Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորի ու աղավաղումների մասին

Մարտ 20,2010 00:00

Մասնագետները մտահոգված են

Երեկ «Տեսակետ» ակումբում «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտն ու Հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն Մհեր Նավոյանն իրենց մտահոգությունները հայտնեցին երաժշտության ներկա վիճակի մասին:
Ըստ Մ. Նավոյանի, դասական եւ հոգեւոր երաժշտությունը դրսում ավելի մեծ ուշադրության եւ ջերմության է արժանանում. «Դա նրանից է, որ մեր մշակույթը Եվրոպայում ավելի ակտիվ է ներկայացվում: Դրսում ելույթ ունեցող ցանկացած հայ դասական երաժիշտ կամ հայկական մշակույթի ներկայացուցիչ կնկատի՝ օտար ունկնդիրը մի քանի անգամ ավելի ուշադիր է հայ մշակույթի հանդեպ, քան այստեղ մենք՝ տանը»: Նրա փոխանցմամբ, պատճառները տարբեր են. «Պատճառներից գերական այն է, որ մենք գլխակորույս նետվել ենք շուկայական մտածողության մեջ՝ շուկայականացնելով ամեն բան: Հասկանալի է, որ մշակույթի մեջ էլ պետք է լինեն շուկայական մոտեցումներ, բայց ամե՞ն բան… Արդեն մտահոգության տեղիք է տալիս: Սրա վերջը մշակույթի արժեհամակարգի փլուզումն է»:
Բանախոսը ուրախությամբ փաստեց, որ շուկայականացումը հոգեւոր երաժշտությանը դեռ չի հասցրել կլանել, ինչպես ժողովրդական երգարվեստին. «Առկա ժողովրդական արվեստին առընթեր ձեւավորվում է կեղծ ժողովրդական արվեստ՝ փոփ աստղերն ու աստղիկներն իրենց համար հնարում են ժողովրդականանման երգեր… Երաժշտական կենցաղը ագրեսիվ վարք է դրսեւորում ազգային եւ հոգեւոր դասական երաժշտության շերտերի հանդեպ»:
Դանիել Երաժշտի համար դասական եւ հոգեւոր երաժշտության ներկա վիճակը նորություն չէ. «Դասական երաժշտությունն այսօր այնպիսի՜ վայրիվերումների է ենթարկվում…Հսկողությունից դուրս է եկել ամեն ինչ: Արժեքների ճիշտ գնահատում չկա: Այսօր ինչ-որ շարժվում է՝ դրանից փող են աշխատում: Արվեստն էլ են սարքել ապրանք: Դա մեր հիմնական դժբախտությունն է, ժամանակն է, որ խառնվի պետությունը…»:
Թե ինչպես լուծել խնդիրը եւ փրկել դասականն ու հոգեւորը, Մ. Նավոյանն ասաց. «Մե՛նք չենք սկսել այդ տհաճ խաղը (նկատի ունի աղավաղումն ու դեգրադացումը- Լ. Շ.), ուստի դրա կասեցումը բարդ է: Եվ հետո, որքան էլ լուծումներ առաջարկենք, միեւնույն է՝ ոչ ոք տեղից չի շարժվի, միայն բարձրաձայն կասեն՝ եկեք լուծենք, ու էլի ոչինչ չի փոխվի»:
Բանախոսները անդրադարձան նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդելու ու նրա տեղում եկեղեցի կառուցելու հայտնի որոշմանը:
Մ. Նավոյանի խոսքով, ներկա ամառային դահլիճը գեղարվեստական արժեք չի ներկայացնում եւ ծիծաղելի է, որ այն դասվում է ճարտարապետական հուշարձանների շարքին. «Համաձայն եմ, որ դահլիճի տեղահանումը երեւանյան մշակութային անկյունի փլուզում է, բայց եկեղեցու կարիքը միշտ էլ կա: Քաղաքի դեմքը խեղած ճարտարապետական հեղեղի մեջ եկեղեցի կառուցելը թերեւս ամենամեղմ տարբերակն է»:
Դանիել Երաժիշտն էլ շեշտեց, որ եկեղեցին հայ հոգու համար ավելի կարեւոր է, քան բացօթյա համերգային դահլիճը. «Կողմ եմ, որ եկեղեցի լինի: Ովքեր անհանգստանում են քաղաքը աղավաղելու համար, թող նախ մտածեն Հյուսիսային պողոտայի մասին, որն ասես երկնաքար լինի Երեւանի վրա՝ այլ մոլորակից ընկած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել