Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱ ԵԿԱՆ

Մարտ 20,2010 00:00

\"\"Վարդան Այգեկցու առակներից մեկում առյուծը, գայլն ու աղվեսը որսում են մի խոյ, մի ոչխար եւ մի գառ: Առյուծն ասում է գայլին՝ բաժանիր որսը: Գայլն ասում է. «Աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ եւ գառն աղվեսին»: Առյուծն այնպես է հարվածում գայլին, որ աչքերը դուրս են թռչում: Ապա դառնում է աղվեսին՝ բաժանիր որսը: Աղվեսն ասում է. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ նախաճաշին, մաքին քեզ՝ ճաշին եւ գառը՝ ընթրիքին»: Առյուծի հարցին՝ քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել, աղվեսը պատասխանում է. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկվա նիստում կայացրած որոշմամբ դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցրել է վարույթը, որը հարուցվել էր նոյեմբերին՝ հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:
Այս տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ ՏՄՊՊՀ նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ մեկ ամիս առաջ տված հրաժարականը կապում էին հենց այս՝ դեղորայքի շուկայում գործող ընկերությունների սրտի նուրբ լարերին, այսինքն՝ գրպաններին, աննրբանկատորեն կպնելու հետ:
Որպեսզի պատկերը հստակ լինի, մի փոքրիկ պատմական էքսկուրս կատարենք: Եվ այսպես, նախագահի 2009թ. հոկտեմբերի 23-ի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով: Նոյեմբերի 17-ին ՏՄՊՊՀ-ն վարույթ հարուցեց դեղորայքի շուկայի թվով 19 սուբյեկտների դեմ՝ որոշ դեղամիջոցների գների բարձրացման եւ դեֆիցիտի առնչությամբ:
Վարույթը հարուցելուց մոտ մեկ ամիս անց՝ 2009թ. դեկտեմբերի 21-ին, ՏՄՊՊՀ-ն որոշեց, որ թվով 7 ընկերություն հակամրցակցային համաձայնության է եկել. «Վարույթի նյութերը հիմնավորել են, որ ուսումնասիրված դեղերի՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռք բերման գների անփոփոխ մնալու կամ ոչ զգալի փոփոխության պարագայում, զգալիորեն, ոչ համարժեք եւ միեւնույն ժամանակահատվածում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին բարձրացվել են իրացման գները: Տնտեսվարողների այս վարքագիծը, որը ուղղակի կամ անուղղակի հանգեցնում կամ կարող է հանգեցնել որեւէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, հակամրցակցային համաձայնություն է: ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային համաձայնության եւ մրցակցության սահմանափակման համար վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրին տուգանեց յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (բայց յուրաքանչյուրին ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով)»:  Տուգանքի չափը կազմում էր «ՎագաՖարմի» դեպքում՝ ավելի քան 40 միլիոն դրամ, «ԱրգոՖարմ»՝ մոտ 21.5 միլիոն դրամ, «Էսկուլապ»՝ ավելի քան 35.5 միլիոն դրամ, «Ամիկուս»՝ 18.4 միլիոն դրամ, «Նատալի  Ֆարմ»՝ ավելի քան 187 միլիոն դրամ, «ԱլֆաՖարմ»՝ ավելի քան 113 միլիոն դրամ, «Արֆարմացիա»՝ ավելի քան 40.5 միլիոն դրամ:
Ընկերություններն արագ արձագանքեցին այս որոշմանը: Դեկտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսում «ՎագաՖարմի» հիմնադիր Վահե Վարսանյանն ասել էր. «Այս քայլը հանձնաժողովի կողմից պետական քիլլերություն է»: Իսկ հարցին՝ չե՞ն պատրաստվում շտկել խախտումը եւ վերանայել դեղորայքի գինը, ինչպես պահանջել է հանձնաժողովը, Վ. Վարսանյանը պատասխանել էր. «Ամեն մի պաշտոնյայի անպատասխանատու հայտարարություններին պետք չի ուշադրություն դարձնել»:
Այդ ասուլիսից հետո «Առավոտի» թղթակիցը դիմել էր ՏՄՊՊՀ հանձնաժողովին հարցով՝ ճի՞շտ է, որ տնտեսվարողների հանդեպ տուգանքը կիրառվել է առանց հիմնավոր փաստերի, հանձնաժողովից պարզաբանել էին. «Ի թիվս այլ փաստաթղթային ապացույցների, փաստացի ապացույց են նաեւ դեղերի գները: Եթե որեւէ տնտեսվարող կասկած ունի, ապա կարող է հարցնել դեղ օգտագործող ցանկացած քաղաքացու» («Առավոտ», «Դեղորայքի գնաճը բավարար ապացույց չէ՞», 26.12.2009):
Մոտ մեկ ամիս հետո՝ 2010-ի փետրվարի 1-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացած նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով՝ Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար: Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին:
Այս որոշումից օրեր անց՝ փետրվարի 19-ին, կայացավ ՏՄՊՊՀ հերթական նիստը, որի մասին Հանձնաժողովի կայքէջից տեղեկանում ենք. «Հանձնաժողովն այսօր քննարկել եւ մերժել է դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանքի ենթարկված «ՎագաՖարմ» ընկերության վարչական բողոքը՝ որոշումն ընկերության մասով չեղյալ համարելու վերաբերյալ: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, հակամրցակցային համաձայնությունը կայացել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ դրսեւորվել է սիրտ-անոթային, հակավիրուսային եւ շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գների՝ որոշակի ժամանակահատվածում, տնտեսական որեւէ գործոնով չհիմնավորված բարձրացմամբ: «ՎագաՖարմը» հակամրցակցային համաձայնության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որի տուգանքի չափը կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ (ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, ինչպես նախատեսված է օրենքով): Ընկերության՝ վարչական բողոքում նշված հակափաստարկներն անհիմն համարելով՝ Հանձնաժողովը մերժեց այն, տուգանքի որոշումը թողնելով անփոփոխ: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ կարճվել է նույն հակամրցակցային համաձայնության համար տուգանված «ԱլֆաՖարմ» ընկերության (տուգանքի չափը՝ ավելի քան 113 միլիոն դրամ) վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթը, քանի որ ընկերությունն ակտը (Հանձնաժողովի որոշումը) միաժամանակ բողոքարկել է թե Հանձնաժողովին, թե դատարան: Այդպիսի դեպքերում վարչական մարմնում ակտը ենթակա է կարճման եւ քննության ենթակա՝ դատարանում»:
Այս նիստից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 25-ին, ՏՄՊՊՀ նախագահ Դավիթ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել՝ իբր այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Սակայն առ այսօր՝ մոտ մեկ ամիս անց, պարոն Հարությունյանի նոր պաշտոնի մասին որեւէ տեղեկություն չկա: Երբ նրա դիմումի մասին տեղեկությունը տարածվեց, բոլորը միաբերան դա կապեցին հենց դեղերի շուկայի «շնաձկների» դեմ նրա պայքարով: Որոշ ասեկոսեների համաձայն՝ Դ. Հարությունյանին ահաբեկել էին, այլոք պնդում էին, թե վարչապետն է անձամբ նրա «ոտքի տակը փորել», քանի որ դեղ ներկրողներից ոմանց հետ շատ «քիփ» էր՝ քավոր-սանիկ-ախպերական հարաբերությունների մեջ, իսկ այդ քմահաճ հանձնաժողովն անդրդվելի էր…
Եվ եթե նույնիսկ պարոն Հարությունյանի հրաժարականը ոչ մի խորհրդավոր հիմքեր էլ չուներ, ապա ՏՄՊՊՀ-ի երեկվա որոշումը  ուղղակի ճչում է, թե ինչ է եղել իրականում:
Մնում է միայն, որ այն յոթ ընկերություններին էլ տուժված ճանաչեն, ներողություն խնդրեն եւ տուգանված գումարներն էլ ետ վերադարձնեն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել