Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սխալ են բուժել

Մարտ 20,2010 00:00

Ինչի հետեւանքով նա 39 տարի չի կարողանում քայլել

Սուսաննան սովորաբար իր ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորանքներ ընդունելու տրամադրություն չի ունենում: Ուղիղ 39 տարի նա անկողնային պառկած է: Սուսաննան մի օր դպրոցից տուն գնալիս խիստ հոգնում է: Հասնելով տուն, ոտքի վրա նկատում է մի փոքրիկ ուռուցք: Ընտանիքի անդամներն անուշադրության չեն մատնում երեխային, սակայն անգամ ամենահայտնի բժիշկները չեն հասկացել, թե ինչն էր Սուսաննայի հիվանդության բուն պատճառը: Մի քանի ամիս Թբիլիսիի հիվանդանոցում պառկելուց հետո, տեղի առողջապահության նախարարության օժանդակությամբ, նրան տեղափոխել են Եվպատորիա, որտեղ գտնվում էր այն ժամանակների ամենալավ առողջարաններից մեկը: Սուսաննան Եվպատորիա մեկնելիս դեռ քայլել է. «Երբ առաջին անգամ ներս մտա առողջարան, ես ուղղակի ապշահար նայում էի պատերը բռնելով հազիվ քայլող երեխաներին, եւ արցունքները գլորվում էին աչքերիցս: Ինքս ինձ հարց էի տալիս՝ Աստված իմ, ի՞նչ գործ ունեմ այստեղ»:
Սուսաննայի հիվանդության պատճառը Եվպատորիայում էլ չհասկացան եւ սխալ բուժում արեցին: Ինչպես պարզվել է հետագայում, Սուսաննային ընդհանրապես չէր կարելի ջուրը մտնել: Սակայն բժիշկները նրան հենց «վաննաներ» են նշանակել: «Ես զգում էի, որ ամեն անգամ «վաննա» ընդունելուց հետո ոտքերս ու ձեռքերս ավելի էին կծկվում, դժվարանում էի քայլել: Սակայն ձայն չէի հանում, մտածում էի՝ ինչպե՞ս կարող է բժիշկը ինձ սխալ բուժել»: Ինը ամիս հետո Սուսաննայի ծնողները վերադառնում են նրա հետեւից եւ տեսնում, որ աղջիկն անճանաչելի է: Բուժող բժիշկը գիտակցելով, որ մեծ սխալ է թույլ տվել, ծնողներից ներողություն է խնդրում, բայց երեխայի վիճակը դրանից չի փոխվում: «Նրա խոսքերը մինչեւ հիմա չեմ մոռանում, նա անընդհատ կրկնում էր՝ ես ինչպե՞ս կարողացա այդ օրը գցել այս խեղճ երեխային,- ասաց Սուսաննայի հայրը:- Այն երեխաները, որոնց սկզբում ես էի ապշահար նայում, արդեն իրենք էին զարմացած եւ լացելով ճանապարհում ինձ»: Սուսաննայի հույսը չէր մարում այնքան ժամանակ, մինչեւ որ լիովին տեղեկություններ հավաքեց իր հիվանդության մասին՝ հասկացավ, որ բուժում չկա, ուղակի հնարավորություն կա օրըստօրե ուժգնացող ցավերը մեղմելու:
«Թեեւ անկողնում, բայց, միեւնույն է, պետք է սովորեմ»,- ինքն իրեն խոստանում է Սուսաննան եւ գերազանց ավարտում է Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ դպրոցը: Չնայած նրա վիճակին, բժշկական համալսարանի ուսանողները, ինչպես ինքն է պատմում, պրակտիկայի ժամանակ հաճախ էին սիրահարվում նրան, գովաբանում նրա գեղեցկությունը. «Այդ ամենը սկզբում ինձ կաշկանդում էր, բայց հետագայում հասկացա, որ ես նույնպես սովորական մարդ եմ՝ ընդունակ ու բարետես: Ճիշտ է, սկզբում խուսափում էի մարդկանց խղճմտանքով լի հայացքներից, բայց հետո հաշտվեցի»:Սուսաննան զբաղվում է ձեռագործությամբ, մոտ 300 գրքից բաղկացած գրադարան ունի: Սուսաննան միշտ շրջապատված է հարազատներով: Ընտանիքի անդամները ընտանեկան հարցերի ու քննարկումների ժամանակ միշտ հարցնում են նրա կարծիքը: 49-ամյա Սուսաննան արդեն վաղուց համակերպվել է իր կարգավիճակի հետ եւ վարում է ակտիվ կյանք: Նա միշտ գտնվում է նորությունների կիզակետում, տեղյակ է թե՛ քաղաքական եւ թե՛ մշակութային իրադարձություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել