Մասնավոր դպրոցներն էլ չափն անցնում են
Ոչ պետական կամ մասնավոր դպրոցների մեծամասնությունում կրթական գործունեության խեղաթյուրման հետ կապված խնդիրներին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Դեռ անցյալ տարվա կեսերին, երբ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ստուգումներ էր իրականացրել 46 ոչ պետական ուսումնական հաստատություններում, դրվել էր այդ դպրոցներից 10-ի փակման հարցը, բայց դրանք դեռ գործում են: Երբ ժամանակին ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ գործն ավարտին չհասցրին, նա, մեր գլխի տակ «փափուկ բարձ» դնելով՝ ասաց, որ 2009-ի օգոստոսից ուժի մեջ են մտել լիցենզավորման նոր կարգեր, եւ քանի որ օրենքը 6 ամիս ժամանակ է տալիս ուսումնական հաստատություններին կրթական գործունեությունը պահանջվող նորմերին համապատասխանեցնելու համար, ապա 2010-ի հունվար-փետրվարին՝ ժամկետը լրանալուց հետո, կրկին ուսումնասիրություններ կկատարվեն այդ դպրոցներում եւ հետո կորոշվի նրանց ճակատագիրը: Մարտն էլ կիսվեց, բայց դեռ լուր չկա: Նշված խնդիրը մտահոգել է նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: «Առավոտի» հետ զրույցում նա փաստեց. «Կան այնպիսի հաստատություններ, որտեղ 90-100%-ով բացասական արդյունք է գրանցվել ԳԹԿ ընթացիկ ստուգումների ժամանակ: Օրինակ՝ «Իմպրոռիթմ» միջնակարգ ոչ պետական դպրոցում քսաներկու 11-րդ դասարանցիներից 7-ը հայոց լեզվից է անբավարար ստացել, 12-ը՝ մաթեմատիկայից, «Կյանքի խոսքում» 100%-ով «կտրվել» են մաթեմատիկայից, «Աղասի Այվազյան» հեղինակային դպրոցում չորս 11-րդ դասարանցիներից՝ 3-ը, «Օհանյան վարժարան» ՍՊԸ-ում՝ 11-րդ դասարանի 14 աշակերտներից 13-ն էլ են տապալվել մաթեմատիկայից… Ինչի՞ համար են այս դպրոցները լիցենզիա ստացել, եթե նման արդյունք են տալիս: Արդյո՞ք ծնողները գիտեն՝ ում են վստահել երեխաների կրթությունը եւ ինչու են գումար վճարում»: Տիկին Բախշյանը նամակներ է հղել ԿԳ նախարարին, լիցենզավորման վարչությանը, կրթության պետական տեսչությանը, հարկային մարմիններին, կադաստրի պետին եւ եկել այս եզրակացությանը. «Մասնավոր դպրոցի ինստիտուտի կայացումը կարեւոր է կրթության համակարգում մրցակցային դաշտ ստեղծելու համար: Ես կողմնակից եմ այն ոչ պետական դպրոցներին, որոնք մանկավարժության մեջ նորույթ են բերում, մինչդեռ մեզանում որոշ մասնավոր դպրոցներ այլ նպատակ ունեն. դրանք ցածրորակ բիզնեսի միջոց են եւ խաբում են ծնողներին ու պետությանը: Իհարկե, կան դպրոցներ, որոնք իրականացնում են բարձրորակ կրթություն, օրինակ՝ «Քվանտ» վարժարանը»:
Ա. Բախշյանը պարզել է ոլորտում գոյություն ունեցող մի շարք անհամապատասխանություններ: Օրինակ՝ ԿԳՆ լիցենզավորման վարչությունը պատգամավորի հարցման առիթով տրամադրել է տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ-ում գործում են 60 ոչ պետական դպրոցներ, որոնցից առնվազն 40-ը՝ Երեւանում: Այնինչ, ըստ «Հանրակրթությունը Հայաստանում 2008-2009 ուստարում» վիճակագրական տվյալների՝ Երեւանում գործում է 27 մասնավոր դպրոց, իսկ ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ 15: «Սա վկայում է բնագավառի բարձիթողի վիճակի մասին: ԿԳՆ կրթության տեսչությունն ինձ տրամադրել է դրանցից 48-ում կատարված ստուգումների արդյունքները, որոնցում նկարագրված խախտումները, առաջարկությունները վերաբերում են լիցենզիայով պահանջվող շենքային պայմանների անհամապատասխանությանը, ուսումնական ծրագրերին, պլաններին, դասացուցակին եւ կրթությունը պետական չափորոշիչներին համապատասխան չիրականացնելուն: Ստուգումների արդյունքները կասկածի տակ են դնում այն, որ այդ դպրոցները լիցենզիա են ստացել՝ ներկայացնելով փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը: Հատկապես պետական դպրոցների հետ կնքված պայմանագրերը կրում են ձեւական բնույթ, որի վրա աչք է փակում լիցենզավորման վարչությունը, եթե հարց չի բարձրացնում, թե նույն ժամին նույն շենքում գործող 2 դպրոցների (պետական եւ ոչ պետական) աշակերտներն ինչպե՞ս են համատեղությամբ օգտվելու նույն լաբորատորիաներից, մարզադահլիճից… Կամ, օրինակ՝ «Կյանքի խոսք» դպրոցը գործում է Երեւանում, իսկ նրա մարզադահլիճն ու լաբորատորիան վարձակալված են Աբովյան քաղաքում եւ այլն: «Լիցենզավորման մասին» օրենքի մեջ չկա մի կետ, ըստ որի կարող են որեւէ դպրոցից լիցենզիան ետ վերցնել: Ուրեմն, որքան խստորեն եւ կրթության շահերից ելնելով պետք է լիցենզիա տրամադրվի, որ ամեն պատահական ՍՊԸ կրթությունը բիզնես չդարձնի»: Պետությանը խաբելու «մասով» էլ տիկին Բախշյանը վկայակոչեց լիցենզավորման օրենքի այն դրույթը, որ լիցենզիա ստանալու համար դպրոցը պետք է ունենա նաեւ ՀԴՄ-ի մասին տեղեկանք, այնինչ, պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2009-ին լիցենզիա ստացած 15 ոչ պետական դպրոցներից ընդամենը 9-ը ունի այդպիսին: Մեր զրուցակիցը փաստում է. «ՀՀ սահմանադրությամբ յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք, որը երաշխավորում է պետությունը՝ անվճար միջնակարգ կրթությամբ: Այդ մասով պետությունն իր պարտականությունը չի կատարում՝ ոչ տալիս է, ոչ էլ պահանջում»: