Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ «SOS»-ն էլ սկսեց աշխատել

Մարտ 20,2010 00:00

ՀՀ Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ Իջեւանում հիմնված «SOS մանկական գյուղը» արդեն գործում է: Երկու ընտանիք, թեեւ ոչ ամբողջությամբ համալրված, արդեն բնակվում է գյուղում: Այսօր աշխարհի մոտ 130 երկրում կա 500 «SOS մանկական գյուղ», ուր ապրում է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ 78 000 երեխա: Հայաստանում առաջին «SOS մանկական գյուղը» հիմնվել է Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989-ին, Աբովյան քաղաքում: Աբովյանի «SOS մանկական գյուղում» այս պահին ապրում է մոտ 60 երեխա: Այս գյուղերը կոչված են իրականացնել ծնողազուրկ կամ ծնողական խնամքից զրկված երեխաների երկարաժամկետ խնամք:
Իջեւանի «SOS»-ը 14 ընտանիքի համար է, ամեն ընտանիքում ապրելու է 4-5 երեխա: Կառուցված բնակարանները ապահովված են կենցաղային բոլոր պայմաններով, «առաջնեկ» երկու ընտանիքների մայրերն ու մորաքույրերը, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմն արդեն սկսել են աշխատել:
Երեխաների դաստիարակությունը չի սկսվում ու ավարտվում միայն նրանց սննդով եւ հագուստով ապահովելով, այլ հարկ է նաեւ բազմակողմանի կրթություն, յուրաքանչյուրին ըստ իր հետաքրքրությունների՝ հնարավորությունների ստեղծում՝ «SOS»-ը համագործակցում է բոլոր այն կրթօջախների հետ, որտեղ հաճախում կամ պիտի հաճախեն գյուղի փոքրիկ բնակիչները: Այս նպատակով արդեն ձեւավորվել է համագործակցություն Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հետ: Ընդամենը օրեր առաջ «SOS»-ը կրթօջախին տրամադրեց համակարգիչներ եւ այլ սարքավորումներ՝ կաբինետ ձեւավորելու համար: «SOS»-ի ուշադրության կենտրոնում կլինի նաեւ նույն թաղամասի մանկապարտեզը: Բացի դրանից, ուսուցիչների համար կազմակերպվում են սեմինարներ, ինչը, ըստ «SOS»-ի պատասխանատուների, պետք է նպաստի գյուղի փոքրիկ բնակիչների առավել հեշտ ինտեգրմանը եւ հնարավորություն տա հնարավորինս խուսափել հոգեբանական խնդիրներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել