Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Մարտ 20,2010 00:00

Մարտի 19–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույցի, ապա՝ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա խնդիրները քննարկել Երեւանում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում: Բարձր գնահատելով Արթուր Բաղդասարյանի ներդրումը ՀԱՊԿ-ի զարգացման գործում՝ Նիկոլայ Բորդյուժան Արթուր Բաղդասարյանին է հանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության որոշմամբ նրան շնորհված մեդալը: Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում. «Համատեղ լուծման ենթակա խնդիրները բազմաթիվ են, այս տարի ուշադրություն ենք դարձնելու ռազմաարդյունաբերության եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացմանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակում»: Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ «նոր հիմքերի վրա կդրվի համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում: Բավական արդյունավետ է համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, իրականացվում են «Պրոքսի», «Կանալ», «Նելեգալ» միջոցառումները: ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերազինելն էլ կարող է լինել ընթացիկ տարվա կարեւորագույն ձեռքբերումը: Այստեղ ներգրավված են ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության, զինված ուժերի ստորաբաժանումները, եւ շատ կարեւոր է, որ ունենանք ժամանակակից տեխնիկայով, սարքավորումներով ապահովված համապատասխան ստորաբաժանումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել