Կիպրոսի նախկին Մելքոնյան վարժարանի հիմքի վրա անհրաժեշտ է ստեղծել բարձրորակ, նյութապես ամուր եւ առողջ կառավարման համակարգ ունեցող համահայկական դպրոց: Ըստ «Նոյյան տապանի», երեկվա ասուլիսում այսպիսի հայտարարությամբ հանդես եկան համահայկական դպրոցի հիմնման նախաձեռնող խմբի անդամները: Նրանցից մեկը՝ Մեսրոպ քահանա Արամյանը, նշեց, որ այսօր դարաշրջանի շնչին համապատասխան հայկական կրթօջախներ չկան, եւ, փաստորեն, ողջ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը մեկ ընդհանուր կրթական ծրագիր չունի: «Մենք պետք է իմանանք՝ ինչ ենք փոխանցելու եկող սերունդներին»,- ասաց նա, հավելելով, որ պատմության մեջ հայ ժողովուրդը մշտապես ապավինել է գիտելիքին եւ հոգեւոր արժեքներին:
Մեսրոպ քահանա Արամյանը հայտնեց, որ 2005թ.-ին փակված Մելքոնյան վարժարանի շենքը, որը պատկանում է Հայ բարեգործական միությանը, ներկայումս հանվել է վաճառքի: Նրա խոսքերով, նախաձեռնող խումբը պատրաստ է բանակցություններ սկսել միության հետ, որպեսզի շենքը շարունակի օգտագործվել զուտ կրթական նպատակով: Նախաձեռնող խմբի անդամ, Շվեյցարիան ներկայացնող Արդեն Շելեֆյանը չբացառեց, որ վաճառվելու դեպքում շենքը կարող է վերածվել հյուրանոցի կամ շահույթ հետապնդող ինչ-որ օբյեկտի, ինչը անթույլատրելի է: Նրա խոսքերով, այդ շենքի տարածքում հայկական շունչ կա, տեղադրված են հայ գործիչների արձաններ: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ համահայկական դպրոցը պետք է հիմնվի Կիպրոսում, այլ ոչ թե Հայաստանում, նախաձեռնող խմբի անդամ, Կիպրոսը ներկայացնող Մարտիրոս Մինասյանն ասաց, որ այդ երկրում հայերի իրավունքները եւ արեւմտահայերեն լեզուն պաշտպանված են ամենաբարձր մակարդակով: Նույն հարցի առնչությամբ Ա. Շելեֆյանը նշեց, որ Կիպրոսը հարմար է նաեւ աշխարհագրական առումով. այնտեղ կգնան սովորելու թե՛ Եվրամիության, թե՛ Միջին Արեւելքի երկրներում բնակվող հայերի երեխաները: Իսկ Մեսրոպ քահանա Արամյանը շեշտեց, որ պետք է ձգտել զարգացնել սփյուռքյան կառույցները, քանի որ Սփյուռքի հզորությամբ է Հայաստանը ուժեղ: «Այսօր թուրքերը Ֆրանսիայում դպրոցներ են բացել եւ ֆրանսիացիներին թուրքերեն լեզուն ու մշակույթն են ուսուցանում»,- ասաց նա՝ նշելով, որ հայերը եւս պետք է հայկական կրթօջախներ ունենան արտասահմանում: