2008 թվականից ի վեր մարտ ամիսը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «մեր վրա չի գալիս»
Հայաստանցիներն արդեն մի քանի օր է՝ «դեժա վյու» են ապրում: Այս մարտին տեղի ունեցավ այն, ինչ անցյալ տարի շատերը որակել էին որպես «սեւ երեքշաբթի»: Խոսքն, անշուշտ, դրամի արժեզրկման եւ զուգահեռաբար նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ շաքարավազի, ձեթի, ալյուրի եւ այլնի գների կտրուկ աճն է, եւ դրանից անպակաս խուճապային այն իրավիճակը, երբ խանութներում հերթեր են, իսկ բանկերում կամ տարադրամի փոխանակման կետերում դոլար չի վաճառվում կամ վաճառվում է մեկ դոլարը մինչեւ 415, իսկ «սեւ շուկայում» նաեւ՝ 420 դրամով:
Թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ հերթական անգամ, եւ թե ինչով է պայմանավորված գների աճն ու դրամի արժեզրկումն այս անգամ, որքանով է այն կապված գազի կամ ջրի սակագների բարձրացման հետ՝ փորձեցինք պարզել տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանից: Վերջինս նախ՝ նկատեց, թե սա արդյունք է այն բանի, որ հայրենի իշխանություններն այդպես էլ լրջորեն չվերաբերվեցին ճգնաժամին, չկարողացան գնահատել դրա ազդեցությունն ու հնարավոր հետեւանքները մեր տնտեսության համար: Հակառակ դեպքում՝ նրանք կկարողանային ժամանակին հասկանալ, որ ճգնաժամը դեռ հաղթահարված չէ, ինչպես պնդում էր էկոնոմիկայի նախարար Երիցյանը, որ դրա հետեւանքները դեռ շարունակելու են ի հայտ գալ, առավել եւս, որ միջազգային տարբեր կառույցների եզրակացությունների համաձայն, նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ռուսաստանն ու եվրոպական պետությունները դա հասկանում էին, եւ նույնիսկ նրանք էին շարունակում միջոցներ ձեռնարկել դրա հետեւանքները մեղմացնելու համար: «Ցավոք, մեր երկրում, բացի «դրսից» փող մուրալու գաղափարից, որեւէ այլ, նոր գաղափար չծնվեց: Տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում, դեռ 2009-ին, բացի այն, որ միջազգային ֆինանսական կառույցներից եւ այլ երկրներից ստացած գումարները մսխեցին՝ դրանք ներդնելով շինարարության մեջ, մեր իշխանություններն այլ քայլեր չարեցին: Նրանք առաջին հերթին պետք է փորձեին տնտեսության մեջ գոնե մրցակցության աստիճանը բարձրացնել, որը չարեցին եւ չեն անի, կոռուպցիայի մակարդակն իջեցնել, որը եւս չարեցին եւ չեն անի, որպեսզի կարողանային ազգաբնակչության գործազրկության եւ եկամուտների բարձրացման հարցը լուծել: Ըստ էության, իշխանությունները ճգնաժամի պայմաններում ընդամենը վարկեր ստանալու խնդիր են լուծել, որի վերաբերյալ ամենատարբեր մակարդակներում հիացական արտահայտություններ էին անում՝ թե այս կամ այն կառույցից ու երկրից այսքան վարկ ստացան՝ իբր, լավ բան են արել: Դրա արդյունքում մեր արտաքին պարտքը աճեց՝ դառնալով մոտ 50 տոկոս: Սա այն դեպքում, երբ միջազգային կազմակերպությունների վարկային քաղաքականության նպատակն այլ էր՝ օգնել թույլ զարգացած երկրներին ճգնաժամն ավելի թեթեւ տանելու համար, մեզ նման երկրներում թուլացնելու կանխատեսվող սոցիալական լարվածությունը: Այդ միջոցները պետք է ուղղվեին բյուջեի դեֆիցիտի փակմանը, Հայաստանի միջազգային պահուստային ֆոնդի համալրմանը, փոքր եւ միջին բիզնեսին աջակցելուն, հիփոթեքային վարկավորմանը, բայց պարզվեց, որ այդ գումարներն անարդյունավետ օգտագործվեցին, որովհետեւ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի համար պայմաններն են ընդհանրապես վերացվել, նրանց նկատմամբ հարկային տեռորը նոր թափ է ստացել, ու փոխարենը առավել լավ պայմաններ են ստեղծվել բացառապես միայն խոշոր բիզնեսի համար:
Այս պայմաններում, բնականաբար, իրավիճակը հանգեցնելու էր գնաճին, դրամի արժեզրկմանը, մանավանդ, որ Հայաստանի տնտեսությունը կախված է մեծ մասամբ դրսից եկող փողերից՝ տրանսֆերտներից»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը:
Նա այսօր տիրող իրականության համար մեղադրեց մասնավորապես նաեւ կառավարությանն ու ԿԲ-ին՝ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Խաչատրյանի ասելով, դա է ապացուցում այն փաստը, որ ԿԲ-ն, իր վերլուծությունների համաձայն, դեռ դեկտեմբերին էր հունվար-փետրվարին գնաճի միտումներ նկատել: «Հունվարին գրանցվեց տարվա կտրվածքով ավելի քան 7 տոկոսի գնաճ, ինչն արդեն լուրջ ահազանգ էր, որ տնտեսության մեջ ինչ-որ անհասկանալի երեւույթներ են կատարվում: Պետք էր գտնել դրա պատճառը: Բայց ԿԲ-ն, որպեսզի դրան արագ ահազանգի, էլի իր լծակներն օգտագործեց՝ վերաֆինանսավորման տոկոս բարձրացրեց, փողի բազա կրճատեց, կանխիկ դրամի բավականին մեծ քանակություն կրճատեց՝ մոտ 45-50 մլրդ-ի չափով, որպեսզի կարողանա գնաճի անկում ապահովել: Ինչ-որ տեղ դա նրան հաջողվեց, բայց ԿԲ-ի ցածր պրոֆեսիոնալիզմը երեւաց այնտեղ, երբ նրանց՝ հետագա ամիսներին գնանկում կանխատեսելու փոխարեն՝ տեղի ունեցավ հակառակը: Սա այն դեպքում, երբ դեռ այն ժամանակ բոլորը գիտեին, որ «ՀայՌուսգազարդը» ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը եւս բարձրանալու է, եւ այդ պայմաններում խոսել գնաճի զսպման մասին, մեղմ ասած, արդեն լուրջ չէր: Երկրորդ, իշխանություններն այնքան չէին տիրապետում իրավիճակին, որ չէին էլ պատկերացնում, որ իրականում մարտի սկզբին դրամը կարող էր սկսել միանգամից արժեզրկվել»,- փաստեց մեր զրուցակիցը:
Այդուհանդերձ, ինչի՞ հետեւանք է դրամի արժեզրկումը: Վ. Խաչատրյանի ասելով, դրա պատճառներից մեկը կարող էր լինել տրանսֆերտների անկումը, բայց դրա ծավալները էապես չեն փոխվել, մեր տնտեսության լոկոմոտիվը հանդիսացող եւ երկնիշ աճ ապահովող շինարարության կրճատումը, թեեւ այդ ոլորտում էլ ներդրումները էապես չեն կրճատվել, արտահանմանը միտված տնտեսություն էլ չկա, որպեսզի դոլարի ավելցուկ առաջանար, բայց պարզվում է՝ ինչ-որ մի տեղ դոլարի պահանջարկ է ավելացել: Դրամի արժեզրկման պատճառ կարող էր լինել նաեւ ներմուծողների կողմից դոլարի նկատմամբ պահանջարկը, բայց ազգաբնակչության եկամուտներն էլ չեն ավելացել, ուստիեւ՝ սպառման պահանջարկը չի ավելացել: «Ուրեմն պետք է եզրակացնել, որ դրամի արժեզրկման պատճառը Հայաստանից կապիտալի արտահոսքն է: Սա շատ ավելի լուրջ է, առավել եւս, որովհետեւ այդպիսի տվյալները մեր իշխանությունները խիստ գաղտնի են պահում»,- եզրակացրեց ընդդիմության ներկայացուցիչը:
Այսինքն՝ պետք է ենթադրել, որ մեծ փող ունեցողները դրանք երկրից դուրս են բերում եւ տեղափոխում կամ ներդնում են արտերկրո՞ւմ: «Այդպիսի տեղեկություններ էլ կան: Միգուցե, նաեւ դա է պատճառը, որ իշխանությունները, կառավարությունը չեն կարողանում կառավարել այս իրավիճակը»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: Նա փաստեց, որ միայն այս տարի ԿԲ-ն, ըստ ամենայնի՝ հենց դրամի կուրսը պահելու համար արդեն 140 մլն դոլար է ծախսել, նույն նպատակով դրամի կտրուկ արժեզրկումը եւ խուճապային իրավիճակը մեղմելու համար եւս 20,8 մլն դոլար ծախսեց մարտի 18-ին եւ դարձյալ՝ միջազգային պահուստային ֆոնդից: Նրա մատուցմամբ, եթե ԿԲ-ն նախօրեին չմիջամտեր եւ դրամի արագ արժեզրկումը արհեստականորեն չզսպեր, դոլարի կուրսն այսօր ավելի բարձր կլիներ: «Բայց չեմ կարծում, թե դա երկար կտեւի, որովհետեւ տնտեսության վիճակն այնպիսին է, որ այսօր երկրում դոլարի պահանջարկ կա»,- թերահավատորեն ասաց Վ. Խաչատրյանը: Նա չբացառեց, որ իրականում բնակչությունը դոլարի այդքան պահանջարկ չունի էլ, «բայց իշխանության նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, ավելին՝ այնքան մոտ զրոյին, նաեւ իշխանությունների քաղաքական, տնտեսական քաղաքականության արդյունքում ընդհանուր մթնոլորտն է այնպիսին, որ հասարակության շրջանում անհուսալի խուճապը շատ արագ տարածվում է, եւ համապատասխան մարմինները չեն էլ կարողանում դրա դեմն առնել: Վստահություն չկա, չկա պետական այն մարմինը, որի խոսքին մեր հասարակությունը հավատա»: Նրա ասելով, դրամի հետագա արժեզրկման միտումները հստակ երեւում են, որովհետեւ տնտեսություն, որպես այդպիսին, գոյություն չունի: «Մեր երկրում իրականում շուկայական, մրցակցային տնտեսություն չկա. ամեն ինչ որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, այդ թվում՝ ստվերային բյուջե համալրող ապրանքների գների սահմանումը: Իշխանությունը լուծում է գերշահույթներ ապահովելու եւ ոչ թե տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդիր»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը: