Ուրբաթ օրը Աթենքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում, որտեղ տեղակայված է ծայրահեղ աջերի «Խրիսի Ավգի» («Ոսկե արշալույս») կազմակերպության գրասենյակը, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: «Reuters»-ի մատուցմամբ, զոհեր չկան, եւ տեղի ունեցածի համար ոչ ոք դեռ պատասխանատվությունը չի ստանձնել: Հայտնի է միայն, որ պայթյունից առժամանակ առաջ անհայտ մեկը զանգել է տեղական թերթերի խմբագրություններ եւ հաղորդել է ազգայնական կազմակերպության գրասենյակի մոտ կասկածելի տուփի առկայության մասին:
Սա Հունաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին պայթյունը չէր: Դրանք շարունակական բնույթ են կրում 2008թ. դեկտեմբերից ի վեր՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գնդակահարեց 15-ամյա մի պատանու: Հենց այդ սպանությունից հետո էր, որ մայրաքաղաքում ծայր առան բողոքի զանգվածային ակցիաներ եւ պայթյուններ: