Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Մարտ 20,2010 00:00

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աղտոտում է շրջակա միջավայրը եւ անպատասխան թողնում ահազանգերը

\"\"Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող քայքայված թափոնատարը մեծ վտանգ է ներկայացնում մերձակա համայնքի բնակչության առողջության եւ անվտանգության համար: Այս ահազանգը երեկ բարձրաձայնեցին Սյունիքի շահերի պաշտպանության (ՇՊԱԿ) եւ աջակցության կենտրոնում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը եւ Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման հ/կ տնօրեն Տիգրան Ստեփանյանը:
«1970-ականներին կառուցված կոմբինատի պոչատարի պատերի տեղ-տեղ քայքայումից թափոնատարից \"\"դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ եւ մարդկանց, եւ կենդանիների շրջանում: Բացի դա, պոչատարից մթնոլորտ արտանետվող թունավոր օդը բացասական ազդեցություն է թողնում բնակչության ինքնազգացողության վրա»,- նշում են ահազանգի հեղինակները:
Առայժմ համայնքային նշանակություն ունեցող այս լրջագույն խնդիրը բացահայտվեց այն ժամանակ, երբ Շղարշիկ բանավանի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը դիմեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղին եւ պատմեց, որ իր ջրավազանում իշխան տեսակի 3000 ձուկ է սատկել: Վլադիմիր Մկրտչյանը իրավաբանական աջակցություն էր խնդրել ու հավաստիացրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարից արտահոսող արտադրական պոչը խառնվել է իր ջրավազանը սնուցող ձորի ջրերին, ինչն էլ հանգեցրել է ձկների թունավորմանը: Ասվածը հաստատել է նաեւ հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային, ախտորոշիչ կենտրոնի փորձաքննությունը, որի եզրակացության մեջ նշվել է, որ ձկները սատկել են ծծմբաջրածնի պատճառով. փորձաքննությունը ծծմբաջրածին է հայտնաբերել եւ ջրի, եւ ձկների մեջ: Խնդրով զբաղվող կազմակերպությունները գրություններ են ուղարկել եւ կոմբինատի ղեկավարությանը, եւ դատախազություն, եւ Սյունիքի մարզպետարան ու Կապանի քաղաքապետարան: Մարզպետարանի աշխատանքային խումբը եղել է «դեպքի վայրում» եւ արձանագրել, որ թափոնատարից դուրս է գալիս կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ջուր եւ խառնվում հարակից ձորով հոսող գետին եւ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին:
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել հանգամանքների ուսումնասիրությամբ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է: «Գործի հարուցումը մերժելը հիմնավորվել է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Խաչատրյանի բացատրագրով: Մենք փորձեցինք պարոն Խաչատրյանից որոշակի պարզաբանումներ ստանալ, սակայն պատասխան գրությունից պարզվեց, որ նա չի մասնակցել դեպքի վայրի եւ սատկած ձկների զննությանը եւ ձեռքի տակ ունեցած մասնագիտական գրականությունից օգտվելով՝ գրավոր իր կարծիքն է ներկայացրել դեպքի վերաբերյալ»,- ասում է Արշավիր Խալափյանը: Սրանից հետո Խալափյանը գրավոր դիմել է բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին, որտեղից էլ տեղեկացրել են, թե թափոնատարը գտնվում է լավ վիճակում: Սակայն ականատեսների պատմածն ու լուսանկարները հակառակ պատկերն են արձանագրում: «Մեր գնահատմամբ, տեղի է ունենում մարդու իրավունքների ոտնահարում եւ պետական մարմինների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ, որոնք պարունակում են նաեւ կոռուպցիոն ռիսկեր»,- նշում են օրվա բանախոսները:
Կապանի քաղաքապետը խոստացել է աջակցել թափոնատարի խնդրով զբաղվող կազմակերպություններին եւ միայն կոմբինատի ղեկավարությունն է, որ ոչ մի պատասխան չի տվել: Ըստ բանախոսների, բանավանի 29 բնակիչների՝ նույն թափոնատարի վերաբերյալ դիմումին էլ կոմբինատի գլխավոր տնօրենը չի պատասխանել: «Հիմնախնդրի լուծումը մեծ ծախսեր չի պահանջում: Կոմբինատը պարտավոր է միջոցառումներ իրականացնել միջավայրը չաղտոտելու եւ բնակչության առողջությանը եւ անվտանգությանը սպառնացող վտանգը վերացնելու համար: Բետոնից կառուցված թափոնատարը պետք է ամբողջությամբ փակ լինի, ներկայիս քայքայված եւ բաց վիճակը սպառնում է բանավանի բնակչության անվտանգությանը: Թափոնատարը հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ անցնում է բանավանի տարածքով եւ երեխաները թափոնատարի մերձակայքում խաղալով կարող են անզգուշորեն կամ անգիտակցաբար դժբախտ պատահար առաջ բերել»,- ասում է Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման հ/կ տնօրեն Տիգրան Ստեփանյանը:
Ու մինչ հ/կ-ները զբաղվում են խնդրով, տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում. բանավանի որոշ բնակիչներ հայտարարում են, թե իրենք կոմբինատի ղեկավարությանը չեն դիմել կամ այլ դիմումի տակ են ստորագրել: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ինչ-որ բան այն չէ: Մի բան հստակ է. թափոնատարի ներկա քայքայված վիճակը մեծապես սպառնում է մարդկանց առողջությանը եւ շրջակա միջավայրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել