մեկ էլ հայելի՝ ոչ միայն գլխավոր հերոսի, այլեւ հանդիսատեսի համար: Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Ռ. Տումինասը նշել է, որ ինչքան շատ են ուսումնասիրում Գոգոլին, այնքան դժվար է կայանում իրենց «փոխհարաբերությունը»՝ Գոգոլը շա՜տ խորն է: Բեմադրիչի հավաստմամբ, դերասանական առումով գոգոլյան տեքստերը դժվար իրագործելի են: Հավելեմ, որ «Խելագարի հիշատակարանը» ներկայացման մեջ մեծ դեր ուներ երաժշտությունը՝ իբրեւ թատերական ուրույն լեզու եւ արտահայտչամիջոց. դաշնամուրի առաջ ՌԴ վաստակավոր արտիստուհի Նատալյա Գավրիլովան էր, որը, կախված բեմադրության «իրավիճակից»՝ համապատասխան «դեր» էր ստանձնում:
Հայ հանդիսատեսին դուր եկավ կրասկովյան Պոպրիշչինը: Տեղին է նշել, որ մոնոներկայացումը յուրօրինակ լակմուս է արտիստի համար: Նաեւ այդկերպ կարելի է չափել նրա բեմական «դիմադրողականությունը» եւ նյութի հաղթահարումը, որի դեպքո՛ւմ միայն հանդիսատեսը չի հորանջում:

Հ. Գ. Հարկ է նշել, որ նույնքան արվեստով էր ներկայացման ավարտին Յու. Կրասկովի եւ դաշնակահարուհու խոնարհումը հանդիսատեսին, մի բան, որ չենք կարող ասել նրանցից մեկ օր առաջ ելույթ ունեցած Գենադի Խազանովի մասին: Տպավորությունն այնպիսին էր, որ հումորիստը արհամարհական է տրամադրված ու վերեւից է նայում հանդիսատեսին, որովհետեւ Երեւան էր եկել ընդամենը հերթական «գրդոնի» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել