Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեպի կատաստրոֆա

Մարտ 20,2010 00:00

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, հակառակ Ազգային վիճակագրական ծառայության՝ տարեսկզբին արձանագրած ՀՆԱ-ի 2,4% աճին, առաջին ամիսներին տնտեսության անկում է եղել: Երեկվա ասուլիսում տնտեսագետը նաեւ կանխատեսեց, որ Հայաստանում 2012-ին մեկնարկելու է կատաստրոֆիկ շրջան. «Վերցված են հիմար, անհեռատես պարտքեր, հատկապես ռուսական 500 միլիոնը, մինչեւ հիմա պարտքերի տոկոսը գնում է, բայց վարկերի կեսը նույնիսկ չեն կարողացել օգտագործել: 2013-ին իրավիճակն ավելի կվատթարանա, միայն բյուջեում առնվազն 500 միլիոն դոլար պետք կլինի, որ վճարեն պարտքը, եթե ավելի հասկանալի լինի, ասեմ, որ նախորդ տարի 75 միլիոն էր, ուրեմն 75-ը ինչպե՞ս պետք է դառնա 500»:
Տնտեսագետի խոսքերով, տնտեսական սխալ քաղաքականության մեկ այլ դրսեւորումն էլ էլիտար բնակարանային շինարարությանը զարկ տալն էր. «Մի տեսակ մոդա է դարձել, դա էլ Քոչարյանի նվերն էր Հայաստանին, 3 միլիարդի էլիտար շենքեր, որի տակից չենք կարողանում դուրս գալ, այսինքն՝ այդ ապրանքը սպառում չունի, գինն էլ չեն իջեցնում, որ գոնե էժան գներով տան, պրծնեն»: Պարոն Բագրատյանին հատկապես զարմացնում են կառավարության քայլերը. «Շատ վատ կառավարություն լինելով հանդերձ էլ՝ կարելի էր ավելի նորմալ քայլեր անել, իմ կարծիքով, գնաճը մեծ հավանականություն ունի լինել ավելի քան երկնիշ թիվ, գուցե հաջողվի մի փոքր զսպել այն. իմ խորին համոզմամբ, կարճ ժամկետում խնդիրը կխորանա, միջին ժամկետում, եթե փող գտնեն՝ կարող է մի փոքր կայունացնեն վիճակը, իսկ երկարաժամկետում Հայաստանը դեռեւս 2-4 տարի խարխափելու է բացասական տնտեսական միտումներում»: Տնտեսագետի խոսքերով, նախորդ տարվա տնտեսական անկումը իրականում ոչ թե 14, այլ 22% է կազմել. «Վերջին հաշվով, երկրի ՀՆԱ-ն 11 միլիարդ 916 միլիոնից իջել է 8 միլիարդ 760 միլիոնի: Իմ կարծիքով, եթե այս տարի հիմարություններ չանեն, օրինակ, եթե հանկարծ, բարեբախտաբար, կառավարությունը որոշի ամբողջ տարին աշխատանքի չգնալ, տարեվերջին հնարավոր կլինի գոնե զրոյական անկմամբ բավարարվել, անկում անելու բան էլ չկա, նախորդ տարի այն ահռելի է եղել»:
Պարոն Բագրատյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի տնտեսական ծրագրին, ասաց, որ այն «լոլոներ» չէ, այլ հստակ 100 քայլից բաղկացած երրորդ սերնդի բարեփոխումների համալիր ծրագիր: Տնտեսագետի ներկայացմամբ, ծրագրի կարեւոր դրույթներից մեկն էլ տնտեսության գերկենտրոնացվածությունը հաղթահարելն է, նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը 10 հոգու ձեռքում է. «Այսինքն, մի մասը՝ կրիմինալ անցյալ ունեցող անձանց, մյուս մասն էլ իշխանության ձեռքում»:
Նախկին վարչապետի նկարագրած «ֆիլմ-սարսափի» մեջ ամենասարսափելի հատվածը վերջաբանն էր. «Ես ձեզ ասեմ՝ ինչով կավարտվի այս ամենը: Այս ամենը կավարտվի նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին կնշանակեն վարչապետ, որ ընդհանրապես Հայաստանի վերջը կլինի արդեն: Նախագահը դեռ տարբերակ ունի թույլ չտալու, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության: Բոլորի վերջ կգա այդ մարդու գալով: Իսկ դրա միակ ձեւը նոր խորհրդարանական ընտրություններն են, նոր նախագահական ընտրությունները: Չգիտեմ ինչ հերթականությամբ, բայց դա որոշակի շանս է: Նախագահը պետք է հասկանա, որ իր տնտեսական թիմում մարդ չկա: Չեմ ասում բոլորը զրո են, բայց անհրաժեշտ քանակի պոտենցիալ չկա»: Ըստ պարոն Բագրատյանի՝ գործընթացներում նոր մարդկանց ներգրավելու միակ տարբերակը ընտրությունն է, որովհետեւ այս պահին Սերժ Սարգսյանը հնարավորություն չունի պայքարելու խոշոր «շնաձկների» դեմ. «Եթե նույնիսկ նա ուզենա պայքարել՝ չի կարող, որովհետեւ քաղաքականապես դրա վրա է նստած: Միակ ձեւը նոր ընտրություններն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել