Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն ՔԱՇՔՇՈՒՄ Է, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՌՈՒՄ

Մարտ 20,2010 00:00

Անգամ վթարային շենքերն են ափսոսում տրամադրել      գյումրեցի անօթեւաններին

\"\"

Այն, որ Գյումրիում անօթեւանները պաշտպանված չեն, եւ տեղի իշխանությունները աչքը տեսած հողակտորը աճուրդ-վաճառքի են հանում, բնակարանազուրկ մարդկանց էլ ստիպում 20 տարվա փտած տնակները վերցնել ու սեփականաշնորհված տարածքից հեռանալ, սա, կարելի է ասել, առօրյա մի գործընթաց է դարձել: Արտասովորը, թերեւս, փլուզված, 4-րդ կարգի վթարային շենքում բնակվող անօթեւանի հետեւից ընկնելն է:
Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող թիվ 2 հանրակացարանը հանրապետությանը հայտնի է իր պարբերական փլուզումներով: Սակայն այն գրավել է շատերի  ուշադրությունը: Ի տարբերություն շատերի, որոնք լքել են այս շենքը, Գեւորգ եւ Սաթենիկ Գեւորգյանները գնալու տեղ չունեն: Նրանց 4 հոգանոց ընտանիքը, Տեքստիլի ղեկավարության որոշմամբ, 13 տարի բնակվում է հանրակացարանի կինոդահլիճում, որի մուտքը շենքի կառուցման օրվանից առանձին է եղել՝ աստիճանավանդակներով:
Այժմ ԴԱՀԿ-ն քանդում է աստիճանները՝ ընտանիքին ստիպելով նոր մուտք բացել ընդհանուր մուտքից: «Պատկերացնո՞ւմ եք,  ուզում են այնպես անել, որ այս կառույցը միանգամից փլվի: Վախենում ես էստեղ մի մեխ խփել, ուր մնաց մուտք փոխես: Սա ոչ այլ ինչ է, քան ինձ զրկել ելումուտի ու բնակության իրավունքից: Ասում եմ՝ օդո՞վ ճանապարհորդեմ, պատասխանում են՝ թեկուզ օդով»,- դժգոհեց Գ. Հարությունյանը: Բանն այն է, որ «Գյումրիի Տեքստիլ» ԲԲ ընկերության սնանկության գծով կառավարիչ Կամո Մկրտչյանը դատի է տվել Գ. Հարությունյանին՝ պահանջելով ազատել աստիճանավանդակին հարակից 113,19 քմ տարածքն ու դրա վրա բնակչի կողմից կառուցված 66,6 քմ պահեստարանը: Դատը շահել է, այժմ էլ ԴԱՀԿ-ն իր գործողությունները սկսել է աստիճանավանդակը քանդելուց: «Ես այդ տարածքը ինձ պատկանող գույքից ազատել եմ: Առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկուշ Միքայելյանի վճռի համաձայն, այն պարտավորվում եմ ազատել միայն ես, կոնկրետ իմ անունն է գրված, այստեղ խոսք չկա իմ ընտանիքի մյուս անդամների մասին, իսկ իրենք համասեփականատեր չեն, այնպես որ, դատարանի վճիռը նրանց վերաբերել չի կարող: Բացի այդ, վճռում կես բառ անգամ չկա աստիճանավանդակն ազատելու վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ինձ խորհուրդ տվեց հողատարածքի, աստիճանավանդակի մասին հարցում կատարել դատավորին, ես հարցում կատարեցի, բայց ստացա պատասխան, որ դատարանին պաշտոնական հարցում պետք է կատարի ԴԱՀԿ-ն: Սակայն մինչ օրս չեն կատարել: Ամեն օր 20 հոգով լցվում են գոռգոռալով, աղջիկներիս քաշքշելով, եռակցման սարքը ոտքերի վրա պահելով, թեւերը բռնելով՝ փորձում են աստիճանավանդակը քանդել: Վերջը էս երկրում մեկը պիտի՞ լինի, որ հասկացնի, թե որտեղի՞ց ելումուտ անի 2-րդ հարկում բնակվող իմ ընտանիքը»,- ասաց տանտերը: Նրա կնոջ՝ Սաթենիկ Գեւորգյանի դժգոհելով էլ, դատավոր Միքայելյանն իրենց զրկել է դատարանում որեւէ բառ արտաբերելու իրավունքից, հիմա էլ՝ իր վճռով իրենց կրակն է գցել:
«Գյումրիի Տեքստիլ» ԲԲ ընկերության կառավարիչ Կամո Մկրտչյանը ընտանիքին պարզաբանել է, որ աստիճանավանդակին կից հողատարածքը արդեն սեփականատեր ունի, այն պատկանում է վարչական դատարանի աշխատակից Գարիկ Մկրտչյանին, բայց երբ ընտանիքը նրանից պահանջել է ցույց տալ սեփականության իրավունքը, նա խուսափել է: Սաթենիկ Գեւորգյանի պնդմամբ էլ, այդ հողակտորը ոչ թե «Տեքստիլի», այլ համայնքային սեփականություն է: Նրանց ձեռքի տակ կա «Տեքստիլին» պատկանող տարածքի ուրվանկարը՝ քաղաքապետ Ղուկասյանի ստորագրությամբ, ըստ որի՝ վիճելի համարվող տարածքը համայնքապատկան է: Ըստ Սաթենիկ Գեւորգյանի, նույնն է փաստել նաեւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ իր հետ հանդիպման ժամանակ: Գեւորգյանների ենթադրելով, հողատարածքը կենտրոնական վայրում է, ախորժալի, դրա պատճառով էլ հազար հոգի կռիվ են տալիս. «Թող ինձ տուն տան գնամ՝ ոտքով-գլխով իրենցը լինի»:
Նշենք, որ նրանք ԴԱՀԿ-ի բռնությունների դեմ բողոքել են ոստիկանությանը: Սակայն, ընտանիքի անդամների պատմելով, իրենց հարեւանությամբ գտնվող ոստիկանները հրաժարվել են հայտարարություն ընդունել, կախել են հեռախոսը, եւ սա այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց ավագ դուստրը զանգել է ոստիկանություն ու խնդրել միջամտել: Մենք այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ խնդրեցինք Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բիչախչյանից: Պաշտոնյան փոխանցեց, որ ընտանիքի բողոքը իրականությանը չի համապատասխանում: «Հարությունյանները, ոստիկանությունից բացի, դիմել են նաեւ դատախազություն, ես ինչո՞ւ չպիտի գրանցեի նրանց բողոքը, մենք ճիշտ ժամին գրանցել ենք, հիմա գործը քննվում է, ընթացքի մեջ է»,- ասաց ոստիկանապետը: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնից: Սակայն պարզվեց, որ մայրաքաղաքային գործընկերները նրանց զրկել են ձայնի իրավունքից. մեզ խորհուրդ տվեցին պարզաբանումների համար դիմել մայրաքաղաքում գտնվող ԴԱՀԿ ծառայության լրատվության բաժին: Եվ ոչ պաշտոնական փոխանցեցին, որ քննչականը կորոշի՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները բռնություն կիրառե՞լ են, թե՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել