Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ-ն սկսեց եւ հետաձգեց դատական նիստը

Մարտ 20,2010 00:00

Իսկ ՍԴ-ին դիմել էր քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում վերսկսվեց ՀՀՇ վարչության անդամ, 2008թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի պետ, նկարիչ Աշոտ Մանուկյանի հայցի քննարկումը: Հիշեցնենք, որ նա բացառապես երկու ոստիկանի ցուցմունքների հիման վրա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»: Նա ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին:
2009թ. դեկտեմբերի 18-ին նրա ներկայացուցիչները դիմում էին ներկայացրել ՍԴ-ին, որով վիճարկում էին Ա. Մանուկյանի նկատմամբ կիրառված նորմի՝ ՀՀ Քրեադատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սահմանադրականությունը: «Այդ հոդվածը թույլ է տալիս դատախազին դատարանին միջնորդություն ներկայացնել քննչական գործողություններ կատարելու համար գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ: Ա. Մանուկյանի դեպքում այդպիսի միջնորդություն արվել էր, գործը վերադարձվել էր նախաքննական մարմին՝ դրա ծավալը փոխելու՝ մեղադրանքը վերաորակավորելու համար, ինչպես մեղմացնելու, այնպես էլ խստացնելու ուղղությամբ: Ենթադրվում էր, որ կատարվելու էին քննչական գործողություններ, որոնց արդյունքում պետք է ձեռք բերվեին ապացույցներ, որոնք դրվելու էին մեղադրանքի ծավալի փոփոխության հիմքում: Մենք կարծում ենք, որ այդ նորմով խախտվում է դատավարության կողմերի հավասարության, արդար դատավարության սկզբունքը»,- մեզ հետ զրույցում ՍԴ ներկայացված դիմումի էությունն այսպես բացատրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ա. Մանուկյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Նրա ասելով, քննչական հիշյալ գործողությունների արդյունքում նախաքննական մարմինը, իբր, «ձեռք էր բերել» ապացույց, որն իրականում ավելի վաղ էր ձեռք բերված եղել, որի համաձայն, ոստիկաններից մեկը թերթերից մեկում տեսել եւ ճանաչել էր Ա. Մանուկյանին՝ որպես իր վաշտից մեկ այլ ոստիկանի նկատմամբ 2008թ. մարտի 1-ին բռնություն գործադրած անձի: Դրա հիման վրա Ա. Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել էր՝ խստացման ուղղությամբ: Եթե մինչ այդ նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով, ապա դրանից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածի 2-րդ մասով, որը ավելի խիստ պատիժ էր նախատեսում, եւ որի վրա հայտարարված համաներումն էլ չէր տարածվում:
«Այս գործում մի առանձնահատկություն էլ կար. գործը մտել էր դատարան այն դեպքում, երբ գործով՝ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի դեպքում բացակայում էր տուժողը՝ ոստիկանը, որի նկատմամբ Ա. Մանուկյանը պետք է որ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրած լիներ: Եթե չկար տուժող՝ նշանակում էր, որ չկար այն մարդը, ում նկատմամբ նա բռնություն էր գործադրել: Որպեսզի այդ մեղադրանքը «փրկվի», նման սցենար խաղարկվեց, եւ հայտնվեց «տուժող» ոստիկանը: Դատական մյուս ատյաններում, որտեղ բողոքարկվել էր ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ա. Մանուկյանի նկատմամբ կայացված վճիռը, մնացել էր անփոփոխ: Դատարանները, այդ թվում՝ Վճռաբեկը, նյութական եւ դատավարական իրավունքի խախտում «չէին տեսել»,- արձանագրեց Ա. Զեյնալյանը: Նրա ասելով, հիմա իրենք դիմել են ՍԴ-ին՝ խնդրելով Սահմանադրությանը՝ արդար դատաքննություն երաշխավորող 18 եւ 19 հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել Ա. Մանուկյանի նկատմամբ դատարանի կողմից կիրառված նորմը:
Երեկ, սակայն, ՍԴ-ն դատական նիստը շատ արագ բացված հայտարարեց, հետո հայտարարվեց, թե պատասխանող կողմը նախօրեին ներկայացրել է առարկող-պարզաբանող նյութեր, որոնց ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր, ու դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 2-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել