Մարտի 18-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, թե Ռուսաստանը հուլիսին շահագործման է հանձնելու իրանական Բուշեր քաղաքի ատոմային էլեկտրակայանը, տհաճ անակնկալ է եղել այդ պահին պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար: Միջազգային ԶԼՄ-ները դա որակում են որպես Քլինթոնին հասցված ապտակ: «The Wall Street Journal»-ի դիտարկմամբ, Պուտինի հայտարարությունը խախտում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ձեռք բերված լռելյայն համաձայնությունն առ այն, որ Մոսկվան վառելիք չի մատակարարելու Բուշերի ԱԷԿ-ին՝ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինը չի համաձայնել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ: Բացի այդ, վերլուծաբանների կարծիքով, Պուտինի հայտարարությունը հակասում է այդ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի դիրքորոշմանը եւ խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը Մոսկվայում էր Մերձավոր Արեւելքի հիմնախնդրով զբաղվող միջազգային միջնորդների՝ «քառյակի» հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այդ նիստում, ի դեպ, «քառյակը»՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ, դատապարտել են Իսրայելի՝ Արեւելյան Երուսաղեմում հրեաների համար նոր բնակավայրերի շինարարություն ծավալելու ծրագրերը:
«Քառյակն» իր տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Իսրայելին կոչ է արել ձեռնպահ մնալ այդ ծրագրի իրագործումից, իսկ կողմերին հորդորել է հանգստություն, զսպվածություն ցուցաբերել ու խուսափել սադրիչ գործողություններից ու հռետորաբանությունից:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը վերաբերում է վերջնական կարգավիճակին առնչվող հարցերի շարքին, որը պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով»: Դիվանագետները նաեւ Իսրայելին եւ Պաղեստինի ինքնավարությանը կոչ են արել միջնորդավորված բանակցություններ սկսել, որոնք 24 ամիսների ընթացքում պետք է հանգեն հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ձեւավորմանն ու Իսրայելի հետ խաղաղ համակեցությանը: